«Ես ինֆորմացիա չունեմ այդ մասին, բայց կարծում եմ, որ ոչ թե պետք է խոսել անձամբ Գագիկ Ծառուկյանի մասին, այլ իր կուսակցության»,-Aravot.am-ի հարցին` արդյոք ՀԱԿ-ը, «Ժառանգությունը» և Դաշնակցությունը ընդունե՞լ են Գագիկ Ծառուկյանի հեղինակությունը, որ նրա հետ են փորձում միավորվել, այսպես պատասխանեց քաղաքագետ Ալեքսանդր Մանասյանը:
Նա խորհուրդ տվեց անհատներից անցում կատարել դեպի քաղաքական ծրագրեր ու շեշտեց. «Իրականում քաղաքական կուսակցության ծրագիրն է, որ մարդկանց տանում է»:
Մեր դիտարկմանը, արդյոք ԲՀԿ ծրագիրը այն առա՞նցքն է, որի շուրջ ընդդիմադիր ուժերը կարող են համախմբվել, պարոն Մանասյանը արձագանքեց. «Մենք չունենք գիտական, քաղաքական առողջ ընդդիմություն, որը միայն իշխանափոխությունից կամ իշխանության գալուց չխոսի: Մեզ մոտ ընդդիմադիր որևէ կուսակցություն չունի ուշադրության արժանի ծրագիր»:
Մեր մյուս հարցին` հետևաբար ի՞նչն է ոչ իշխանական ուժերին համախմբում ԲՀԿ-ի շուրջ, Ալեքսանդր Մանասյանը պատասխանեց. «Քանի որ ԲՀԿ-ն ամենամեծ ուժն է…կա նաև ենթախորք»: Հարցին` ո՞րն է այդ ենթախորքը, պարոն Մանասյանը դժվարացավ կոնկրետ պատասխան տալ:
Կարդացեք նաև
Շարունակեցինք` գուցե այն, որ քառյակի հանդիպումներն ու հավանական միավորումը իշխանության սցենա՞րն է: Քաղաքագետը պատասխանեց. «Կարող է»:
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ