2009-2013 թվականներին աշխարհում ներկրված սպառազինությունների 1.6 տոկոսը բաժին է ընկել Ադրբեջանին։ Սա է վկայում Ստոկհոլմում գործող Խաղաղության ուսումնասիրության միջազգային ինստիտուտի նոր զեկույցը աշխարհում զենքի առևտրի ծավալների վերաբերյալ:
Ըստ այդ զեկույցի՝ Եվրոպայում Ադրբեջանը զենքի ներկրման ծավալներով երկրորդ տեղում է և փոքր-ինչ է զիջում Մեծ Բրիտանիային: Եթե վերջին չորս տարիներին Եվրոպա ներկրված զենքի ավելի քան 12 տոկոսը Մեծ Բրիտանիա է գնացել, ապա մոտ 12 տոկոսը ուղևորվել է Ադրբեջան:
2009-2013 թվականների կտրվածքով Ադրբեջանը19-րդն է սովորական սպառազինությունների հիմնական զինատեսակների ներմուծման առումով, մինչդեռ 2004-2008 թվականներին միայն 49-րդն էր: Վերջին տարիներին այդ երկիրը գրեթե չորս անգամ կամ 378 տոկոսով ավելացրել է զենքի ներմուծման ծավալները:
Սովորական սպառազինությունների հիմնական տեսակները Ադրբեջանը ներկրել է յոթ երկրներից, որոնցից երկուսը Մաքսային Միության անդամ են. այդ երկրներն են` Ռուսաստանը, Բելառուսը, Ուկրաինան, Իսրայելը, Թուրքիան, Հարավային Աֆրիկան և Միացյալ Նահանգները:
Կարդացեք նաև
Վերջին չորս տարիներին ներկրված զենքի 80 տոկոսը Ադրբեջանը ձեռք է բերել Ռուսաստանից, այդ թվում` երկու «S- 300» տիպի հրթիռային համակարգ, 94 «T90S» տանկ, 20 «Mi-35M» ռազմական ուղղաթիռ, 100 «BMP-3» զրահամեքենա և այլ ծանր զրահատեխնիկա: Բելառուսից Ադրբեջանը գնել է 25 «ՍՈՒ -25» ռազմական ինքնաթիռ և 93 «T-72M1» տանկ: Ուկրաինայից Ադրբեջանը գնել է երկու « MiG-29» ռազմական ինքնաթիռ և 12 «Mi-24G» ռազմական ուղղաթիռ:
Տաթեւիկ ԼԱԶԱՐՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում