Լրահոս
Օրվա լրահոսը

Տավուշի սահմանագոտում գյուղացիները վտանգի տակ են մշակում հողերը

Մարտ 17,2014 21:01

Բերդի տարածաշրջանի Այգեպար համայնքի ղեկավար Անդրանիկ Այդինյանը հայտնեց, որ այգեպարցիները տագնապով են սկսում գարնանային աշխատանքների մեկնարկին, մտավախություն կա, որ ադրբեջանական զինուժը  կրակ կբացի դաշտերում աշխատող  գյուղացիների վրա: Նա ասաց, որ  ադրբեջանական գնդակոծության, վտանգների պատճառով  սակավահող Այգեպարում չի մշակվում 35 հա տարածք:

Ներքին Կարմիր Աղբյուր համայնքը հայ-ադրբեջանական հակամարտության տարիներին ադրբեջանական զինուժի կողմից առավել հրետակոծված  համայնքներից է:  Գյուղապետ  Մանվել Կամենդատյանն ասաց, որ ադրբեջանական վտանգի պատճառով  հողերի 80 տոկոսը չի մշակվում, 730 հա վարելահողերից վարուցանք է կատարվել  120 հեկտարում:  Համայնքում կա  33 հա խաղողի այգի: Սահմանամերձ, վտանգավոր լինելու պատճառով 2 տարի առաջ գյուղացիները հրաժարվել են  5 հա խաղողի այգու  մշակությունից: Ներքին  Կարմիր  Աղբյուրի գյուղապետի վկայությամբ՝ ադրբեջանական զինուժը  հայկական գյուղերը գնդակոծելիս օգտագործում է խոշոր տրամաչափի գնդացիրներ: Մ. Կամենդատյանի խոսքերով՝ գյուղացիները գնդակոծությունից վախենալով   հանդերձ՝ ապրում են իրենց  սովորական առօրյայով:

Սահմանակից Չինարի համայնքի ղեկավար  Սամվել Սաղոյանն ասաց, որ գյուղում մեկնարկել են գարնան գյուղատնտեսական   աշխատանքները, գյուղացիները մշակում են հողերը, էտում խաղողի այգիների վազերը:  Ադրբեջանին սահմանամերձ, վտանգավոր լինելու պատճառով  չի մշակվում գյուղի հողերի շուրջ 70 տոկոսը, պահուստային հողերի հետ միասին՝ 400-500 հա:  Ադրբեջանի հետ սահմանամերձ Մովսես համայնքի  ղեկավար Արարատ Ավալյանը հայտնեց, որ գարնան  գյուղատնտեսական աշխատանքերը սկսվել  են, մովսեսցիները, վտանգն անտեսելով, մշակում են իրենց հողերը: Սահմանամերձ գոտում  գտնվելու պատճառով չի մշակվում Մովսեսի  հողատարածքների 15 տոկոսը:

 

Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (2)

Պատասխանել

  1. Aram says:

    Իհարկե հարգարժան լրագրողը ճիշտ է նկատում, որ Տավուշի սահմանագոտում գյուղացիները վտանգի տակ են մշակում հողերը, կամ չեն մշակում: Սակայն դա է արդյոք հիմնական պատճառը? Եթե համեմատելու լինենք սահմանից համեմատաբար հեռու գտնվող՝ Գետահովիտի, Հովքի կամ ցանկացած այլ բնակավայրի հետ, ապա կտեսնեք, որ իրավիճակը գրեթե նույնն է և այստեղ հակառակորդը քիչ կապ ունի: Այսօրվա իրականությունը պարզապես աղետալի հետևանք է մարզպետի ապաշնորհ քաղաքականության ու ագահության: Նա տարիներ շարունակ գյուղնախարարների հետ ոչ միայն անուշադրության է մատնել գյուղատնտեսության և անասնապահության ոլորտը, այլև փող է աշխատել: Որևէ մեկը չի ուզում անդրադառնալ այդ ոլորտում մինչ այժմ իրականացված ծրագրերին՝ տոհմիկ կովեր, այծեր, թանկ սերմացուներ և այլն, որոնց հետքն անգամ չկա, իսկ ինչ էլ որ կա, դա մարզպետինն է, մասնավորապես Լուսաձորի անասնապահական ֆերման: Այնպես, որ լավ կլինի, որ ՀՀ նախագահը Բերդի տարածաշրջան կատարելիք այցի ժամանակ այս հարցերի վրա ուշադրություն դարձնի, չնայած մարզպետն անելու է ամեն ինչ, որ ժողովուրդը նախագահի մոտ իր դժգոհությունը չարտահայտի: Սպասվելիք այցի ժամանակ նախագահի մոտ խոսելու համար մարզպետն արդեն սկսել է մոտ մեկ տասնյակ մարդ նախապատրաստել և նրանց խոսելու համար տեքստեր մշակել: Ցավոք սա է իրականությունը…

  2. Aren says:

    Հարկավոր է մի քիչ էլ սպասել ու ամեն ինչ լավ կլինի, չէ որ Արմեն Ղուլարյանն իր խորհրդականի հետ միասին, հարևանների հորդորներով, սահմանամերձ գյուղերի բնակիչների համար լուծումներ է փնտրել ու գտել՝ չկան բնակիչներ, չկան խնդիրներ…

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31