Մարտի 18-ին ԱՄՆ միջազգային զարգացման գործակալության (ՄԶԳ) «Մաքուր էներգիա եւ ջուր» ծրագիրը ներկայացրեց Արարատյան դաշտի ստորերկրյա ջրային ռեսուրսների ուսումնասիրության արդյունքները:
«Ակնա լճի ջրատվությունը պակասել է. 303-ից 122 հոր չորացել են: Դրանով ծանր պայմաններ են ստեղծվել նաեւ ձկնային տնտեսությունների համար: 77 ձկնային տնտեսություններ 3 տարում վերացել են»,-լրագրողներին խնդիրը ներկայացրեց «Հայջրնախագիծ» ինստիտուտի տնօրեն Յուրի Ջավադյանը եւ հավելեց, քանի որ Հայաստանում «այլ լրացուցիչ աղբյուր չունենք` առաջարկում ենք Սեւանից 70 միլիոն խմ ջուր բերել»:
ԱՄՆ ՄԶԳ-ի հայաստանյան առաքելության տնօրեն Քարեն Հիլիարդը կարծում է, որ Արարատյան դաշտավայրի ջրի հարցը հանդիսանում է ազգային խնդիր, քանի որ «6-8 տարի առաջ Արարատյան դաշտավայրի ստորգետնյա ջրերը բավարար էին ոռոգման, խմելու համար…», իսկ հիմա ջրատվությունը զգալիորեն նվազել է եւ Արարատյան դաշտավայրի մոտ 30 համայնքներում ոռոգման ջրի պակաս կա. «Չնայած Հայաստանի կառավարությունը ջանքեր է գործադրում՝ ստորգետնյա ջրերի օգտագործումը, ջրի մակարդակը եւ աղբյուրների հոսքը շարունակում է նվազել»:
Տիկին Հիլիարդը հավելեց, որ ԱՄՆ ՄԶԳ-ն պատրաստ է աջակցել Հայաստանի կառավարությանը` մշակել անհրաժեշտ օրենքներ եւ վերահսկման համակարգ. «Մեր նպատակն է նաեւ օգնել ձկնաբուծությամբ եւ գյուղատնտեսությամբ զբաղվողներին` ավելի արդյունավետ օգտագործել ստորգետնյա ջրերը` նրանց ներկայացնելով նոր տեխնոլոգիաներ»:
Կարդացեք նաև
«Առավոտի» հետ զրույցում պրն Ջավադյանն ասաց, որ կատարվելու են օրենսդրական փոփոխություններ, չափաքանակների փոփոխություններ, եւ կարգավորվելու է ջրի կառավարումը` ավտոմատ կառավարման է անցնելու. «Ռիսկեր չկան, մարդու գործողություն չկա: Բայց այստեղ սահմանափակում ենք դնում նաեւ չափերի վրա, որ մեր ընդերքը հնարավորություն ունենա քո տարածը վերականգնել»:
Բավական ԱՓԻՑԱՐՅԱՆ