Լրահոս
Օրվա լրահոսը

Չեմ գա

Մարտ 18,2014 14:30

Սիրելի քույրիկ իմ, հերթական անգամ գայթակղում ես ինձ, առանց կուտակային կենսաթոշակի մնացած ծերուկիս՝ ձեր շվեյցարական Ալպերով: Ախր ես ինչպես… եւ այլն:

Դու ինձ չես հասկանա, որովհետեւ գիտեմ, որ երբեք ֆուտբոլ չես սիրել, քանի որ մեր հավաքականի խաղերը միշտ քո սերիալների ժամին էին ցույց տալիս: Դե լավ, եթե չես պատկերացնում, թե ինչպես կարող է Մխիթարյանի երկրպագուն վեր կենալ ու գնալ հենց այն պահին, երբ մեր Հենրիկը մեն-մենակ է մնացել Վալդեսի դեմ, գոնե պատկերացրու, որ քեզ Շվեյցարիա են հրավիրում, երբ քո սիրած սերիալում ուր որ է պարզվելու է, որ դոն Անտոնիոն է սպանել Իզաբելայի վարսավիրին: Թե՞ վարորդն էր, չեմ հիշում արդեն: Բայց բոլոր դեպքերում՝ բա չէի՞ր ասի՝ մի րոպե…

Հիմա ես էլ քեզ նույնն եմ ասում, քույրիկ ջան՝ մի րոպե… Սպասիր, տեսնենք այս միասնական օրակարգի հարցը ինչ է լինում, հետո կգամ: Ինձ համար արդեն սկզբունքի հարց է՝ լավ, ողջ կյանքս անցավ՝ մի անգամ չտեսանք, որ ընդդիմությունը հաղթի: Ինչ ասես, արեցին՝ քանի անգամ գլխավոր մարզչին փոխեցին, հազար անգամ վերադասավորվեցին, հիմա նույնիսկ թիմի անունն են փոխել՝ այլեւս ընդդիմություն չեն կոչվում, այլ ոչ իշխանական ուժեր:
Դու, իհարկե, հիմա արդեն բոլորովին այլ միջավայրում ես ապրում: Ու գիտե՞ս, շատ էլ ուրախ եմ, որ Մոնբլանի գագաթից թքած ունես մեր պրոբլեմների վրա: Բայց ես իմ տարիքում հո չե՞մ կարող քո հետեւից այնտեղ մագլցել: Մեզ բոլորիս այս տեղական ֆուտբոլը տարել է, մոլագար երկրպագուների նման ամեն խաղին գնում ենք Ազատության հրապարակ, հետո Անդոյի ու Սուրոյի հետ մեր կողքի շենքի տակի գարեջրատանը նստում ենք ու սկսում վերլուծել մեր ընդդիմության խաղը…

Ասեմ քեզ, որ սկսել են գրագետ խաղալ, առաջվա նման չի, երբ, հիշո՞ւմ ես, դեռ խաղը չսկսած՝ նստում էինք հեռուստացույցի դիմաց ու հուսահատ հոգոց քաշում՝ «Է, նորից կրվելու են», չնայած բոլորիս հոգու խորքում մի փոքր, աննշան հույս կար: Այն ժամանակ գիտեինք, որ նույնիսկ եթե լավ խաղան, կամ հակառակորդը կտա, կջարդի, կամ էլ Կենտրոնական ընտրականի գլխավոր մրցավարը մի երկու պենալ կնշանակի մերոնց դարպասին, նրանց խաղից դուրսն էլ չի հաշվի ու վերջ՝ էլի սպասիր մի չորս տարի՝ մինչեւ հաջորդ ընտրություններ:
Հիմա այդպես չի: Գիտե՞ս ինչին է նման՝ մեր հավաքականի խաղին: Չես կարող ասել, որ վատ են խաղում, տղերքը ջանք են թափում, խորհրդարանում ակտիվացել են, մեկ-մեկ լավ հարձակումներ են կազմակերպում կառավարության հարց ու պատասխանի ժամին, բայց միեւնույն է՝ միշտ ինչ-որ բան խանգարում է, վճռական պահին՝ քվեարկության ժամանակ, նրանք ամբողջ թիմով առաջ են անցնում, ու մերոնք հերթական անգամ դուրս են մնում եզրափակիչից:

Իսկ դու ասում ես՝ ամեն ինչ թող ու արի: Հա, շատերը չեն դիմանում: Վովան գնաց: Հիշո՞ւմ ես, որ հետեւիցդ էլ ման էր գալիս: Լավ էլ արեցիր, որ հետը չկապվեցիր՝ տեսնո՞ւմ ես, հիմա Ուկրաինայում ինչ է կատարվում, արտադրամասն էլ ձեռքից խլել են, չնայած Մայդանին ավտոդողեր էր մատակարարում:

Էս վերջին տարիներին շատերը մեր թիմի շարունակական պարտություններից հուսալքված թռան… Արդեն սովորական է դարձել՝ տղերքով նստած հեռուստացույցով մեր թիմի խաղն ենք նայում, մեկը ճամպրուկով մտնում է, հաշիվը հարցնում է, հետո բոլորիս համբուրում ու բարով մնաք… Մի քանի օր հետո՝ մյուսը… Էլ հաշիվն էլ չեն հարցնում՝ մեր դեմքերից կռահում են…
Բայց ես դեռ կմնամ: Անդոն ու Սուրոն էլ են հետս: Չնայած նրանք տեղ էլ չունեն գնալու՝ Ազատության հրապարակ, գարեջրատուն, մեր տուն, իրենց տուն… Քեզ նման գյոզալ քույրիկ չունեն, որ ամբողջ օրը Ժնեւ հրավիրի: Եթե ունենային, երեւի վաղուց էլ գնացել էին ու ինձ մենակ էին թողել այս անվերջ խաղը դիտելու:
Հա, ես, իհարկե, չափազանցնում եմ, բոլորովին էլ մենակ չեմ, դուրս ես գալիս, փողոցն անցնել չի լինում՝ այնքան շատ մեքենա կա, սրճարաններն էլ լիքն են, նստելու տեղ չկա, բայց գիտե՞ս, քույրիկ ջան, ինձ մեկ-մեկ թվում է, թե բոլորը, ովքեր դեռ չեն գնացել ու մնացել են, ինձ պես մենակ են: Ինձ պես գնում են աշխատանքի, ծիծաղելի փող են ստանում, գալիս են տուն, ճանապարհին իրար հանդիպում են, հարցնում են՝ «Բա վերջը ի՞նչ է լինելու»՝ լավ իմանալով, որ վերջը հենց սա է, եւ ուրիշ վերջ չի լինելու, այսպես էլ շարունակվելու է, հետո բաժանվում, գնում, նստում են հեռուստացույցի առաջ ու արդեն անտարբեր, բոլորովին անտարբեր դիտում այս անվերջանալի խաղը:

Միգուցե ես սխալվում եմ, բայց ինձ թվում է, որ արդեն ոչ ոք չի էլ հավատում, որ եթե մերոնք հանկարծ հաղթեն, իրենց համար ինչ-որ բան կփոխվի, պարզապես սպորտային հետաքրքրության նման մի բան է առաջացել՝ վերջը մերոնք հաղթելո՞ւ են…
Ես քեզ ավելին ասեմ, երբեմն զգում եմ, որ նրանք, ում որ մերոնք ուզում են հաղթել, նրանց մոտ էլ է այդ սպորտային հետաքրքրությունն առաջացել՝ վերջը մեզ հաղթելո՞ւ են, թե՞ մենք հավերժ ենք:

Քույրիկ ջան, սիրելիս, այս մասին խնդրում եմ ոչ մեկին չասես, բայց քեզ մի գաղտնիք էլ ասեմ՝ ինձ մոտ վերջերս այնպիսի տպավորություն է ստեղծվել, որ իրականում ոչ ոք ոչ մեկին էլ չի ուզում հաղթել, ու բոլորն էլ ուզում են, որ այսպես մնա: Ու ոչ ոք չի հասկանում, որ դա ամենավտանգավորն է: Մի դիրքում երկար մնացիր՝ անպայման հիվանդանալու ես:
Լավ, ես գնամ խաղը նայեմ, հա՞… Քիչ հետո միասնական օրակարգն են հայտարարելու, տեսնեմ ո՛ւմ հրաժարականն են պահանջելու:

Ի՞նչ ես ծիծաղում: Հա, շատ լավ գիտեմ, որ հիմա կարդում ու ծիծաղում ես… Ու ես շատ ուրախ եմ, որ ծիծաղում ես: Որովհետեւ ես էլ եմ մեկ-մեկ ինքս ինձ վրա ծիծաղում, մեր բոլորիս վրա…
Բայց չեմ գա: Մինչեւ չտեսնեմ, թե այս ամենն ինչով է ավարտվում, չեմ գա: Ցավդ տանեմ, բա չիմանա՞նք՝ վերջը Իզաբելայի վարորդի՞ն է սպանում այդ քո դոն Անտոնիոն, թե՞ վարսավիրին…

ԱՐՄԵՆ ԴՈՒԼՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31