6 տարի առաջ Տավուշի մարզում կին 3 գյուղապետ էր պաշտոնավարում՝ սահմանամերձ Ոսկեպարի համայնքապետ Հրուշ Աղբալյանը, Ոսկեվանի համայնքապետ Էմմա Հակոբյանը եւ Ադրբեջանից փախստականներով բնակեցված Աղավնավանքի ղեկավար Վարդուշ Ներսիսյանը: Երկար տարիներ համայնքի ղեկավար աշխատած Էմմա Հակոբյանը եւ Հրուշ Աղբալյանը համապատասխանաբար 2008թ.-ի եւ 2012-ի ՏԻՄ ընտրություններում պարտվեցին: 2014թ. մարտի 9-ին ՏԻՄ ընտրություններում Վարդուշ Ներսիսյանը չառաջադրեց իր թեկնածությունը: Ներկայումս Տավուշի մարզի բոլոր՝ 62 համայնքների ղեկավարներն էլ տղամարդիկ են: Միջազգային տարբեր կազմակերպությունների ֆինանսավորմամբ գենդերային խնդիրներով, հասարակական, քաղաքական կյանքում կանանց մասնակցության խթանման թեմաներով մարզում պարբերաբար սեմինարներ են կայանում: Սակայն իրականում դրանք որքանո՞վ են արդյունավետ:
Տավուշի մարզպետարանից տեղեկացնում են, որ մարտի 18-ին մեծահասակների կրթության Իջեւանի կենտրոնում Եվրամիության ֆինանսավորմամբ, ՄԱԿ-ի զարգացման ծրագրի կողմից իրականացվող «Հավասար իրավունքների եւ հավասար հնարավորությունների խթանում Հայաստանում. կանայք տեղական ժողովրդավարական գործընթացներում» ծրագրի շրջանակներում, Տավուշի մարզպետարանի ընտանիքի, կանանց եւ երեխաների իրավունքների պաշտպանության բաժնի աջակցությամբ կայացել է «Մասնակցային, ներառական, հաշվետու եւ գենդերային հավասարության սկզբունքների վրա խարսխված կառավարում» թեմայով վերապատրաստման դասընթաց:
Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ