Հատված Գեղարքունիքի մարզպետ Ռաֆիկ Գրիգորյանի հարցազրույցից։
– Պարոն Գրիգորյան, ըստ ԱԺ նախկին պատգամավոր Գագիկ Թադեւոսյանի՝ անհապաղ պետք է դադարեցնել Սեւանա լճի հետ կապված ծրագրերը, քանի որ այն վնասակար է լճի համար։ Դուք ի՞նչ եք մտածում այդ ուղղությամբ։
– Իսկ ով է ապացուցում, որ դա վնասակար է Սեւանա լճի համար։ Սիջազգային բավականին հեղինակավոր մասնագետներ են աշխատել Սեւանա լճի ծրագրի վրա։ Այդ ծրագրում գործողությունները ներկայացված են փուլային տարբերակով. առաջին էտապում մենք պետք է կառուցենք երկու խոշոր ժամանակակից ձկնաբուծական գործարան։ Ձկնաբուծական գործարանը կառուցելուց հետո տարիների ընթացքում աճեցրած ձկնկիթը պետք է արդեն բուծեն Սեւանա լճում։
Կարդացեք նաև
Ես կարծում եմ, որ այսօր ո՛չ դուք, եւ ո՛չ էլ ես որեւէ բան այդ առումով չենք կարող ասել, քանի որ ծրագիրն ինքը բավականին մեծ փորձաքննություն է անցել ու ՀՀ-ում համապատասխան մասնագետները տվել են իրենց կարծիքը։ Ես բնապահպան չեմ ու չեմ կարող մանրամասն բացատրել ծրագրի բուն էությունը, բայց կոնկրետ գիտեմ, որ ծրագիրը բավականին արդյունավետ ազդեցություն կունենա մարզի ազգաբնակչության համար։
Ծրագրի ավարտից հետո, այնտեղ պետք է աշխատի մեր մարզի 5 հազար բնակիչ։ Եվ այսօր կանգնել ու չիմանալով, դեռ չքննարկված ու դեռ չսկսված ծրագրի մասին խոսել ու ասել, թե ծրագիրը վտանգավոր ազդեցություն կթողնի Սեւանա լճի վրա, կարծում եմ՝ ճիշտ եւ կոռեկտ չէ։ Կրկնում եմ՝ ծրագրի վրա աշխատել են բազմաթիվ հեղինակավոր մասնագետներ։
– Գ. Թադեւոսյանը նշել է, որ տարիներ հետո Սեւանա լիճը վերածվելու է ճահճի, քանի որ այդ ձկնաբուծարանները հիմնականում աշխատելու են վտանգավոր նյութերով հագեցած արհեստական կերերով։ Ի՞նչ կասեք այս մտահոգությանն ի պատասխան։
– Ուրեմն տարեկան 50 հազար տոննա նյութեր են լցվելու ու այնտեղ մասնագետները նաեւ կոնկրետ բացատրել են, թե դա ինչպես է իրականացվելու։ Այդ հարցը առաջինը ես եմ բարձրացրել, դա միանգամից չի լցվելու Սեւանա լիճ, այն լինելու է չափաբաժնով։ Ու շատ հաճախակի համապատասխան մասնագետներ ուսումնասիրելու են Սեւանա լճի էկո համակարգը։ Միջազգային լիցենզավորված ընկերությունը պետք է մատակարարի կերը ու ոչ մի քիմիական տարր չպետք է պարունակեն այդ կերերը։ Ամեն ինչ արվում է, որպեսզի կերի գործարանը կառուցվի ՀՀ-ում։ Ու բոլորը շահագրգռված պետք է լինեն, որպեսզի ամեն ինչը համապատասխանի օրենքին։
Դեռ չսկսած՝ դրա անօգտակար ազդեցությունների մասին խոսելն ուղղակի անլուրջ է։
Սոնա ԳՐԻԳՈՐՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժողովուրդ» թերթի այսօրվա համարում