Հատված ՀՀ Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Արթուր Բաղդասարյանի հարցազրույցից:
– Հնարավո՞ր է ինչ–որ պահից ՕԵԿ–ը ստանձնի իշխանություն–ոչիշխանություն հարաբերություններում կամրջի դեր։
– Կամուրջ լինելու համար պիտի հասկանանք, թե հստակ ինչ օրակարգեր են առաջարկում չորս ուժերը։ Մենք որպես իշխանություն գնում ենք մեր օրակարգով։ ՕԵԿ-ը՝ որպես քաղաքական ուժ, երկրում բարեփոխումներ իրականացնելու ջատագով է եղած սահմանափակ հնարավորություններով։ Թե որպես ՕԵԿ նախագահի, թե որպես ԱԽ քարտուղարի՝ բոլորն էլ մեր աշխատանքը տեսնում են։ Հայաստանում Անվտանգության խորհուրդը ինստիտուցիոնալ առումով կայացած կառույց է, որ իր գործունեության շրջագծում ընդգրկում է մեր կյանքի բոլոր ոլորտներն ու միջազգային համագործակցությունը։
ՕԵԿ-ը անցյալ տարի ճանաչվել է լավագույն խմբակցություն իր աշխատանքի՝ շրջանառության մեջ դրված օրինագծերի, քվեարկությունների ու քննարկումների շնորհիվ։ Սա է ՕԵԿ-ի տեսլականը՝ շարունակել աշխատանքը բարեփոխումների համար, ունենալով ռեալ դերակատարություն իշխանության մեջ։ Մենք հստակ պահում ենք մեր քաղաքական ուղեգիծը։
Կարդացեք նաև
– Բայց երկրում չափազանց շատ խնդիրներ կան չլուծված։
– Իսկապես, երկրում կուտակված հին ու նոր խնդիրները շատ են, ուստի լուծումները ևս պետք է լինեն ավելի արագ ու նորարարական։
– Իսկ քաղաքական դաշտում ո՞րն է լուծումը։
– Սկսենք նրանից, որ քաղաքական դաշտում պետք է հստակություն լինի՝ իշխանություն և ընդդիմություն։ Դասական ընդդիմությունը չի կարող հատվածային պայքար մղել։ Դասական ընդդիմությունը հավաքական պայքար է կրում։ Եթե այսօր քաղաքական դաշտում հստակ չէ իշխանություն-ընդդիմություն տարաբաժանումը, ապա տարբեր ոչ առողջ քաղաքական զարգացումների պատճառ է դառնում։
– Չե՞ք կարծում, որ քաղաքական դաշտի դասական ձևաչափի չգալու պատճառը ՀՀ երկրորդ նախագահն է, ակնհայտ է, որ նա անվերջ վերադարձի մեջ է՝ ոչ գալիս է, ոչ գնում, երբ որոշի գալ, պիտի որոշի՝ իբրև իշխանությո՞ւն, թե՞ ընդդիմություն՝ և ըստ այդ որոշման էլ ԲՀԿ–ն դուրս կգա իր այլընտրանքության վիճակից։ Օրինաչա՞փ է, որ նախորդ երկու նախագահները պարբերաբար դիրքորոշումներով են հանդես գալիս։
– ՀՀ առաջին ու երկրորդ նախագահներն արտահայտում են իրենց դիրքորոշումները այն երկրի վերաբերյալ, որ տևական ժամանակ կառավարել են։ Դա իրենց իրավունքն է։ Ինչ վերաբերում է երկրորդ նախագահին, իսկապես, և ՀՅԴ-ն, և ԲՀԿ-ն համագործակցության պատմություն են ունեցել Ռոբերտ Քոչարյանի հետ, և ոչ ոք դա չի ժխտում։ Ինչքանո՞վ է պայմանավորված Ռոբերտ Քոչարյանի ակտիվ վերադարձը ԲՀԿ-ի կամ ՀՅԴ-ի հետագա դիրքորոշումների հետ, դա ԲՀԿ-ի և ՀՅԴ-ի խնդիրն է, գլոբալ առումով որոշակիություն է անհրաժեշտ, և կարծում եմ, որ ժամանակի հետ նաև հստակություն կլինի։ Իշխանության դեպքում ամեն ինչ հստակ է՝ արձանագրված կոալիցիոն փաստաթղթով և համատեղ շիտակ աշխատանքով։ Որպես ՕԵԿ նախագահ, ԱԽ քարտուղար, որպես իշխանության առանցքային դեմքերից մեկը՝ ես հստակ ասում եմ իշխանության թիմի դիրքորոշումը պետության և իշխանության քաղաքական կուրսի հետ կապված։ Վստահ եմ, որ նման հստակության անհրաժեշտություն կա նաև ընդդիմադիր դաշտում։
Անահիտ ԱԴԱՄՅԱՆ
Հարցազրույցն ամբողջությամբ կարող եք կարդալ «Իրատես de facto» թերթի այսօրվա համարում