Լրահոս
Օրվա լրահոսը

Թե ՀՀԿ-ի, թե ՀԱԿ-ի պատգամավորները խուսափողական պատասխաններ են տվել Ղրիմի հանրաքվեի վերաբերյալ. «168 ժամ»

Մարտ 18,2014 11:40

«Ճանաչո՞ւմ է արդյոք Հայաստանի Հանրապետությունը Ղրիմի հանրաքվեի արդյունքները, և ո՞րն է ՀՀ-ի դիրքորոշումն այս հարցի վերաբերյալ» հարցադրումն ուղարկեցինք ՀՀ նախագահի   մամուլի  քարտուղար Արման Սաղաթելյանին, ով առայժմ չի պատասխանել մեր հարցին։

Փոխարենը «168 ժամին» որոշ գրավոր մեկնաբանություններ տվեց Ազգային ժողովի «Հանրապետական» խմբակցության անդամ, ԱԺ Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Արտակ Զաքարյանը, ով, ըստ էության, խուսափեց հիշատակված հարցին կոնկրետ պատասխան տալուց։ «Ղրիմում անցկացված հանրաքվեն Ուկրաինայում և նրա շուրջ ծավալված արտաքին ու ներքին քաղաքական զարգացումների հերթական փուլն էր, որի արդյունքները բնավ անակնկալ չէին։ Իմ տպավորությամբ՝ հանրաքվեի գործընթացն ի սկզբանե սպասելի էր նաև Ուկրաինայի ներքաղաքական զարգացումների համատեքստում»,- նշեց Ա. Զաքարյանը։

Պատասխանելով մեր հարցին, թե ինչպե՞ս է գնահատում հայկական մամուլում և քաղաքագիտական շրջանակներում ԼՂ-ի և Ղրիմի հարցերի միջև որոշ համեմատությունները, Ա. Զաքարյանն ասաց. «Ինքնորոշման իրավունքի կիրառման համար յուրաքանչյուր դեպք ունենում է իր ուրույն պատճառներն ու նախադրյալները՝ պատմական, էթնո-քաղաքական, աշխարհաքաղաքական, սոցիալ-տնտեսական, անվտանգային, մշակութային և այլ դրսևորումներով։ Ես չեմ ցանկանում զուգահեռներ տանել ղարաբաղյան հիմնախնդրի հետ, որովհետև Ղրիմի պարագայում խոսքը գնում է խաղաղ ճանապարհով մի պետության կազմից մեկ այլ պետության կազմ անցնելու մասին։ Բայց միևնույն ժամանակ՝ ակնհայտ է, որ այդ գործընթացը տեղի է ունենում հանրաքվեի միջոցով, որի հիմքում ընկած է ինքնորոշման իրավունքը»:

Իսկ ԱԺ ՀԱԿ խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանը հարցի առնչությամբ մեզ հետ զրույցում ասաց. «Երբ խնդիրը վերաբերում է, մի կողմից՝ երկու հզոր աշխարհաքաղաքական բևեռների բախմանը (ընդ որում, խնդիրը շարունակական է և դեռ չի լուծվել), և երկու կողմերում էլ կան բազմաթիվ հայեր՝ թե Ղրիմի, թե մյուս շրջանների բնակիչներ, ապա, կարծում եմ, այս փուլում հայերը, հայկական կառույցները և Հայաստանի իշխանությունը պետք է հնարավորինս զերծ մնան գնահատականներ տալուց, քանի որ դա կարող է լարել իրավիճակը։ Այսինքն՝ մենք կարող ենք ունենալ տեսակետներ, մոտեցումներ, բայց պետք է մի փոքր զերծ մնալ գնահատականներ տալուց՝ կրակի վրա յուղ չլցնելու համար»։

Արամ ՍԱՐԳՍՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «168 ժամ»  թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31