Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

«Գագիկ Ծառուկյանի արածը սխրանք է, բոլորը չեն, որ կարող են այդպիսի սխրանք գործել». Ալվարդ Պետրոսյան

Մարտ 18,2014 15:49

«Ես առիթ ունեցա ԲՀԿ-ի համագումարից հետո Ֆեյսբուքում խոսելու, որ դարձրեցին դարակազմիկ: Ես խիստ գնահատում եմ այդ մարդու ներկայությունը մեր կյանքում: Ինքն իր բարեսիրությամբ… թեեւ դա ճաշակի խնդիր է, ես այդպիսի բարեսիրություն չեմ ընդունում, մտածում եմ, որ բարեսիրությունը խոնարհություն է, բայց մեկ է, ինչ-որ բան արվում է: Բայց ամենասովորական, քիչ թե շատ մտածելու կարողություն ունեցող մարդիկ խոսում են այն բաների մասին, ինչը որ Գագիկ Ծառուկյանն ասաց իր համագումարում: Թերեւս միակ տարբերությունն այն է, որ իր արածը սխրանք է, որովհետեւ ինքը, այնուամենայնիվ, Հայաստանի ամենահզոր օլիգարխներից մեկն է եւ միշտ էլ տագնապներ պիտի ունենա՝ իր հարստությունը պահպանելու համար: Նա կարողացավ այդ սխրանքը գործել եւ ասել բաներ, որ յուրաքանչյուր շարքային, քիչ թե շատ մտածող քաղաքացի ասում է: Բոլորը չեն, որ կարող են այդպիսի սխրանք գործել: Էլի հարուստներ կան, որ, ասենք, տափ արած լռում են, չէ՞»,- մարտի 18-ին Aravot.am-ի հետ զրույցում ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի մասին այսպիսի գովեստի խոսքեր ասաց ՀՅԴ անդամ, նախկին պատգամավոր Ալվարդ Պետրոսյանը:

4 քաղաքական ուժերի քննարկումների հետ կապված՝ տիկին Պետրոսյանն ասաց, որ ողջունում է այն քաղաքական մշակույթը, որ վերջապես ձեւավորվում է. «Կարելի է բոլոր հարցերում իրար հետ համաձայն չլինեն, բայց կարելի է որոշ հարցերի շուրջ իրար հետ մի սեղանի շուրջ նստել եւ բանավիճել, գալ ընդհանուր հայտարարի: 1994-ի դեկտեմբերի 28-ին Լեւոն Տեր-Պետրոսյանի տխրահռչակ հրամանով փակվեցին 20-ից ավելի թերթեր, այդ թվում՝ «Առագաստ» թերթը, որի գլխավոր խմբագիրն էի ես: Մի երկու օր առաջ «Երկիր» թերթում տպագրվեց իմ գրած կոչը՝ «Կա՛նգ առեք, եղբայրնե՛ր», որտեղ ես պարզապես խնդրում էի, որ եկեք սեղանի շուրջ նստենք, մենք իրար միացնող շատ ավելի բաներ ունենք, քան բաժանող: Չստացվեց դա: Ես կանացի բնազդով կարծես զգում էի, որ այդպիսի բաներ են կատարվում: Դա ոչ մի ձեւով չստացվեց, իհարկե, եւ երկրում աղետալի վիճակ ստեղծվեց: Չեմ ուզում մանրախնդիր երեւալ, բայց բաներ կան, որ չեմ մոռանա: Այդ ժամանակ էլ այդ կարիքը կար, որ նստեին իրար հետ մի սեղանի շուրջ ու բանավիճեին, հանրությանը հուզող հարցերի շուրջ համախմբվեին: Երկիրն այսօր էլ շատ լուրջ մարտահրավերներ ունի իր առջեւ: Տեսեք Ուկրաինայում ինչ է կատարվում: Մենք դողում ենք, որովհետեւ դա չի կարող չանդրադառնալ մեր ժողովրդի ճակատագրի վրա: Մենք անվերջ խնդիրներ ունենք՝ սոցիալական, տնտեսական»:

Ըստ Ալվարդ Պետրոսյանի, գաղափարական տարբերությունները կուսակցությունների չպետք է խանգարեն միասին համախմբվել որոշ հարցերի շուրջ. «Գաղափարախոսություն մենակ դաշնակցությունն ունի: Ես դա չեմ ասում, որովհետեւ դա իմ հարազատ կուսակցությունն է, այլ այդպես էլ կա: Ես նորմալ եմ համարում, որ երկու կուսակցություն ստեղծվի՝ Հանրապետական, Դեմոկրատական: ՀՀԿ-ն արդեն հանրապետականը գրավել է, իսկ դեմոկրատները…ես ՀՅԴ-ից բացի, հստակ գաղափարներ ունեցող կուսակցություն չգիտեմ: 123 տարվա կուսակցություն է, եթե պետք չլիներ՝ պիտի հեռանար: Ասում է՝ մավրն իր գործն արեց, մավրը պետք է հեռանա: Դեռ չի հեռացել: Դեռ հսկա գործունեության ասպարեզ ունի ե՛ւ Սփյուռքում, ե՛ւ Հայաստանում: Այն մյուսներինը չգիտեմ. ոչ թե վատաբանում եմ, այլ չեմ հասկանում, թե ինչ են ասում, ինչ գաղափարախոսություն ունեն: Ավելի շատ սոցիալական խնդիրներ են դրված, որոնք բոլորն էլ ունեն՝ անկախ իրենց կուսակցական-գաղափարական պատկանելությունից: Բոլորն էլ գիտեն, որ ամեն ինչ չէ, որ լավ է այս երկրում: Դրա համար լավ կլիներ, որ հավաքվեին ու մի կուսակցություն լիներ: Բայց ի՞նչ գաղափարախոսություն, այնտեղ կդառնա ուրիշ պատմություն»:

Մեր հարցին՝ Ձեզ համար ընդունելի՞ է, որ Ձեր հարազատ կուսակցությունը հույսը կապում է Գագիկ Ծառուկյանի հետ՝ Ալվարդ Պետրոսյանը պատասխանեց. «Չեմ կարող ասել: Ես իմ կուսակցությունը, իր անցած ճանապարհն իմանալով՝ այդ կարծիքին չեմ, որ հույսը դնում է որեւէ մեկի վրա: ՀՅԴ-ն թեեւ խստաշունչ կուսակցություն է, բայց նաեւ ճկուն է: Ինքը միշտ լսելու եւ հարաբերվելու բաց դռների այդ քաղաքականությունը վարում է: Եվ դա բնական է, որովհետեւ դաշնակցությունը գործունեություն է ծավալել ամբողջ համաշխարհային մասշտաբով, համահայկական կառույց է: Ես չեմ կարծում, թե ՀՅԴ-ն իր գոյությունը պիտի որեւէ մեկի թեւի տակ պահպանի, բայց ՀՅԴ-ն կարող է համախմբել: Այնպես, ինչպես Եղեռնի հետ կապված հարցերում ինչքան էլ իրարից տարանջատված էին սփյուռքում հնչակյանները, ռամկավարները, դաշնակցությունը, բայց այդ խնդրի շուրջ հավաքվում էին, համախմբվում էին: Ես կարծում եմ, որ այդ խնդիրը կա համախմբվելու եւ դա վատ բան չէ»:

Մեր հարցին՝ հավատո՞ւմ եք ԲՀԿ-ի անկեղծությանը, որ պոկվել է իշխանությունից եւ հիմա ընդդիմության հետ փորձում է ինչ-որ հարցեր լուծել՝ նա պատասխանեց. «Ճիշտն ասած, ես իմ առջեւ խնդիր չեմ դրել որեւէ կուսակցության անկեղծությանը հավատալու: Ես չեմ մտածել իրենք անկե՞ղծ են, թե՞ անկեղծ չեն: Ես մտածել եմ, որ իրենք իրենց խնդիրներն ունեն, եւ իրենց խնդիրներն են լուծում»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31