Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Արա Ավետիսյան. «Հեռանում եմ հանուն պոլիտեխնիկի»

Մարտ 18,2014 15:57

Այսօր ԿԳ նախարար Արմեն Աշոտյանը մեկնաբանելով ՀՊՃՀ ռեկտոր Արա Ավետիսյանի հրաժարականը` հայտնել էր երկու բուհերի՝ ՀՊՃՀ-ի (Պոլիտեխնիկ) եւ Ճարտարապետության և շինարարության պետական համալսարանի հնարավոր  միավորման մասին:

Նշենք, որ ՀՊՃՀ ռեկտորի լիազորություններն էլ դրվել են Ճարտարապետության եւ շինարարության ազգային համալսարանի ռեկտոր Հովհաննես Թոքմաջյանի վրա:

Այսօր Aravot.am-ի հետ զրույցում Արա Ավետիսյանը նշեց, որ հանգիստ խղճով է հեռանում պոլիտեխնիկից, քանի որ բուհը վստահվում է լավագույն մասնագետին ու վստահելի մարդուն: «Շնորհակալություն այս որոշման համար, ես հանգիստ եմ ընդունում այս փոխանցումը, քանի որ դա արվում է հանուն Պոլիտեխնիկի»,-ասաց արդեն նախկին ռեկտորը:

Նաեւ հավելեց, թե իր կարողությունները կարող է ի սպաս դնել հանուն տեխնիկական կրթության եւ գիտության զարգացման:

Հետաքրքրվեցինք՝ ինչով է զբաղվելու պոլիտեխնիկի ռեկտորի պաշտոնը թողնելուց հետո: «Ոչ թե նոր ինչ-որ բան եմ անելու: Մեխանիկայի ինստիտուտում, որտեղ գլխավոր գիտաշխատող եմ, շարունակելու եմ իմ գիտական գործունեությունը եւ համապատասխան մասնագիտական դասընթացներ եմ կարդալու, եթե այդպիսի հրավեր ստանամ այն բուհերում, որտեղ իմ մասնագիտական կարողությունները օգտակար կհամարեն: Ես կարծում եմ, որ սա շատ կարեւոր փուլ է լինելու իմ կյանքում ստեղծագործ աշխատանքով զբաղվելու»,-պատասխանեց պարոն Ավետիսյանը:

Պատասխանելով բուհերի միավորման մասին նախարարի արած հայտարարության վերաբերյալ Aravot.am-ի հարցին՝ Հովհաննես Թոքմաջյանն էլ ասաց, որ բուհերի հնարավոր միավորումը չի նշանակում տարրալուծում, ուղղակի միասին կմտածեն առաջնահերթությունների լուծման ուղղությամբ: Պարոն Թոքմաջյանը հավելեց, որ որեւէ կարող ուժ առանց աշխատանք չի մնա, եւ որեւէ սովորող ուսանող ինչ-որ պատճառով չի տուժի: Բացի դրանից, մեր զրուցակցի ձեւակերպմամբ, «իմ ու քո չի լինելու»

Հետաքրքրվեցինք՝ մեծ ծանրաբեռնվածություն ունեցող աշխատանքի պատճառով հնարավո՞ր է հրաժարվի Երեւան քաղաքի ավագանու անդամությունից: Ստացանք բացասական պատասխան. Հովհաննես Թոքմաջյանը նախագիծ առաջարկներ ունի, որոնց իրականացման համար պատրաստ է օգտագործել բուհի լավագույն մասնագետների ներուժը:

Ի դեպ, 1984-ին Հովհաննես Թոքմաջյանին հեռացրել են պոլիտեխնիկից՝ քննական շրջանում Թբիլիսիում թեկնածուական ատենախոսություն պաշտպանելու համար, եւ այժմ նա նույն աշխատասենյակ վերադառնում է իբրեւ ռեկտոր:

 Մանրամասները՝ վաղվա տպագիր «Առավոտում»:

 Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31