2014թ.-ի մարտի 14-ին ՀՀ Գեղարքունիքի մարզի Ճամբարակի քաղաքապետարանի դահլիճում «Խոսենք տիկնիկների միջոցով» ծրագրի շրջանակներում տեղի ունեցավ Հովհ. Թումանյանի «Կիկոսի մահը» տիկնիկային ներկայացում-մյուզիքլը՝ «Արեգ» տիկնիկային թատրոնի բեմադրությամբ: Դահլիճը լեփ լեցուն էր ոչ միայն Ճամբարակ քաղաքի, այլև տարածաշրջանի գյուղերից եկած մարդկանցով: Մարդիկ` մեծ թե փոքր, կանգնած էին միջանցքներում, օթյակում և սպասում էին երկար սպասված ներկայացմանը: Միջոցառմանը ներկա էին քաղաքի գրեթե բոլոր կառույցների ներկայացուցիչները դպրոցների, մանկապարտեզների երեխաները, մշակութային գործիչներ` ՀՀ Մշակույթի նախարարության ժամանակակից արվեստների բաժնի ղեկավար պրն. Վարդան Գրիգորյանը և Հ. Թումանյանի անվան տիկնիկային թատրոնի տնօրեն ` պրն. Բաբայանը:
Ճամբարակ համրանքի երկարամյա մշակութային լռությունից հետո դահլիճում ծփաց հիացմունքի բերկրանքը: Ներկայացումը և թատրոնի գոյության փաստը բարձր գնահատականի արժանացավ հանրապետության մասնագետների կողմից: Ազգաբնակչությունը ընդունեց Ճամբարակի «Արեգ» տիկնիկային թատրոնի ծնունդը իր շնորհաշատ տիկնիկավար դերասան երեխաների հետ միասին:
Ներկայացումը կազմակերպվել էր «Արեգունի» սոցիալական զարգացման հասարակական կազմակերպության կողմից «Հավասար հնարավորություններ ազգային փոքրամասնությունների և խոցելի խմբերի մշակութային իրավունքների իրագործման համար. հարստություն բազմազանության միջոցով” ծրագրի շրջանակներում, որն իրականացվում է Քաղաքացիական զարգացման և համագործակցության հիմնադրամի (ՔԶՀՀ), «ՀԿ Կենտրոն» քաղաքացիական հասարակության զարգացման կազմակերպության և Ուկրաինայի «ԳՈՒՐՏ Ռեսուրս Կենտրոնի»-ի կողմից՝ Եվրոպական Միության ֆինանսական աջակցությամբ: Ծրագրի նպատակն է` ապահովել մշակութային բազմազանությունը և աջակցել ազգային փոքրամասնությունների մշակույթի պահպանմանը` հզորացնելով Հայաստանում և Ուկրաինայում տեղական ինքնակառավարման մարմինների, քաղաքացիական հասարակության կազմակերպությունների և մշակութային կառույցների ղեկավարների կարողությունները:
«Արեգունի» սոցիալական զարգացման ՀԿ