Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

«Մաքսային միությունում չի կարելի վիճել, Ուկրաինան ձեզ օրինակ» (Տեսանյութ)

Մարտ 18,2014 17:05

Այսօր «Տնտեսություն եւ Գործարարություն» ակումբի շնորհանդեսին, որին հրավիրված էին ԱԺ պատգամավորներ, քաղաքական գործիչներ, տնտեսագետներ, քաղաքագետ Ստեփան Գրիգորյանը նախ ողջունելով նման ակումբի բացումը, նշեց, որ այն անհրաժեշտ է, որպեսզի երկրում առկա մարտահրավերներին արագ արձագանքվի եւ լուծումներ առաջարկվեն:

Եվ որպես օրինակ, պարոն Գրիգորյանը բերեց Մաքսային միությանը Հայաստանի անդամակցելու փաստը. «Ես մի օրինակով ցույց տամ, որ անհրաժեշտ է արագ արձագանքել մարտահրավերներին, որոնք Հայաստանի առաջ են կանգնում: Օրինակ` Մաքսային միությունը, դա լուրջ խնդիր է Հայաստանի համար: Երբ Հայաստանը աշխատում էր Եվրամիության հետ ասոցացման համաձայնագրի շուրջ, ես մասնակցել եմ քննարկումներին,  այնտեղ կա ավանդույթ` ամեն ինչ քննարկել: Հայաստանի կառավարության ներկայացուցիչները սովորեցին վերջին 3-4 տարիների ընթացքում աշխատել չհամաձայնվել. քննարկում էին, առարկում էին: Այսօր նույն մարդիկ աշխատում են Մաքսային միության հետ ու մտածում են, որ այնտեղ կարելի է վիճել, այնտեղ չի կարելի վիճել, Ուկրաինայի դեպքերը ցույց տվեցին: Լուրջ մարտահրավերների առջեւ ենք կանգնած. համակարգ, որտեղ մաքսերը 15% բարձր են, սա նշանակում է, որ համատարած գների բարձրացում է լինելու: Օրինակ, Ղազախստանում գները բարձրացան, հիմա պետք է մտածեն` ինչ անել: Այս մարտահրավերին մենք էլ պետք է պատրաստվենք: Ընդդիմադիրներն էլ ասում էին` չէ ասել Ռուսաստանին դժվար է, այո, դժվար է, բայց չհասկանա՞նք` ինչ է մեզ սպասվում, տվեք մեզ թվեր: Սեպտեմբերին էլ պաշտոնապես ասացին՝ գները չեն բարձրանա, բայց հետո պարզվեց, որ բարձրացան»:

Քննարկման մեր այլ մասնակից՝ «Օրինաց Երկիր» խմբակցության ԱԺ պատգամավոր Մհեր Շահգելդյանն էլ տնտեսության զարգացման տեսակետ հայտնեց. նախ ասաց, որ  Հայաստանին նորարարական մոտեցումներ են անհրաժեշտ, ապա ավելացրեց` «Հայաստանում եւ աշխարհի տարբեր երկրներում տեղի է ունենում հարստության բավականին մեծ կոնցենտրացիա: Այսօր բեւեռացումն ավելի է մեծանում: Այս պայմաններում Հայաստանում  էլ ունենք այս բեւեռացումը, որտեղ մանր ու միջին բիզնեսն իսկապես պաշտպանության կարիքն ունի: Անհրաժեշտ են նորարարական մոտեցումներ, որոնք օդում չմնան, այլ` իրականացվեն: Այդպիսի գաղափարներից կարող է լինել համերաշխ սոցիալական տնտեսության գաղափարը: Այս մոտեցումը իրականացվում է տարբեր երկրներում եւ սոցիալ-տնտեսական զարգացման հիմքերում սա մեծ դեր ունի:

Համերաշխության սոցիալական տնտեսության  գաղափարն այն է, թե  շահույթներ ստանալով ի՞նչ նպատակի է ուղղվում` հարստացմա՞նը, զեխությա՞նը, թե՞ հակառակը` տնտեսության մասնակիցների զարգացմանը»:

 

Պարոն Շահգելդյանի դիտարկումների մանրամասները` տեսանյութում

ՀՅԴ կուսակցության անդամ, տնտեսագետ Արա Նռանյանի խոսքերով էլ`

չի կարող լավ կառավարություն լինել ու վատ գործարար, կամ հակառակը, մեկը մյուսից է բխում: Այսօր երկրում անորոշ վիճակ է, եւ այն կարծիքները, թե կան գործոններ, որոնք մեզանից անկախ մեզ վրա ազդում են, այնքան էլ այդպես չէ. «Ամենապարզ օրինակները բերեմ` Հյուսիս-հարավ ճանապարհի կառուցումը. կարծես քաղաքական կամք ու գումար կար, բայց բոլորն ասում են, որ նախագիծը ձախողման եզրին է, ժամկետներն անցել են, գումարները ծախսվում են, արդյունավետությունը չենք տեսնում: Օդային տրանսպորտի խնդիրը`կառավարությունն ասաց՝ 3 ընկերության լիցենզիա եմ տալու, ու կարծում էր, թե կգտնի այդ 3-ին,  բոլորը մտածեցին՝ հեսա մրցունակ է, բոլորը կմտնեն այդ բիզնես, բայց հետո բոլորն էլ հասկացան, որ Հայաստանում կարող է լինել 1 ազգային ավիաընկերություն, որը կարող է մրցել օտարերկրացիների հետ: Սխալ գնահատականներ են տալիս: Ավտոկայանման կարմիր գծերը, ամբողջ աշխարհում դա նորմալ աշխատում է, իսկ մեզ մոտ ընդվզում եղավ, որովհետեւ հիմքերը սխալ դրվեցին, սխալ որոշումներ կայացվեցին»:

Մանրամասն` տեսանյութում

 

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31