Մնջախաղի, Ստանիսլավսկու անվան, Պարոնյանի անվան, Հովհ. Թումանյանի անվան տիկնիկային թատրոնի դերասանները այսօր՝ մարտի 17-ին, պատրաստել էին գեղարվեստական իրազեկման ակցիա՝ ընդդեմ կենսաթոշակային պարտադիր վճարներին: Ակցիաներ տեղի ունեցան Առնո Բաբաջանյանի արձանի շրջակայքում, Շառլ Ազնավուրի անվան հրապարակում եւ Հանրապետության հրապարակում:
Հովհ. Թումանյանի անվան տիկնիկային եւ Մնջախաղի թատրոնների դերասանուհի Իննա Հախնազարյանը հայտարարեց, որ իրենց իրավունքների համար գեղարվեստորեն են պայքարում. «Ուզում ենք ասել, եթե բյուջեն դատարկ է, ուզում են լցնել, ապա թո՛ղ լցնեն այնպես, ինչպես դատարկել են, ոչ թե մեր հաշվին»:
Կարդացեք նաև
Դերասանուհու խոսքերով՝ ակցիայում ոչինչ պատահական չէ. հովանոցները, որոնցով որ պայքարում են, մի պահ իրենց ձեռքերում դառնում են սուսեր, եւ հենց դրանցով իրենք պայքարում են, իսկ հետո այդ նույն հովանոցներով գունավոր երկինք են կառուցում.
«Մեր մեջ կար մի երիտասարդ, որը շրջում էր պատառոտված հովանոցով, դա այն երիտասարդի ապագան է, ով կողմ է պարտադիրին»:
Իսկ Հովհ. Թումանյանի անվան տիկնիկային թատրոնի դերասանուհի Տաթեւ Մելքոնյանը, վերցնելով ներկաներից մեկի դրամապանակը, խոստացավ այն հետ տալ 40 տարի անց՝ պատճառաբանելով, որ նույն բանը անում է պետությունը:
Իրազեկման ակցիային ներկա էին նաեւ «Դեմ եմ» շարժման նախաձեռնող խմբի անդամները, որոնցից Արտաշես Արաբաջյանը նշեց, որ ակցիան նախաձեռնել էին դերասանները, իսկ իրենց դիմել էին պարզապես, որ հանրությանը տեղեկացնեն ակցիայի մասին:
Ակցիայի մանրամասները՝ տեսանյութում:
Ամի ՉԻՉԱԿՅԱՆ