«Իմ եւ պարոն Ալեքսանյանի միջեւ որեւէ խնդիր չի եղել ու չկա: Տեղի ունեցածը Ռոբերտ Ահարոնյանի բարոյական շանտաժի հետեւանք է»,- Aravot.am-ի հետ զրույցում հայտարարեց Սուրեն Սուրենյանցը: Հիշեցնենք, որ օրեր առաջ, վերջինս ֆեյսբուքյան իր էջում գրառում էր կատարել այն մասին, որ Սամվել Ալեքսանյանից հինգ հազար դոլար էր վերցրել` «Փակ շուկայի» համար ցույցեր անելու համար: Դրան հետեւեց Ռոբերտ Ահարոնյանի հոդվածը, որտեղ Սուրենյանցի գործունեության մասին տարբեր փաստեր էին ներկայացվում:
Մեր զրուցակիցն այդ առնչությամբ ասաց. «Եթե դրանք համապատասխանում են իրականությանը` թող ոստիկանությունը զբաղվի դրանցով»: Սուրենյանցը հայտարարեց, որ քաղաքականությամբ չի զբաղվելու այնքան ժամանակ, մինչեւ հասարակությունն իր խոսքին կրկին չհավատա:
Հարցազրույցի մանրամասներն` առանց մեկնաբանությունների.
-Վերջին շրջանում անընդհատ նման ինչ-որ տհաճ իրավիճակների մեջ եք հայտնվում: Տարօրինակ չէ՞:
Կարդացեք նաև
-Ինչի՞ մասին է խոսքը, օրինակ բերեք:
-Ամենաթարմ դեպքը ԲՀԿ-ական պատգամավոր Վահան Կարապետյանի հետ էր կապված, երբ հայտարարվեց, որ վերջինս Ձեզ ծեծի է ենթարկել եւ դուք, եւ պատգամավորը հերքեցիք, որոշ ժամանակ անց Ձեր ծեծված նկարը հայտնվեց համացանցում, Դուք էլ դիմեցիք դատախազություն…
– Այդ նկարները ես չեմ հրապարակել, այլ նույն կայքը, որը գրել էր: Ես մեղավոր չեմ, որ հավատում եմ ընկերոջ, մարդուն ընկեր եմ համարում, մարդը, հետո, օգտագործում է ինչ-որ փաստ:
– Ինչպե՞ս է պատահում, որ անընդհատ հավատում եք մարդկանց ու վերջիններս Ձեզ անհարմար վիճակի մեջ են դնում: Հիմա էլ. այդ մարդը Ռոբերտ Ահարոնյա՞նն է:
– Այո, որովհետեւ ես պարոն Ալեքսանյանի հետ խնդիր չունեմ: Ցանկացած հարցով, որ ես այդ մարդուն դիմել եմ, նա ինձ օգնել է: Հիմա էլ` բուժման խնդիր ունեմ, էլի էդ մարդն ա կարգավորում:
-Հնարավո՞ր է, որ այդ գրառումից հետո, Ալեքսանյանը Ձեզ սպառնացել է կամ այլ մի բան, դրա համար եք փոխում Ձեր կարծիքը:
-Ոչ, պարոն Ալեքսանյանն ինձ չի սպառնացել: Ընդհանրապես, մեր հարաբերություններն այնպիսին չեն եղել, որ ինքը կարողանա ինձ սպառնա: Ինքը, ընդհանրապես, կարա ինձ ընկերական խորհուրդ տա: Ֆեյսբուքյան հայտնի գրառումը, ինչի մասին սենց աղմուկ է բարձրացել, եղել է շանտաժի հետեւանք: Շանտաժի հեղինակն էլ պարոն Ալեքսանյանը չի:
-Կմանրամասնե՞ք, ի՞նչ կերպ է Ռոբերտ Ահարոնյանը Ձեզ շանտաժի ենթարկել:
-Անձնական հողի վրա է եղել շանտաժը` միջամատելով նույնիսկ իմ ընտանեկան գործերին: Իրան թույլ է տվել զանգի մորս, կնոջս…ինքը խնդիրներ ունի…ես չէի արձագանքի, էլի ինչ-որ ձեւով կլռեի, բայց կա մի շատ կարեւոր խնդիր` ինքը փորձել է մի հոդված գրել, իբր պարոն Ալեքսանյանին պաշտպանելով ինձնից: Պարոն Ալեքսանյանը հաստատ կարիք չունի, որ ոչ ստանդարտ սեռական կողմնորոշում եւ այլ հակումներ (հստակ նշում է, թե ինչ հակումներ-Ն. Գ.) ունեցող մարդն իրեն պաշտպանի: Ես այս ամենն ասում եմ պաշտոնապես:
– Դուք հասկանում եք, որ շատ լուրջ մեղադրանք եք ներկայացնում:
-Շատ լուրջ մեղադրանք եմ ներկայացնում, այո:
-Իսկ Ձեր ընտանիքի անդամներին, որ զանգել է Ահարոնյանը, ի՞նչ է սպառնացել:
-Սպառնալիք չի արել: Խաղացել ա շատ նուրբ բարոյական բանի վրա:
Եթե ես իրա վարսավիրանոցի կամ կայքի գոնե մի աշխատողի հետ ֆինանսական խնդիր ունեմ` շատ հեշտ գնացեք պարզեք: Թող ոստիկանությունը գնա` պարզի: Այս անգամ, իմ ողջ կյանքի ընթացքում, ես հայտնվել եմ բարոյական ծուղակի մեջ, որովհետեւ մարդուն հավատացել եմ: Իսկ ինքն ինչի ա անընդհատ իրա կայքում 16-18 տարեկան ջահել տղերքի հետ գործ ունենում` էդ էլ թող ինքն Աստծու եւ իր խղճի առաջ պատասխան տա:
Ռոբերտ Ահարոնյանի կարծիքն այս ամենի վերաբերյալ` առաջիկայում:
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ