Հատված ոեժիսոր, դերասան Աշոտ Ադամյանի հարցազրույցից:
– Կուսակցությունները, կարծես թե, միայն իրենց նեղ խմբակային խնդիրներն են լուծում, արդյունքում վերջերս ավելի ակտիվացել են քաղաքացիական շարժումները։ Դա լա՞վ է, թե՞ վատ։
– Ես երբեւէ չեմ եղել եւ չեմ պատրաստվում լինել կուսակցական, բայց նաեւ հասկանում եմ, որ այսօրվա պետականակառույց համակարգերը, որոնք սփռված են աշխարհով մեկ, դեռեւս չեն հրաժարվել քաղաքական կառույցներից, որոնք մեծագույն դեր են կատարում պետության մեջ։ Բայց դա ժողովրդավարական երկրներում է, որտեղ պատվիրատուն ժողովուրդն է, կատարողը՝ հասարակական, քաղաքական կառույցները։
Ինչ վերաբերում է՝ քաղաքացիակա՞ն, թե՞ քաղաքական, ապա կարծում եմ՝ սա երկսայր սուր է. եթե ժողովուրդը չի միավորվում, երբեք չեն միավորվի քաղաքական կուսակցությունները, եթե կուսակցությունները չեն միավորվում, հասարակության մեջ միավորման միտումներ չեն առաջանա։ Հետեւաբար, ոսկե միջինի հասկացությունը մեզ հուշում է, որ չմիավորվելու վերաբերյալ այն մեղադրանքները, որոնք կուսակցությունները կարող են շպրտել ժողովրդի երեսին, ժողովուրդն էլ կարող է նետել քաղաքական միավորումների երեսին։ Միավորման ցանկացած միտում ինձ համար ուրախալի է։ Գուցե յուրաքանչյուր կուսակցություն ինչ-որ հատուկ ուղղվածություն ունի, ինչը մյուսներին խորթ է, բայց միթե չկան ընդհանուր խնդիրներ, որոնց վերաբերյալ կա միասնական կարծիք, եւ որոնց շուրջ պետք է միավորվել։ Մեկն, ասենք, գյումրեցի է, մյուսը՝ ապարանցի, երրորդը՝ երեւանցի, չորրորդը՝ ղարաբաղցի։ Մի կողմից վատ է նման տարբերակում դնելը, մյուս կողմից էլ լավ է, որ մենք տարբեր ենք, բայց միթե չկան երկու-երեք ուղղություններ, որտեղ կարող ենք ոչ թե գզել միմյանց, այլ միասին գնալ։
Կարդացեք նաև
– Ձեզ չի անհանգստացնո՞ւմ այն, որ հիմա մեզ մոտ իշխում է ոչինչ չանելու, մի կերպ յոլա գնալու մտածելակերպը։
– Ես չեմ սիրում, երբ ասում են՝ պիտի դիմանանք, յոլա գնանք, դրանք ամենավնասակար, ամենախանգարիչ արտահայտություններն են։ Երկրի համար օգտակար է այն մարդը, ով ասում է՝ պետք է անենք, պետք է ավելի լավը դառնանք։
Ռուսլան ԹԱԹՈՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժողովուրդ» թերթի այսօրվա համարում