Լրահոս
Օրվա լրահոսը

Ալեքսանդր Իսկանդարյան. «Ինչ-որ այս պահին կատարվում է, ոչ մի լուրջ բան չի նշանակում» (Տեսանյութ)

Մարտ 18,2014 16:40

«Ղրիմի խաղն արդեն ավարտված է, Ղրիմը նույնիսկ ոչ թե խաղի ինչ-որ մաս է, այլ գործիք է ավելի մեծ խաղի համար,- այսօր լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանը:

«Այն, ինչ ուզում է Ռուսաստանն, արդեն ինչ-որ չափով հայտնի է, մի քանի անգամ ասվել է. դա Ուկրաինայի դաշնայնացվելն է»,- ասում է պարոն Իսկանդարյանը եւ նշում, որ այդպես Ռուսաստանն ուզում է իր իշխանությունն ունենալ Ուկրաինայի արեւելյան մասի որոշ մարզերի որոշումների վրա:

Ավելի մանրամասն՝ տեսանյութում

«Ուկրաինան, մեղմ ասած, թուլացած պետություն է, եւ Ռուսաստանը փաստորեն ասում է, որ ուզում է ունենալ իր կտորը»,- ասում է քաղաքագետը:

Խոսելով Արեւմուտքի մասին՝ պարոն Իսկանդարյանը կարծում է, որ այն հեշտությամբ չի համաձայնվի Ռուսաստանի վարած քաղաքականության հետ, եւ եթե այդպես շարունակվի, կոնֆլիկտը ավելի կուժգնանա: Սակայն քաղաքագետը կարծում է, որ Արեւմուտքի հայտարարություններն էլ իրենցից լուրջ քայլեր չեն ներկայացնում. «Ինչ-որ այս պահին կատարվում է, ոչ մի լուրջ բան չի նշանակում: Մինչեւ հիմա դեռ ոչ մի լուրջ բան չի կատարվում: Վիզայի ռեժիմի պայմանագրի հետաձգում, «Ութնյակի» կամ «Յոթնյակի» (հիմա չգիտեմ՝ դա ինչպես են անվանում –Ալ. Իսկանդարյան) հանդիպումը, որ պետք է լինի ոչ թե Սոչիում, այլ մեկ այլ տեղ, տարբեր բառեր, եւ այլ հիմարություններ, դրանք ոչինչ չեն համոզում»,- ասում է պարոն Իսկանդարյանը:

Մանրամասն՝ տեսանյութում.

 

Խոսելով Ուկրաինայի այսօրվա իշխանությունների մասին՝ քաղաքագետը կարծում է, որ նրանք դժվար թե կարողանան որոշումներ կայացնել, որոնք ազդեն Ուկրաինայի ամբողջ տարածքի վրա:

Պարոն Իսկանդարյանը կարծում է, որ այս պահին Հայաստանի իշխանությունները ճիշտ են վարվում, երբ Ուկրաինայի որեւէ կողմի համակիրը չեն դառնում. «Հայաստանը սպասում է. ցանկացած տեսակի հանրապետություն, որ կստեղծվի Ուկրաինայի տարածքում, ցանկացած տեսակի՝ այն կլինի արեւմտյան, արեւելյան, հարավային, թե հյուսիսային, Հայաստանը պետք է ունենա նրա հետ բարենպաստ հարաբերություններ:

Եւ երբ Ուկրաինան դուրս գա այս կոլափսից, այդ ժամանակ Հայաստանը կզարգացնի նրա հետ հարաբերությունները»:

Խոսելով Ղրիմի թաթարների մասին՝ քաղաքագետը նկատում է, որ Ղրիմում ռուսական կողմը փորձում է գնել թաթարական համայնքը, որովհետեւ քվեարկությանը մասնակցած թաթարներից շատերը քվեարկել են Ռուսաստանի միացման օգտին, իսկ ովքեր որ դեմ են եղել, ընդանրապես չեն մասնակցել հանրաքվեին:

Մեր հարցին, թե իր կանխատեսմամբ, ի վերջո ինչով կեզրափակվեն Արեւմուտքի սպառնալիքներն ու Ռուսաստանի հաստատակամությունն իր ընտրած քաղաքականության մեջ, պարոն Իսկանդարյանը պատասխանեց. «Առաջիկա շաբաթներում մենք կտեսնենք Արեւմուտքի կողմից հռետորիկայի սրացում: Ռուսաստանը կսպառնա դաժան ճակատագիր Արեւմուտքի համար:

Հետո կլինի երկուսից մեկը՝ կամ կոնֆլիկտի սրացում, կամ ուշ, թե շուտ կգան ինչ-որ համաձայնության, ինչպես Վրաստանի դեպքում: Ուկրաինան մեծ Վրաստան է, եւ ինչ-որ կատարվում է Ուկրաինայում, դա այն է, ինչ կատարվել է Վրաստանում՝ պատերազմից հետո: Իհարկե Ղրիմը ոչ մեկ չի ճանաչի»:

 

Հռիփսիմե ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31