Լրահոս
Գոռոզություն
Օրվա լրահոսը

«Եթե կառավարությունը ձևախեղված է, մեղավոր եք նաև դուք». հոգեբանը` «հրաշալի քառյակին»

Մարտ 17,2014 21:50

Aravot.am-ի հետ զրույցում հոգեբանական գիտությունների թեկնածու Աշոտ Հակոբյանը կարծիք հայտնեց, որ կառավարության հրաժարականը պահանջող չորս քաղաքական ուժերին` ԲՀԿ-ՀԱԿ-Ժառանգություն-ՀՅԴ կամ Լևոն Տեր-Պետրոսյանի բառերով ասած «հրաշալի քառյակին» չի հաջողվի հասնել իր նպատակին, քանի որ նրանց նպատակը քաղաքական զարգացումների տեսանկյունից կեղծ է շարադրված: Բացի այդ, ըստ հոգեբանի, այդ քաղաքական ուժերից յուրաքանչյուրը` իր գործող անձանցով, ղեկավարներով կարող էր ինչ-որ ժամանակահատվածում որոշակի արդյունավետ ներդրումներ ունենալ, որպեսզի ժողովուրդը այժմ էլ վստահություն տածեր նրա նկատմամբ:

«Նրանք պահանջում են համակարգային փոփոխություն, բայց չեն էլ մանրամասնում, թե ինչ են հասկանում համակարգային փոփոխություն ասելով, երբ իրենք էլ այդ համակարգի մի մասն են ու նախ իրենք պիտի փոփոխվեն: Եթե մենք ապրում ենք խորը համակարգային ճգնաժամ, ապա դա վերաբերում է պետության ամբողջ քաղաքական համակարգին, որի մեջ մտնում են և իշխանությունները, և գործող քաղաքական ուժերը: Համակարգային փոփոխության նաև հենց իրենք պետք է ենթարկվեն, իրենք էլ են համակարգային փոփոխության բաղադրիչներ, կամ թող չխոսեն համակարգային փոփոխություններից: Չէր կարող պատահել, որ մեր պետության քաղաքական համակարգը աղճատվեր միայն իշխանության բաղադրիչով, ճիշտ է` սա էլ է բաղադրիչ, բայց սահմանափակ է, պետության ձևախեղված քաղաքական համակարգի մեջ քաղաքական ուժերը ևս իրենց մեղավորությունն ունեն: Նրանց ելույթների մեջ հակասությունները շատ են, որ չեն էլ մտածում են` ժողովուրդը իր գնահատականը հստակ տալիս է` չվստահելով»:

Հոգեբանի կարծիքով, այդ ուժերից յուրաքանչյուրն այնքան ամբիացիաներ ունի, որ դժվար թե բոլորը միասին կարողանան առանձին քաղաքական գաղափարի մինչև վերջ համախմբվել: Ըստ նրա, համախմբվել կարելի է միայն ազգային գաղափարի շուրջ, որի մասին, սակայն, հոգ տանող չկա: «Վարչապետի կամ կառավարության հրաժարականը ընդամենը էպիզոդ է, և դա համակարգային փոփոխություն չի էլ ենթադրում: Համակարգային փոփոխությունը ենթադրում է կառուցվածքային միավորների, եթե, իհարկե, դրա անհրաժեշտությունը կա, եթե չկա, ապա կապերի ու փոխհարաբերությունների փոփոխություն: Ցանկացած համակարգային փոփոխություն ենթադրում է կապերի ու փոխհարաբերությունների փոփոխություն, որովհետև համակարգը չի գործում այդ կապերի ու փոխհարաբերությունների անարդյունավետության, ինչ-որ տեղ խզման պարագայում: Մենք` որպես քաղաքական գործիչներ, պետք է կարողանանք ախտորոշել` հատկապես որ կապերը, ինչ պատճառների, ինչ գործոնների բերումով են ախտահարվել, որ համակարգը սկսել է չգործել, և հետևաբար լծակը պետք է դնել այնտեղ, որտեղ էդ խափանումները կան: Ես համենայնդեպս էդպիսի ախտորոշիչ բանաձևերը չեմ տեսել, և էստեղ հայրենասիրության դասեր մեկը մյուսին տալու իրավունք պարզապես չունեն», -ասում է հոգեբանը:

 

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31