Այսօր Երևանում մեկնարկել է «XXI-րդ դարի Եվրասիան` խնդիրներ և հեռանկարներ» եռօրյա միջազգային կոնֆերանսը: Միջոցառումը կազմակերպվել է ԱՊՀ երկրների երիտասարդական միության կողմից` Ռուսաստանի Դաշնության Հասարակական պալատի օժանդակությամբ: Կոնֆերանսին մասնակցում են փորձագետներ 8 երկրից` Հայաստանից, Ռուսաստանից, Բելոռուսիայից, Ուկրաինայից, Ղազախստանից, Ղրղզստանից, Տաջիկստանից և Լատվիայից:
Կոնֆերանսի մեկնարկին հնչեցին ՀՀ վարչապետի եւ ԱԺ նախագահի խոսքերը: Տիգրան Սարգսյանն իր ողջույնի խոսքում նկատել էր, որ Հայաստանը մշտապես եղել է ԱՊՀ տարածքում սերտ կապերի եւ ինտեգրացիոն գործընթացների կողմնակից: Վարչապետն ընդգծել էր որ Մաքսային միությանն անդամակցության ճանապարհային քարտեզը Հայաստանը հետեւողականորեն կատարում է ու արդյունքներն ակնհայտ դրական են: Ըստ այդմ, նա նկատել էր, որ 2014-ի մայիսին Հայաստանը պատրաստ կլինի ստորագրել Մաքսային միությանն անդամության փաստաթուղթը: Վարչապետը նաեւ ընդգծել էր, որ Մաքսային միությանն անդամակցությամբ Հայաստանն առավել հեռահար խնդիրներ է դնում իր առջեւ` եվրասիական տնտեսական միությանն անդամակցել, որն էլ ավելի կամրապնդիր մեր կապերը:
ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի ողջույնի խոսքում զուտ դեկլարատիվ ամրագրումներ էին կատարված հետխորհրդային տարածքում համագործակցությունների եւ դրանց ամրապնդման մասին:
ՌԴ նախագահի աշխատակազմի Արտաքին հարաբերությունների եւ միջազգային համագործակցության վարչության ղեկավար Վլադիմիր Չեռնովի ողջույնի խոսքում ամրագրված էր, որ նման միջոցառման Հայաստանում անցկացնելը բնավ էլ պատահական չէր: Ըստ ռուս չինովնիկի , անցյալ տարի, սեպտեմբերի երեքին ՀՀ նախագահի Հայտարարությունը հայ ժողովրդի կամքի ու որոշման արտահայտությունն էր: Ռուս չինովնիկը հույս էր հայտնել, որ եվրասիական տնտեսական համագործակցությունն էլ ավելի մրցունակ կդարձնի միությունը:
Կարդացեք նաև
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ