Լրահոս
Օրվա լրահոսը

Ռուսաստանի «ղալաթը», Ղարաբաղի հարցն ու Ղրիմի շուրջ «գործարքը»

Մարտ 18,2014 13:22

«Ղրիմի հարցը ներկայացնել՝ որպես ինքնորոշում և համեմատել Ղարաբաղի հետ, այդքան էլ կոռեկտ չէ»,-այսօր «Հայելի» ակումբում լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց Երեւանի Հովհաննես Թումանյանի անվան տիկնիկային թատրոնի գեղարվեստական ղեկավար Ռուբեն Բաբայանը:

Նա նպատակահարմար չի համարում Ղարաբաղի հարցը բերել «այս գործարքի» հետ համեմատել ու նկատեց, որ Ղրիմի շուրջ նման զարգացումները վտանգավոր են ԼՂ հարցի համար: Ռուբեն Բաբայանը շեշտեց Ղարաբաղի և Ղրիմի տարբերությունների մասին. «Ղարաբաղը չհամակերպվեց իր ճակատագրի հետ: Մեզ համար Ղարաբաղին թիկունք կանգնելը ոչ թե Ադրբեջանին պատժելն էր, այլ մեր եղբայրներին օգնության հասնելը»: Պարոն Բաբայանը նմանություններ տեսնում է միայն այս առումով. «Երկու պարագայում էլ մեկ գիշերվա ընթացքում են որոշումները կայացվել՝ անտեսելով երկու ժողովուրդների կամքը: Բայց Ղարաբաղի որոշումը կայացվել է կուսակցական մակարդակով, իսկ Ղրիմի դեպքում գոնե համատեղ որոշում է եղել»:

Երգիչ, երգահան Արտավազդ Բայաթյանն արծարծեց այն հարցը, թե ինչպես ճիշտ կողմնորոշվել մեր՝ Ղարաբաղյան խնդիրը լուծելու համար և նշեց. «Չստացվեց այնպես, որ մենք հասկանանք իրականում ինչ տեղի ունեցավ: Մենք լսում ենք միայն մեկ կողմի կարծիքն ու միայն մեկ կողմի ներկայացրածը: Այս առումով հիշեցի ղարաբաղյան շարժման սկիզբը, երբ նույն Ռուսաստանի կենտրոնական հեռուստաընկերությունը ներկայացնում էր մեր ազգային մղումը ոչ կոռեկտ ձևով՝ առանց անդրադառնալու բուն պատճառին: Ուստի հավաքվում, որոշում են ընդունում ԱՄՆ-ն և Ռուսաստանը, որ հենց իրենք էլ խախտեն»:

Պարոն Բայաթյանը մտահոգություններ ունի, որ նույն այդ գերտերություններին, երբ որպես նախադեպ ներկայացվի Ղրիմի հարցը, Ղարաբաղյան հակամարտության լուծման համար, այդ գերտերությունները դա կսկսեն այլ կերպ մեկնաբանել՝ իրենց շահերից ելնելով:

Քանդակագործ Ֆերդինանտ Առաքելյանը կարծում է, որ այս պարագայում աշխարհում երկու գերտերություններն են որոշողները ու նշում. «Եվրոպա, բան, ֆրանսիական ադիկալոն են: Կանցնի, կարևորը երկու գերտերություններն են՝ ԱՄՆ-ն և Ռուսաստանը: Ես հարգում եմ այն ստորագրությունը, որ մենք միանում ենք Ռուսաստանին»:

Aravot.am-ի հարցին՝ այդ ինչպե՞ս է հայտարարում, թե հարգում է «Ռուսաստանին միանալու ստորագրությունը», այն դեպքում, երբ ռուսները մեր թշնամուն՝ Ադրբեջանին զենք են վաճառում, որ մեր դեմ օգտագործի, պարոն Առաքելյանը պատասխանեց. «Երբ մեր դեմ օգտագործի, այդ ժամանակ կտեսնեք տարբերությունը: Մեզ էլ է զենք տալիս Ռուսաստանը: Ուղղակի հայերը միշտ ստվերն են տեսնում, մի քիչ էլ լույսը տեսեք: Ռուսաստանը մեր սահմաններն է պաշտպանում»: Ռուբեն Բաբայանը հակադարձեց, թե «Միայն ու միայն քո բանակը կարող է քեզ պաշտպանել»:

Պարոն Առաքելյանը կարծում է, որ ուկրաինական ժողովրդին օգտագործեցին: Ըստ քանդակագործի՝ «Արևմուտքը Ուկրաինային գցեց այս իրավիճակի մեջ և այս խմորը դեռ շատ ջուր կքաշի»:

Ռուբեն Բաբայանն անդրադառնալով ՀՀ իշխանությունների վարած քաղաքականությունը նշեց. «Այն դիրքը, որ այսօր մեր իշխանությունները բռնել են հիմա, ճիշտ դիրք է: Եթե ընկնեք Ռուսաստանի հետևից, լրիվ կկորչենք»:

Պարոն Բաբայանը այն կարծիքին չէ, թե Ղրիմի ժողովրդին  օգտագործել են: Նա նշեց. «Ես ի՞նչ իրավունքով մեկ այլ ժողովրդի, որին ես հարգում եմ, դնեմ տավարի տեղ: Ես ինքս ղրիմահայ եմ: Այն, ինչ արեց Ռուսաստանը, դա պատիժ էր Ուկրաինային, ինչպես նա արեց Վրաստանի պարագայում»:

Անդրադառնալով Եվրոպայի վարած քաղաքականությանը՝ պարոն Բայաթյանն ասաց. «Եվրոպան խիստ չի խոսում, քանի որ կախված են ռուսական գազից: Իսկ Ռուսաստանը Ուկրաինայի հետ մուկ ու կատու էր խաղում, չստացվեց, նման կերպ ստացվեց»:

Ամփոփելով՝ պարոն Առաքելյանն ասաց. «Ես ողջունում եմ Ռուսաստանի արածը, ճիշտ են արել»: Ռուբեն Բաբայանն էլ՝ «Ես չեմ ողջունում ռուսների արածը՝ ղալաթ են արել»:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31