Մարտի 15-ին Կապան ժամանած «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանի եւ կուսակցության գլխավոր քարտուղար Ստեփան Սաֆարյանի հետ կայացած հանդիպման ժամանակ կապանցիները հարցեր տալուց բացի նաեւ խնդրանքով դիմեցին բանախոսներին:
«Որպես կապանցիներ, որպես սյունեցիներ մեր ցանկությունն այն է, որ 4 ոչ իշխանական ուժերից ամեն մեկի պատգամավորը, ներկայացուցիչը գոնե այսպիսի շրջագայությունների գա, լինի ժողովրդի կողքին, լսի մեր խնդիրների, հոգսերի մասին, պատասխանի մեր հարցերին…», – ասաց Արտաշես պապը: «Մենք խնդրում ենք, որ ԱԺ-ի քաղաքական կուսակցությունների ներկայացուցիչները սերտ լինեն, լավ լինեն միմյանց հետ…: Մենք կողմ ենք 4 քաղաքական ուժերի միավորմանը»,- նշեց հանդիպման ներկա գտնվող մեկ այլ կապանցի: «Ժառանգություն» կուսակցության գլխավոր քարտուղար Ստեփան Սաֆարյանն էլ ի պատասխան ասաց, որ ոչ թե պետք է սպասել կամ հեռուստատեսությամբ հետեւել քաղաքական ուժերի գործունեությանը, այլ պետք է վերջիններից պահանջել համախմբվել ժողովրդի ու նրա պահանջների շուրջ:
«Հասնենք Երեւան կփոխանցենք ձեր ցանկությունը եւ հուսանք, որ ոչ միայն 4 քաղաքական կուսակցությունների պատգամավորները՝ այլեւ ղեկավարները կգան այստեղ ձեր հարցերին պատասխանելու», – ժպտալով պատասխանեց Ստյոպա Սաֆարյանը՝ վստահեցնելով, որ կապանցիների խնդրանքն անպայման տեղ կհասցնի:
Կարդացեք նաև
Մերի ՍՈՂՄՈՆՅԱՆ