Լրահոս
Օրվա լրահոսը

Մարտին Վարդազարյանի հումորը լուրջ են ընդունել

Մարտ 18,2014 14:01

Կոմպոզիտորը՝ դասական արվեստը պահանջված դարձնելու մասին

«Գուցե շաբաթվա ընթացքում մեկ օր հայաստանյան բոլոր TV-ները նույն ժամին հեռարձակեն դասական նույն ստեղծագործությունը», հանդիսատեսին կրթելու, նրան համերգասրահ բերելու առիթով վերջերս հեռուստաեթերով ճանաչված կոմպոզիտոր Մարտին Վարդազարյանի կեսկատակ-կեսլուրջ արտահայտած այս միտքը շատ արվեստագետներ լուրջ են ընդունել: Ավելին, նրանք իրենց կոլեգայից, որը Երեւանի ավագանու անդամ է, սպասում են, որ այդ հարցը կոմպոզիտորը մոտ ժամանակներս կհնչեցնի ավագանու նիստում: Հիասթափեցնելով արվեստագետներին, ասենք, որ այս առիթով պարոն Վարդազարյանն «Առավոտին» հիշեցնելով, թե ինքը կեսկատակ-կեսլուրջ է ասել, նույն ոճով էլ շարունակեց. «Եթե նույնիսկ դա չհաջողվի, հեռուստադիտողների մեծ մասը այդ ժամին դիտեն արտերկրյա ալիքներ կամ անջատեն հեռուստացույցը, այդպիսով գոնե կխնայեն էլեկտրաէներգիան»:

Փաստելով, որ բացառությամբ արտերկրում հայկական եկեղեցիների դեմ ոտնձգությունների առիթով հնչող «մշակութային» մտահոգություններից, Ազգային ժողովում երբեւէ այլ բնույթի հարց, ասենք՝ ինչպես ձեւավորել հանդիսատես, չի ուղղվում մշակույթի նախարարին, հետաքրքրվեցինք, թե վերջին շրջանում քաղաքապետարանում մշակութային ի՞նչ հարցեր են բարձրացվել: Մեր զրուցակիցն ասաց, որ միայն Դպրոցականի ֆիլհարմոնիայի վերաբացումը կարելի է համարել մեծ առաջընթաց, գոնե հաշվի առնելով այն հանգամանքը, որ հենց այդ տարիքից են, եթե ոչ ավելի վաղ, ձեւավորում, կրթում հանդիսատես: Պարոն Վարդազարյանը հավելեց նաեւ, թե ֆինանսական չարաշահումներից զերծ մնալու նպատակով դպրոցներում աբոնեմենտների վաճառքը կասեցնելուց հետո, այնուամենայնիվ, դարձյալ հաշվի առնելով դպրոցական տարիքում ձեւավորվող ճաշակի հանգամանքը, առաջարկել են աբոնեմենտների կամ տոմսերի ձեռքբերումը ուսումնական հիմնարկներում տեղի ունենա ոչ թե պարտադրաբար, այլ կամավորության սկզբունքով: Ռեպլիկին, թե մեղմ ասած՝ լավ չէ, որ բազմադարյա մշակույթ ունեցող ժողովրդին, մեզ՝ հայերիս, նոր են «վարժեցնում» բարձրակարգ արվեստի հետ շփվելուն, Մարտին Վարդազարյանն ասաց. «Երբ 1960-ականներին Երեւանի քաղսովետի նախագահ Գրիգոր Հասրաթյանի նախաձեռնությամբ առաջին անգամ Սայաթ-Նովայի փողոցում վարդի թփեր տնկեցին, իսկույն գողացան: Նորից տնկեցին, կրկին գողացան, էլի տնկեցին՝ դարձյալ գողացան… Տնկեցին, մինչեւ մարդիկ սովորեցին չգողանալ: Նման ձեւով պետք է վարվել դասական երաժշտություն քարոզելու պարագայում…»:

Բազմաթիվ անգամ հյուրախաղորդ շատ արվեստագետներ հիացմունքով են արտահայտվել հայ հանդիսատեսի մասին: Վերջին շրջանում, սակայն, նույն հայ հանդիսականի պարագայում, ունենք կիսադատարկ կամ լրիվ դատարակ դահլիճներ: Սա այն դեպքում, երբ մշակութային կյանքը, գոնե դատելով հայտագրերից, «եռում» է:

Օրինակ՝ Ճապոնիայում տեղի պառլամենտը՝ Կոկկայը, յուրօրինակ կերպով է լուծում հատկապես դասական երաժշտության հանրայնացման առումով: Դասական համերգներին հաճախած հանդիսատեսի ամբողջ տարվա ընթացքում գնած տոմսերի գումարը երկրի կառավարությունը Կոկկայի ֆինանսական աջակցությամբ տարեվերջին ներկայացված տոմսերի հիման վրա մեծ թվերի հասնող գումարի տեսքով վերադարձնում է հանդիսականին: Էստոնիայի պառլամենտը շրջանառության մեջ է դրել որոշում, ըստ որի՝ հատկապես ծխախոտի եւ ալկոհոլի վաճառքի շրջանառությունից որոշակի տոկոս ուղղակիորեն հատկացվում է միայն մշակույթի ոլորտի խնդիրների լուծմանը: Ֆրանսիան էլ, որը ԱՄՆ-ի նման արվեստի ֆինանսավորումը թողել է մասնավոր հատվածին, այնուամենայնիվ, դասական արվեստի դարբնոց «Գրանդ Օպերա» թատրոնը ամբողջությամբ ֆինանսավորվում է պետության կողմից: Տարբեր երկրներում տարբեր կերպ է կանոնակարգվում մշակութային ոլորտի գործունեությունը, այն նկատառումով, որ մշակույթը ինքնուրույն լինելով հանդերձ, ինքնահոսի չմատնվի եւ չհանձնվի շուկայի խիստ ազատ քմահաճույքներին: Իսկ ազատ շուկան շատ անգամ կործանարար դեր է խաղում հատկապես դասական եւ ավանդական արվեստների ոլորտներում:

ՍԱՄՎԵԼ ԴԱՆԻԵԼՅԱՆ

Լուսանկարը՝ armstar.am-ի:

«Առավոտ» օրաթերթ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Հանդիսատես կրթելու այդ սովետական մեթոդը հնացած և ձախողված է:(Ինչեր ասես, որ չարվեց սովետական տարիներին): Անհրաժեշտ է նոր մեթոդ գտնել… օրինակ` մշակութային շուկա զարգացնել` հասարակությանը հոգեհարազատ ներկայացումներ և համերգներ կազմակերպելով…

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31