Չորս ոչ իշխանական ուժերի հանդիպումները և միավորման հավանականությունը տարբեր կերպ են մեկնաբանվում: Մեկ այդ փաստը ներկայացվում է` որպես իշխանության սցենար, մեկ Ռուսաստանի կողմից ներդրված ծրագիր:
Բայց, ի վերջո, ի՞նչ են քննարկում այդ ուժերը, ի՞նչ օրակարգային հարցեր են առաջ քաշված, այդպես էլ պարզ չէ, քանի որ այդ հանդիպումները անցնում են փակ ձևաչափով և հասարակությանը հրամցվում է տեղեկատվության այն չափաբաժինը, որն ուժերն իրենք են որոշում` իրենց լրատվական ծառայությունների տարածած հաղորդագրությունների և հանդիպումներից հետո լրագրողներին տրված առանձին հարցազրույցների ժամանակ:
«Ազատ դեմոկրատներ» կուսակցության փոխնախագահ Անուշ Սեդրակյանը ևս այս խնդիրը բարձրացրեց: Խոսելով քառյակի հանդիպումների մասին` տիկին Սեդրակյանը պահանջեց «պրոցեսի թափանցիկություն» ու շեշտեց. «Իշխանափոխությանը ես հարյուր տոկոսով կողմ եմ: Բայց ինձ համար վիճարկելի է սցենարի երկրորդ մասը. ես ուզում եմ հստակ լսել` ինչ է հետևելու իշխանափոխությանը, ոնց, ովքեր են գալու և ինչ մեխանիզմներով: Տեսնում ենք, որ այդ սցենարները լռության քողով են սքողված: Ինչո՞ւ են այդ բանակցությունների օրակարգային մասը սահմանափակում իշխանափոխություն աբստրակտ բառով: Ես ուզում եմ տեսնել, թե այդ ուժերը ինչ են փոխելու երկրի սեփականության բաշխման օրակարգում: Ես չիմանա՞մ, թե հանրային ռեսուրսը իշխանափոխության պարագայում արդյոք վերադասավորվելո՞ւ է: Ես պահանջում եմ պրոցեսի թափանցիկություն»:
Aravot.am-ը Անուշ Սեդրակյանի դիտարկումները և «թափանցիկության» պահանջը փոխանցեց ԲՀԿ-ի հետ հանդիպած «Ժառանգություն» կուսակցության գլխավոր քարտուղար Ստեփան Սաֆարյանին: Նա նշեց. «Պիտի հաճելիորեն զարմացնեմ, որ օրակարգ չկա: Օրակարգը նոր է ձևավորվում: Այնպես չէ, որ կա օրակարգ, որը թաքուն է պահվում: Քաղաքական տարբեր ուժերի և առաջին հերթին չորս ուժերի կողմից հնչող տեսակետները շատ հաճախ նույնիսկ միմյանց հետ բախվող են: Այն հանդիպումները, որոնք տեղի են ունենում, տեղի են ունենում նրա համար, որ օրակարգը ձևավորվի: Ուստի չեմ կարող ասել, թե ինչը թափանցիկ չէ «Ազատ դեմոկրատների» համար»:
Կարդացեք նաև
Ի պատասխան նշեցինք, թե Անուշ Սեդրակյանի համար հատկապես թափանցիկ չէ` ինչ է լինելու իշխանափոխությունից հետո: Պարոն Սաֆարյանն արձագանքեց. «Կարծում եմ, որ հենց այդ ամեն ինչի վրա են աշխատում: Եթե հստակ բան չկա, ի՞նչը հրապարակվի: Եթե մամուլի որակումներին ու գնահատականներին նայես, տպավորություն է ստեղծվում, որ չորս ուժերն արդեն պայմանավորվածություն են ձեռք բերել ու գնում են առաջ: Մինչդեռ իրականության մեջ մի փոքր ավելի սթափ և քաղաքագիտորեն նայելու պարագայում կտեսնենք, որ հայտնվել են ցանկություններ և տեղի են ունեցել հանդիպումներ և ոչ ավելին: Կան մի քանի սահմանափակ խնդիրներ, որոնց շուրջ կարող են համագործակցել այդ չորս ուժերը խորհրդարանում, կամ, ասենք, Երևանի ավագանիում, կամ շրջանային կազմակերպությունների մակարդակով: Բայց ավելի մեծ հարցերի շուրջ պայմանավորվածություններ չկան: Պարտադիր կենսաթոշակային համակարգի դեմ են միավորման նախանշաններ նկատվում, կամ գազի պարտքի հարցով, ավելին, այս խնդրով սկսած ամբողջական իշխանափոխությունից, կառավարության փոփոխությունով, այս հարցերում դիրքերի ճշգրտումներ նոր են գնում»:
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ