«Նախ` ԼՂՀ-ի անկախությունը պետք է Հայաստանը ճանաչի: Սա, հավանաբար, առաջին տեղում է: Եթե Հայաստանի իշխանությունները կարծում են, որ դեռ ժամանակը չէ, եթե ԼՂՀ-ի ղեկավարությունը կարծում է, որ ժամանակը դեռ չի հասունացել, ուրեմն երկու երկրների կառավարությունների ու ժողովուրդների մոտ ինչ-ինչ մտահոգություններ կան: Ուստի, պետք է սպասել, մինչեւ դրանք ի չիք դառնան: Հավանաբար, պետք է ակնկալել, որ առաջին քայլն անի Հայաստանի կառավարությունը, եթե, իհարկե, կարծում են, որ ժամանակը հասունացել է»,- Aravot.am-ի հետ զրույցում ասաց Հայաստանում Ռուսաստանի նախկին դեսպան Վյաչեսլավ Կովալենկոն, որն այս օրերին Երեւանում կմասնակցի «XXI-րդ դարի Եվրասիան` խնդիրներ և հեռանկարներ» եռօրյա միջազգային կոնֆերանսին:
Պարոն դեսպանից հետաքրքրվել էինք`ՌԴ-ն ճանաչեց Ղրիմի անկախությունը , ենթադրաբար, Հայաստանը, որպես ռազմավարական գործընկեր եւ Մաքսային միությանն անդամակցող երկիր, ևս պետք է իր դիրքորոշումն արտահայտի. ստեղծված իրավիճակում ճիշտ չէ՞, որ ՌԴ-ն նաեւ ԼՂՀ-ի անկախությունը ճանաչի, մանավանդ, որ տարիներ առաջ երկակի ստանդարտների կիրառմամբ ճանաչվեց Կոսովոն, ապա`Հարավային Օսեթիան, Աբխազիան, մինչդեռ միջազգային իրավունքի տեսանկյունից, ԼՂՀ-ն թերեւս միակ երկիրն է, որն անթերի անցել է այդ ճանապարհը:
Պարոն դեսպանը կոռեկտ չհամարեց ծավալվել այս հարցի շուրջ`այն թողնելով ՀՀ իշխանությունների որոշմանը: Նա չցանկացավ նաեւ «մեծ քաղաքականությանը» վերաբերվող այլ հարցերի անդրադառնալ: Ասաց, որ իր`Երեւանում գտնվելու նպատակն այլ է. «Անցած 23 տարիների ընթացքում շատ հարցերում մենք կորցրել ենք փոխհասկացողությունը: Նոր սերնդի մենթալիտետը, որն այս ընթացքում ծնվեց եւ մեծացավ, շատ է տարբերվում ու դրա պատճառներից մեկն էլ այն է, որ մարդիկ քիչ են հանդիպում, քիչ են միմյանց ցուցադրում իրենց մշակույթը, սովորույթները, գրականությունը, մարդասիրական մոտեցումները: Մենք պարտավոր ենք վերածնել ժողովուրդների բարեկամությունը»:
Այս համատեքստում ուկրաինական զարգացումները, ըստ դեսպանի էթնիկ հողի վրա էին, քանի որ անցած տարիների ընթացքում ինտենսիվ քարոզչություն էր ընթանում մեկ`ժողովուրդներին, կամ նրանց առանձին խմբերին իրար դեմ տրամադրելու, ինչն էլ ծնեց անհասկացողություն եւ դաժանություն:
Կարդացեք նաև
Մաքսային միությանն անդամակցությունը նա Հայաստանի համար «միակ ճիշտ» որոշումն է համարում: Կարծում է, որ երկրի ղեկավարությունը շատ ճիշտ վարվեց նման որոշում ընդունելով. «Հնարավոր է ինչ-որ առավելություններ անմիջապես ի հայտ չգան, բայց երկարաժամկետ հեռանկարում դա Հայաստանի անկախության, պետության ու պետականության կյանքի իրավունքի, ժողովրդի եւ ազգության պահպանման ու զարգացման խնդիր է»:
Ի դեպ, ՄՄ-ին անդամակցության միջկառավարական հանձնաժողովի չորրորդ նիստը տեղի կունենա մարտի 31-ին, Երեւանում: Հիշեցնենք, որ վերջերս կայացած հանձնաժողովի երրորդ նիստում, ինչպես նաեւ մարտի հինգին Մոսկվայում, Եվրասիական տնտեսական համագործակցության նիստում, երկու երկրների նախագահներն էլ ամրագրեցին, որ ճանապարհային քարտեզի իրականացման տեմպերը դրական են:
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ
Չեն համարձակվում ճանաչել, ուրեմն ինչ են ուզում:Պատրաստի մածնաբրդոշ թե ախորժակի քացախ: