«Մենք» ազգային երիտասարդական հայրենասիրական շարժման փոխնախագահ Սեւան Աղաջանյանը եւ «Մայրաքաղաքը յուրաքանչյուրիս» հկ հիմնադիր նախագահ Մելինե Յավրյանն այսօր «Հայնյուզ» մամուլի ակումբում հայտնեցին, որ քաղաքապետարանն իրենց առաջարկով տեսախցիկներ է տեղադրել Կիրովի անվան մանկական այգում:
Տեսախցիկների միջոցով հնարավոր կլինի վերահսկել եւ կանխել տրանսվեստիտների մուտքը զբոսայգի եւ «հարկ եղած դեպքում, պատժամիջոցներ կիրառել նրանց նկատմամբ»: Տեսախցիկները տեղադրվել են դեռեւս միայն Կիրովի այգում՝ դրանք 17 հատ են:
Մելինե Յավրյանի կարծիքով՝ Երեւանի զբոսայգիներում պետք է տեղադրվեն ավելի շատ տեսախցիկներ, քանի որ դրանց առկայությունը դրական արդյունք է տալիս. «Փաստերի հիման վրա արդեն որոշակի պատժամիջոցներ կկիրառվեն նրանց նկատմամբ: Շատ հաճախ ոստիկանությունը ասում է, որ բավարար փաստեր չունի, որպեսզի պատասխանատվության ենթարկի տրանսվեստիտներին»:
Սեւան Աղաջանյանի պնդմամբ՝ տեսախցիկների տեղադրումից հետո իրենց կազմակերպությունների անդամները հերթապահել են այգում՝ իրավիճակը գնահատելու նպատակով. «Զգացինք, որ դրական տեղաշարժ կա: Մինչեւ հիմա այգում ոչ մի մարմնավաճառ չի կանգնել: Տեսախցիկները արդյունավետ են այնքանով, որ դրանց տեղադրումից հետո մենք մի անգամ ենք ֆիքսել տրանսվեստիտ-մարմնավաճառի այնտեղ կանգնած, իսկ երկու ժամ կանգնելուց հետո՝ նա, հաճախորդ չունենալու պատճառով, այնտեղից հեռացավ»:
Կարդացեք նաև
Հիմա կազմակերպության անդամները որոշել են եւս մեկ անգամ առաջարկությամբ հանդես գալ քաղաքապետարանին՝ այս անգամ Մանկական Երկաթուղում տեսախցիկներ տեղադրելու նպատակով. «Ականատեսներ են եղել, որ Մանկական երկաթուղում, նույնպես, նման հավաքներ են նկատվում» :
Էլյա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ