Երեւանում հայտնված 01ԼԼ 034 պետհամարանիշի ոսկեգույն «Մերսեդեսի» տերը, պարզվում է, Երեւանի բնակիչ Հայկ Վարդանյանն է։ Հայկը շենգավիթցի է՝ «երրորդմասցի», 21 տարեկան։ Նրա հայրը գործարար է, ասում է՝ լայն հանրությանը ոչ հայտնի։
Հայկը պատմեց, որ ոսկեգույն մեքենաներ տեսել է Դուբայում, իսկ համացանցում ու սոցիալական ցանցերում բավականին երկար ժամանակ հետաքրքրվել է դրանցով։
Ասաց, որ իր մեքենան ոչ ոսկուց է, ոչ էլ ոսկեջրած։ Ըստ Հայկի, դրա մակերեսը ծածկվել է քրոմե ժապավենով, այսպես ասած «պլյոնկայով»՝ թաղանթով։ Հայկը 98 սմ լայնությամբ եւ 27 մետր երկարությամբ թաղանթը պատվիրել է Ուկրաինայից 4100 ԱՄՆ դոլար արժեքով։ «Շատ եմ տեսել ոսկեգույն մեքենաներ, կայքերից մեկում «Լադա Պրիորա» տեսա ու մտածեցի՝ ինչու՞ ես չեմ կարող իմ մեքենան ոսկեգույն դարձնել։ Ընկերներիս հետ որոշեցինք ու «պլյոնկա» պատվիրեցինք։ Տեսականի կա՝ կանաչ, կարմիր, կապույտ, ոսկեգույն ու հայելային։ Ընտրեցինք ոսկեգույնը»,- պատմեց «Մերսեդեսի» երիտասարդ սեփականատերը։
Պնդում է, որ բուն թաղանթապատելու աշխատանքների համար շատ քիչ գումար է ծախսել։ 300 դոլար է վճարել մասնագետին՝ մեքենայի որոշ դետալներ քանդել-տեղադրելու համար։ Իսկ գունափոխումը մեկուկես ամսվա ընթացքում անվճար կատարել են իր չորս ընկերները՝ «Դիզայն լաբ» ընկերութունից։
Կարդացեք նաև
«Լիքը պլյոնկա էլ մնացել է, հեռախոսս էլ եմ պլյոնկել, թաղի էրեխեքին էլ եմ տվել, որ իրենց հեռախոսները պլյոնկեն։ Թե կուզեք, ձեզ էլ կարող եմ մի կտոր տալ։ Թե չէ՝ մի օր մեքենան հանեցինք, ինչ ասես գրեցին»,- ասաց Հայկ Վարդանյանը։
Գագիկ ԱՂԲԱԼՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հայկական ժամանակ» թերթի այսօրվա համարում