Լրահոս
Օրվա լրահոսը

Նամակ ՄԱԿ-ին. Պահանջում են քննարկման դնել Նախիջևանի ինքնավար հանրապետության Հայաստանի կազմում լինելու պատմական օրինականությունը

Մարտ 17,2014 18:12

«Նախիջևան» ազգային քաղաքական նախաձեռնությունը իր բողոքն ու անհամաձայնությունն է հայտնում պատմական Հայաստանի անբաժանելի մասնիկը կազմող, իսկ այժմ ապօրինաբար Ադրբեջանի ենթակայության տակ գտնվող Նախիջևանի ինքնավար հանրապետությունում կատարված հայ ժողովրդի, ինչպես նաև մարդկության դեմ ուղղված մի շարք հանցագործությունների վերաբերյալ:

Առաջնորդվելով Հայաստանի Հանրապետության և ՄԱԿ-ի միջազգային օրենքներով ու նորմերով , արդարության հասնելու ակնկալիքով, դիմում ենք Ձեզ, քանի որ դուք որպես ազգերի համաշխարհային ընտանիքի բարձրագույն ներկայացուցիչ պարզապես իրավունք չունեք անտարբերության մատնել և չտալ Ձեր համապատասխան գնահատականը մարդկության դեմ ուղղված այնպիսի հանցագործությունների ,  ինչպիսիք են ցեղասպանությունը, էթնիկ զտումները, զենքի սպառնալիքի տակ կազմակերպված բռնագաղթը, համամարդկային նշանակություն ունեցող մշակութային հուշարձանների ոչնչացումը և այլն:

Բոլորին հայտնի է , որ Նախիջևանում դեռևս անհիշելի ժամանակներից ապրել և ստեղծագործել են հայերը և այն, անկասկած, պատմական տարբեր փուլերում եղել է Հայաստանի անբաժանելի մասնիկը: Սակայն 1921 թվականի մարտի 16-ի Մոսկվայում և հոկտեմբերի 12-ի Կարսում Բոլշևիկյան Ռուսաստանի և Քեմալական Թուրքիայի միջև կնքված պայմանագրերով այն անհասկանալի պայմաններում օտարվում է Հայաստանից և դրվում Ադրբեջանի վերահսկողության տակ, որպես ինքնավար հանրապետություն: Դա ակնհայտորեն Միջազգային իրավունքի կոպիտ խախտում է: Մենք նպատակ չունենք այս նամակում նշել միջազգային օրենքների 1921 թվականին կատարված բոլոր խախտումները, քանզի վստահ լինելով, որ դրանք ձեր համար միանգամայն պարզ են, այլ ընդհակառակը խնդրում ենք և միևնույն ժամանակ պահանջում ուշադրություն դարձնել և համապատասխան գնահատական տալ 1918 թվականին Նախիջևանը օկուպացրած Օսմանյան զորքերի կողմից իրականացրած ցեղասպանության և 1919 թվականի դեկտեմբերի Նախիջևանի Վերին և Ներքին Ագուլիսներում կատարված սոսկալի սպանդի , 1990-ական թվականների սկզբից և մինչև 2006 թվականը շարունակվող Ջուղայի անգերազանցելի մշակութային արժեք ունեցող խաչքարերի ոչնչացման վերաբերյալ:

Ինչպես Ձեզ, այնպես էլ ամբողջ աշխարհի համար ակնհայտ է, որ Նախիջևանը ոչ մի մշակութային, տնտեսական առնչություն չունի Ադրբեջանի հետ և նրա ապօրինի օտարումով խոչընդոտվել են հայ ժողովրդի զարգացման հեռանկարները և Հայաստանը ենթարկել տնտեսական շրջափակման , քանի որ առանց այդ էլ Թուրքիայի և Ադրբեջանի կողմից շրջափակման մեջ հայտնված Հայաստանը, զրկված է նաև հարավային կենսական նշանակություն ունեցող ճանապարհներից : Իսկ Ադրբեջանը միտումնավոր կերպով մի քանի տասնամյակների ընթացքում ոչ միայն բռնությամբ արտաքսել է այդ երկրամասի բնիկներին, այլ նաև ջանասիրությամբ ոչնչացնում է հազարամյակների ընթացքում այդ երկրամասում հայ ժողովրդի ստեղծագործական մտքի բոլոր հնարավոր հետքերը:

Այժմ ներկայացնենք մեր պահանջները ուղղված ՄԱԿ-ին և միջազգային հանրությանը

  1. Դատապարտել 1918 և 1919 թվականներին Նախիջևանում կատարված ցեղասպանության բոլոր հատկանիշները կրող իրադարձությունները:
  2. Դատապարտել Նախիջևանի տարածքում վերջին երկու տասնամյակներում կատարված մշակութային վանդալիզմը:
  3. ԵՎ ի վերջո քննարկման դնել 1921 թվականին Հայ ժողովրդի դեմ կատարված միջազգային իրավունքի կոպտագույն խախտումները և ներկայումս Նախիջևանի ինքնավար հանրապետության Հայաստանի կազմում լինելու պատմական օրինականությունը:

 

«Նախիջևան» ազգային քաղաքական նախաձեռնություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31