Լրահոս
Օրվա լրահոսը

Ո՞վ էր տրամադրել սգո ծաղկեպսակը Հմայակ Հովհաննիսյանին. նախկին պատգամավորի խորհուրդը՝ ներկայիս ընդդիմադիրներին

Մարտ 17,2014 17:45
psak

Մարտի 18-ին Aravot.am-ի հետ զրույցում Քաղաքագետների միության նախագահ, երրորդ գումարման ԱԺ պատգամավոր Հմայակ Հովհաննիսյանը իր խորհրդարանական հայտնի հումորային դրվագի՝ կոալիցիայի թաղման հիշատակին սգո ծաղկեպսակ դնելու արարողության հետ կապված մի խոստովանություն արեց:

Նա պատմեց, որ այդ միտքը իրեն հուշել են եւ ծաղկեպսակը տրամադրել են իր ընտրողները: Ավելին, նա այդպիսի հետաքրքիր քայլեր անելու համար սկսեց խորհուրդներ տալ ներկայիս ընդդիմադիր պատգամավորներին, մասնավորապես՝ կոնգրեսականներին:

Հիշեցնենք, որ 2005-ի մարտին, երբ ավանդների հարցով ԱԺ արտահերթ նիստը տապալվել էր, Հմայակ Հովհաննիսյանը հայտարարել էր, որ իշխող կոալիցիան վախճանվել է եւ դրա հիշատակին նիստերի դահլիճ էր տարել մի ծաղկեպսակ:

Այսօր հակադարձելով ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր- Պետրոսյանի ելույթին, թե 1999-ից հետո առաջին անգամ խորհրդարանում լուրջ քաղաքական քննարկումներ ու բանավեճեր են լինում, առաջին անգամ ընդդիմությունը հիմնավոր ու փաստարկված է քննադատում՝ Հմայակ Հովհաննիսյանն ասաց, որ ինքն է առաջին անգամ քայլեր արել, որոնք կմնան պատմության մեջ. «Ի տարբերություն Արշակ Սադոյանի, որ «ԱրմենՏելի» հարցով փորձում էր ստորագրահավաք անել եւ արտահերթ նիստ հրավիրել, նրան դա չէր հաջողվում, ինձ հաջողվեց 2 անգամ ավանդների վերադարձման հարցով 2005-ին արտահերթ նիստ եւ նստաշրջան հրավիրել: Այսինքն, ինձ հաջողվեց հավաքել անհրաժեշտ քանակությամբ ստորագրություններ՝ լինելով անկախ պատգամավոր: Դա եզակի դեպք է համաշխարհային պառլամենտարիզմի պատմության մեջ, երբ անկախ պատգամավորին հաջողվում է համոզել մեծամասնությանը՝ օգտագործելով իմ հմտությունները: Իմ այդ պայքարի դրվագներից մեկը՝ պսակադրությունը արվել է այն ժամանակ, երբ խորհրդարանական մեծամասնությունը փորձեց ձախողել արտահերթ նիստի եւ արտահերթ նստաշրջանի քվորումները: Պատգամավորները չկարողացան մերժել ինձ՝ իրենց ստորագրություններով պաշտպանելով արտահերթ նիստի հրավիրման անհրաժեշտությունը, բայց նրանց վրա ճնշում էին գործադրել, որպեսզի չներկայանային նիստին եւ քվորում չապահովեին: Դրա համար ես պսակը ժողովրդի անունից տարա եւ տեղադրեցի ԱԺ նիստերի դահլիճում»:

Հմայակ Հովհաննիսյանը խորհուրդ տվեց ՀԱԿ պատգամավորներին, որ նման հետաքրքիր քայլեր անելու համար խորհրդակցեն իրենց ընտրողների՝ ժողովրդի հետ եւ շարժվեն նրանց թելադրանքով. «Ես միշտ խորհրդակցել եմ ժողովրդի հետ: Դա պատգամ է եղել: Ծաղկեպսակը երբ տարել եմ, դա մարդիկ են ինձ տրամադրել՝ իմ ընտրողները: Ես հաճախ եմ քայլում ոտքով Երեւանում եւ ականջալուր եմ եղել նրանց կարծիքներին: Թող նրանք էլ ականջալուր լինեն եւ ըստ այդմ գործեն՝ իմ խորհուրդը դա է»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31