Լրահոս
Օրվա լրահոսը

Արմեն Մարտիրոսյանի ղարաբաղյան «անցյալը»

Մարտ 18,2014 14:13

Կամ՝ ինչ էր անում դաշնակցական ուսանողը Շուշիում

«Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը ուսանող տարիներին աշխատել է Շուշիում: Ասում է՝ 93-ի ամռանը որոշում է կայացրել ոչ միայն աշխատել տեղի «Արամ Մանուկյան» վարժարանում, այլեւ մասնակցել մարտական գործողությունների: Մինչ այդ ներգրաված է եղել դպրոցի վերանորոգման աշխատանքներում: «Այնպես ստացվեց, որ այդ ժամանակ մեր ֆակուլտետի դեկանը արտերկրում էր, եւ ես մեկ այլ ֆակուլտետի դեկանի տեղեկացրի Շուշիում աշխատելու որոշմանս մասին: Նա էլ գովեց, թե հայրենասիրական գործ եմ անում ու մոռացավ տեղեկացնել անմիջական ղեկավարիս, որը ծնունդով շոշեցի էր: Շուշիի մոտ գտնվող այդպիսի գյուղ կա»,- պատմում է մեր զրուցակիցը: Չնայած իր գերազանց սովորելուն, բարձր առաջադիմությանը, որոշում են հեռացնել բուհից, քանի որ մտածում են, թե Արմեն Մարտիրոսյանը ոչ թե Շուշիում է, այլ Ռուսաստանում գումար է վաստակում դասերի հաշվին: «Քանի որ եւ դասախոսը, եւ ընկերներս հայտնեցին, որ այլ տարբերակ չկա, ու ինձ հեռացնում են, ստիպված վերադարձա Երեւան: Մոտավորապես մեկ ժամ ամբողջ Շուշիի պլանը եւ քարտեզագրումը ներկայացրի դեկանին՝ փողոց առ փողոց, եկեղեցիներով ու մզկիթներով, նոր համոզվեց: Երբ ինքը վերջին անգամ եղել էր Շուշիում, այն շենքը, որտեղ վարժարանն էր, դեռեւս կառուցված չի եղել: Ինքը պանսիոնատները գիտեր, որտեղ գտնվում էր Շուշիի հրամանատար Վաչոյի գունդը, բայց դպրոցի շենքին ծանոթ չէր»,- շարունակում է Արմեն Մարտիրոսյանը: Նա մի քանի դրվագ ներկայացրեց Շուշիի՝ իր անցյալից:
«Այդ տարիներին ես ՀՅԴ «Նիկոլ Աղբալյան» ուսանողական միության անդամ էի եւ ցանկություն ունեի դաշնակցական ջոկատի հետ մարտական գործողությունների մասնակցել: Որոշակիորեն տիրապետում էի զենքի, դրա համար էլ մեկ շաբաթ մեր պատմության ուսուցիչ, ազատամարտիկ Արտակ Դաբաղյանին համոզեցի, որ ինձ իր հետ պոստեր տանի, հետո երկուսով մի կերպ շտաբի պետին համոզեցինք: Առավոտյան արդեն ռազմական հանդերձանքով ներկայացա հատուկ վաշտ ու մեքենա բարձրացանք: Տասը մետր էլ չէինք շարժվել, մեկ էլ դաշնակցական ջոկատի հրամանատար Ժիրայր Սեֆիլյանը հարցրեց, թե ով եմ ես: Արտակն ասաց, որ «Նիկոլ Աղբալյանից» եմ, ֆիզկուլտուրայի ինստիտուտում սովորող ուսանող, ֆիզիկապես ամուր, զենքին էլ տիրապետում եմ: Ժիրայր Սեֆիլյանը հարցրեց՝ բանակում անցե՞լ ես այդ ամենը, ասացի՝ չէ: Վարորդին հրահանգեց մեքենան չքշել, մինչեւ չիջնեմ: Նախատեց՝ տղա ջան, եթե քեզ մի բան պատահի, ի՞նչ պատասխան եմ տալու ծնողներիդ: Ի դեպ, Արտակն էլ կարճ մնաց պոստերում, որովհետեւ ուղիղ երկու օր հետո ջոկատը պոստերից ընդհանրապես հանեցին»:

Մյուս պատմությունը նկարիչ Հովիկի հետ է կապված, որի հետ միասին պիտի գնային Շուշիի դիմացի հարթ վայրում՝ Խաչին տափում նկարելու: Այնպես է պատահում, որ միմյանց կորցնում են, մոլորվում: Բայց ի տարբերություն նկարչի, Արմեն Մարտիրոսյանը դժվարություններով է հասնում պայմանավորված վայրը ու ժայռերի վրայով բարձրանում: «Բուհում ալպինիզմ էինք անցել, որը ոսկե կանոն ունի՝ ոչ մի դեպքում խոտից չբռնվել: Բայց ես բռնվեցի, որովհետեւ ուրիշ ճար չունեի: Բարեբախտաբար, հենց բարձրացա, խորտը պոկվեց-մնաց ձեռքումս, վերեւում էլ Հովիկին հանդիպեցի: Անկեղծ ասած, ճակատագրապաշտ չեմ, բայց միշտ Աստծո ձեռքը զգացել եմ վրաս, եւ այդ օրը, եւ մարտի 1-ին»,- ասում է Արմեն Մարտիրոսյանը:

Նա մի հետաքրքրաշարժ դրվագ էլ պատմեց: Հիշում է, որ պատերազմական վիճակ էր, ու ինքը գնացել էր Ստեփանակերտ, դպրոցի համար գույք գնելու. «Ասացի մի քիչ էլ կշրջեմ Ստեփանակերտում, բնականաբար գործուղումային թերթիկս ու ուսանողական տոմսս էլ ձեռքիս էին: Ասկերանի ճանապարհային հատվածում պարեկային ծառայություն կար: Էնտեղից տեսան, որ առանց զինվորական համազգեստի, բանակային տարիքի ինչ-որ երիտասարդ իր համար ման է գալիս: Մոտեցան՝ տղա ջան, դու ո՞վ ես: Ասացի, որ վարժարանում եմ աշխատում: Տղամարդը չհավատաց՝ ասաց, դու աչքիս կատու կրասկա տվող երեւանցի ես, կարող ա՞ բանակից փախած ես: Ժպտացի՝ հո բանակից չէի փախչելու Ղարաբաղ գայի: Ասացի՝ ապարանցի տղա եմ, զեմլյակ մարդիկ ենք: Այդ խոսքի վրա, վերաբերմունքը փոխվեց, սկսեց ծիծաղել: Ապարանցիներին ղարաբաղցիները լավ են վերաբերվում: Կռվի ժամանակ շատ էին ապարանցի տղաները»:

Մեր զրուցակիցը փաստեց, որ Շուշին իր վրա մեծ ազդեցություն է թողել՝ ճիշտ արժեքների եւ պետական մտածողություն սերմանելու առումով: Նաեւ հիշեց, որ «Արամ Մանուկյան» վարժարանում իր հետ աշխատել են նախկին սոցապ նախարար Արսեն Համբարձումյանը, նույն նախարարությունում աշխատող, այժմ ակտիվ ֆեյսբուքահայ Արթուր Եղիազարյանը: Նրա ձեւակերպմամբ, Երեւանից Շուշի տեղափոխվածները հրաշալի մարդիկ էին, հայկական արմատը մեջներն ամրացած անձնավորություններ:

Զավեշտալի դրվագներից մեկն էլ վերաբերում է սեպտեմբերի մեկին: Տղաներից մեկը իբրեւ զարթուցիչի երաժշտություն ԽՍՀՄ հիմնն է դնում: Առավոտյան հիմնի ազդարարումով բոլորը մեկ մարդու նման արթնանում են, որ վարժարան գնան: Քնած է մնում միայն Դանիել անունով իրաքցի երիտասարդը: Տղաները սկսում են կատակել, թե Դանիելի վրա այդ հիմնը, բնականաբար, չէր կարող ազդել, քանի որ նա ո՛չ խորհրդային տարածքում է ապրել, ո՛չ էլ ԽՍՀՄ-ի ժամանակ: Արմեն Մարտիրոսյանին սկզբում խորթ է եղել Արցախի բարբառը, անգամ որոշ բառեր, օրինակ՝ այդ բարբառով քնելը (քոնընել), իբրեւ հայհոյանք է ընկալել, հետո ամեն ինչ տեղն է ընկել: Նույնիսկ ութ տարով իրենից փոքր եղբորը՝ Արշակին է հետը Արցախ տարել, որ սովորի «Արամ Մանուկյան» վարժարանում: Հետո էլ եղբայրը ծառայել է Մարտակերտում:
Ծնողները երբեք դեմ չեն եղել իր որոշումներին: Նրանցից է ժառանգել հայրենիքի նկատմամբ պատասխանատվության զգացումը: Նշում է, որ հայրը 88-ից սկսյալ՝ որպես ինժեներ օգնել է ղարաբաղյան ջոկատներից մեկին, որպեսզի կապի միջոցները վերանորոգեն:
«Երիտասարդների՝ այդ տարիների ոգեւորությունը պետք էր աչքի լույսի պես պահել: Մենք այդ թվերին շատ մեծ ծավալով կարող էինք պետական եւ ազգային մտածելակերպը բերել արժեքային համակարգ, եւ արժեքային համակարգն էլ այնպիսին լիներ, որ համապատասխաներ պետության զարգացման նպատակներին: Ցավոք սրտի, այդ ամենը շատ արագ դեգրադացվեց, եւ հիմա ունենք այն, ինչ ունենք: Իմիջիայլոց, անգամ ԽՍՀՄ-ի օրոք պետական մտածողության որոշ տարրեր կային, պատկերացնո՞ւմ եք գեներալների, որոնք ԽՍՀՄ-ի ժամանակ բիզնեսներ ունենային, ինչ-որ ձեւով առնչություն՝ ընտրակեղծարարների հետ: Կամ մանկավարժները նախկինում հասարակության ամենահարգված խավն էին, իսկ հիմա իշխանությունները նրանց վեհ անունը իջեցրել-սարքել են կեղծարարության հոմանիշ»:
Արմեն Մարտիրոսյանն ասում է, որ մանկավարժությունը սիրելի աշխատանք է, ինքը որեւէ խնդիր չի ունեցել ոչ վարժարանում, ոչ էլ բուհում դասավանդելիս:

Դառնալով Շուշիի՝ իր կենսագրությանը, հավելում է. «Ինձ համար ամենամեծ դասը պետականության դասն էր, ոչ միայն երեխաների հետ էի շփվում, այլեւ զենք տեսնում, ու ռազմի շունչը զգում: Իմ քսանամյակը լրացավ Շուշիում, իսկ դպրոցական ընկերոջս քսանամյակը՝ Ռուսաստանում, եւ նա իր ծննդյան օրից մի քանի օր անց ավտովթարի զոհ դարձավ: Ըստ էության, հավանականությունն ավելի մեծ է, որ ավելի շուտ Ղարաբաղում քեզ մի բան կլինի, քան Ռուսաստանում, օրինակ, ծառայությունս ավարտելուց հետո մեր զորամասի մեքենան ականի վրա կանգնեց, բայց…»:

Բուհում ուսումնառության մասին էլ Արմեն Մարտիրոսյանն ասում է. «Միակ դաշնակցական ուսանողն էի, եւ որեւէ խնդիր չկար, այն ժամանակ էլ իշխանությունը ՀՀՇ-ինն էր: Ի դեպ, մեր բուհի ուսխորհրդի ստեղծողներից եմ եղել, ոչ մի դժվարության չեմ հանդիպել: Նույնը դասավանդելիս: 22 տարեկանից դասախոսել եմ: Ամեն ինչ հարթ է լինում, երբ քո եւ ուսանողի կամ ուսուցիչ եւ աշակերտի հարաբերությունները փոխադարձ հարգանքի վրա են կառուցված լինում»:

ԳՈՀԱՐ ՀԱԿՈԲՅԱՆ

 «Առավոտ» օրաթերթ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31