Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանում /Պոլիտեխնիկում/ հրավիրված ռեկտորատի նիստն այսօր վարել է ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը: Նախարարը ՀՊՃՀ պրոֆեսորոդասախոսական անձնակազմին ներկայացրել է ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար, պրոֆեսոր Հովհաննես Թոքմաջյանին: ՀՀ ԿԳ նախարարը
նախ շնորհակալություն է հայտնել նախկին ռեկտոր Ա. Ավետիսյանին՝ աշխատանքի համար:
Ներկայացնելով նորանշանակ ռեկտորի պաշտոնակատարին ՝Ա. Աշոտյանը կարևորել է նրա փորձն ու հմտությունը բուհական համակարգի կառավարման ոլորտում և վստահություն հայտնել, որ բուհի անձնակազմի հետ նրա աշխատանքը արդյունավետ կլինի: «Հայաստանի բուհական համակարգում Պոլիտեխնիկը մշտապես առաջատարների շարքում է եղել և ունի կայուն ավանդույթներ ու մշակույթ, որի անբաժանելի մասն է պոլիտեխնիկցի կոչումը: Ես գիտեմ, որ այդ կոչումը բուհում հպարտությամբ են կրում և պահպանում: Մեր ակնկալիքները պոլիտեխնիկից մեծ են մեծ են, բուհը, ինչպես տարիներ առաջ, պետք է դառնա տնտեսության առաջատար կադրերի պատրաստման դարբնոցը: Իմ պահանջն է ՝ լինել ավելի նպատակային և ծրագրերի զարգացման և նախաձեռնության գործընթացում: Բուհական համակարգի ամենահզոր ուժը ուսանողությունն է, շատ կարևոր է, որ կրթության զարգացման միասնական քաղաքականությունը ուսանողների կողմից աջակցություն ստանա»,- իր խոսքում նշել է նախարար Ա. Աշոտյանը:
Ռեկտորատի անդամներից մեկի հարցին ի պատասխան նախարարը չի բացառել ՀՊՃՀ-ի և ԵՊՃՇՀ-ի վերամիավորման հնարավորությունը՝ նշելով, որ միավորման արդյունքում կստեղծվի ավելի հզոր, զարգացած և մրցունակ բարձրագույն ուսումնական հաստատություն. «Պոլիտեխնիկն ու ճարտարապետաշինրարկան համալսարանը դատապարտված են լինել միասին: Այն հիմնավոր պատճառները, որոնցով պայմանավորված խորհրդային տարիներին պոլիտեխնիկը բաժանվել է երկու մասի, այսօր այլևս չկան և տարանջատումն արհեստական է:»,- նշել է նախարարը և հավելել, որ նախարարությունը պատրաստ է աջակցել բուհի զարգացմանը և բաց է ցանկացած քննարկման համար:
ՀՀ կրթության և գիտության նախարարություն