Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

Լարիսա Ալավերդյան. Այն, ինչ այս օրերին կատարվում է Ղրիմում, ինձ հիշեցնում է Ղարաբաղում տեղի ունեցած իրադարձությունները՝ փոքր-ինչ արագացված տեմպերով. «Հայոց աշխարհ»

Մարտ 18,2014 13:03

Հատված «Ընդդեմ իրավական կամայականության» հասարակական կազմակերպության գործադիր տնօրեն ԼԱՐԻՍԱ ԱԼԱՎԵՐԴՅԱՆԻ հարցազրույցից:

-Ղրիմում անցկացված հանրաքվեին եւ դրան նախորդած գործընթացներին հետեւել եմ ոչ միայն ռուսական եւ ուկրաինական կայքերով. այնտեղ ապրող ազգակիցներ, ընկերներ ունեմ, պարբերաբար շփվում եմ նրանց հետ, եւ պետք է ասեմ, որ համամիտ չեն այն տեսակետներին, թե որոշիչն այստեղ ավելի շուտ Ռուսաստանի գործոնն է, քան Ղրիմի բնակչության՝ ռուսների, հայերի, հույների եւ այլ ազգությունների ներկայացուցիչների գիտակցված ընտրությունը։
Այն, ինչ այս օրերին կատարվում է Ղրիմում, ինձ հիշեցնում է 1988-ից առնվազն մինչեւ 1992թ. հունվարի 6-ը Ղարաբաղում տեղի ունեցած իրադարձությունները՝ փոքր-ինչ արագացված տեմպերով։

Այս տեսակետից, ինչպե՞ս եք գնահատում հայաստանյան որոշ (պապից ավելի կաթոլիկ արեւմտամետ) շրջանակների թշնամական վերաբերմունքը Ղրիմի ժողովրդի ինքնորոշման ակցիայի նկատմամբ։

-Այդ թշնամական վերաբերմունքն ընդհանրապես Ռուսաստանի հանդեպ է։ Այդ վերաբերմունքը իմ մեջ կամա-ակամա ասոցացվում է 1914թ. իրավիճակի հետ, այն առումով, որ հենց Ռուսաստանը փորձում է ակտիվանալ, դառնալ տարածաշրջանում լուրջ դերակատարություն ունեցող հզոր պետություն՝ թե՛ տնտեսական, թե՛ քաղաքական տեսանկյունից, անմիջապես գլուխ է բարձրացնում Արեւմուտքի խանդը՝ ռուսներին պատժելու, պատժամիջոցներ կիրառելու այդ մարմաջը։

Շատ ավելի ցավալի է, որ նույն մարդիկ շատ հաճախ փորձում են կասկածի տակ դնել Ղարաբաղյան շարժման, պատերազմի արդյունքները, հետեւելով ադրբեջանական քարոզչական կարծրատիպերին՝ հայտարարում են, որ Արցախյան ազատամարտում հաղթել է ոչ թե հայ ժողովուրդը, այլ, օրինակ, որոշիչ դեր է խաղացել Ռուսաստանի օգնությունը։ Որպես այդ իրադարձությունների անմիջական մասնակից, պնդում եմ, որ ամենեւին այդպես չէ։
Այդ մոտեցումները կարծես թե կրկնվում են՝ լինի դա Ղարաբաղի թե Ղրիմի հարցում, եւ այդ ամենի հետեւում կանգնած է անուղղելի բացասական վերաբերմունքը Ռուսաստանի եւ ռուսական քաղաքականության նկատմամբ։ Այո, Ռուսաստանի արտաքին քաղաքականության մեջ քիչ չեն քննադատության արժանի դրվագները, բայց ստեղծված աշխարհաքաղաքական իրավիճակում Ղրիմի ընտրած ճանապարհը շատ ընկալելի է եւ, այո, համապատասխանում է միջազգային իրավունքի բոլոր նորմերին։

Ս. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Հարցազրույցն ամբողջությամբ՝ «Հայոց աշխարհ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31