Լրահոս
Օրվա լրահոսը

«Վեստա». «Շաբոյանի փաստարկը ոչ այլ ինչ է, քան՝ հերյուրանք եւ վարկաբեկման փորձ»

Մարտ 17,2014 17:32

«ՏՄՊՊՀ-ն մոլորեցնում է սպառողներին»,-մարտի 15-ին էլեկտրատեխնիկայի վաճառքով զբաղվող ընկերությունը նման վերնագրով հայտարարություն է տարածել ֆեյբուքյան իր էջում:

Մարտի 14-ին տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովն իր նիստում որոշեց 15 միլիոն դրամով տուգանել «Վեստան» ներկայացնող «Փրիթի Ուեյ» ՍՊԸ-ին :

Հանձնաժողովի հիմնավորմամբ` «Վեստան» գովազդներում ներկայանում է, որպես համաշխարհային մի շարք հանրաճանաչ բրենդների` «Սամսունգ», «Ֆիլիպս», «Պանասոնիկ» եւ այլ բրենդների պաշտոնական ներկայացուցիչը, մինչդեռ հանձնաժողովի ուսումնասիրությամբ «Վեստան» դրանց պաշտոնական ներկայացուցիչը չէ եւ սերտիֆիկատները, որ ներկայացրել է ընկերությունը, գործընկերների միջեւ առկա որոշակի առեւտրային հարաբերությունները վկայող փաստաթուղթ է: Հանձնաժողովը գտել է, որ ընկերությունը մոլորեցնում է սպառողներին:

«Փրիթի Ուեյը» գտնում է, որ հանձնաժողովն անհիմն է տուգանել.  «Պարոն Շաբոյանն իր ելույթում նշեց, թե իբր «Վեստա»-ն ներկայացրել է հաճախորդներին, որ  հանդիսանում է 15-ից ավելի աշխարհում հայտնի ապրանքային նշանների պաշտոնական և միակ ներկայացուցիչը Հայաստանի Հանրապետությունում:  Նախ՝ հարկ է նշել, որ «Վեստա»-ն երբեք չի՛ ներկայացրել եւ չի՛ գովազդել այն մասին, որ հանդիսանում է որեւէ ապրանքային նշանի միակ ներկայացուցիչը ՀՀ-ում: Այս առումով, հարգարժան պարոն Շաբոյանի փաստարկը ոչ այլ ինչ է, քան հերյուրանք եւ վարկաբեկման ակնհայտ փորձ: Հարգելի՛ Շաբոյան, ինչու՞ եք հերյուրում եւ մոլորության մեջ գցում սպառողներին անհիմն հայտարարություններով:

Երկրորդ՝ ՀՀ ՏՄՊՊՀ–ին ներկայացվել են կենցաղային տեխնիկայի արտադրությամբ և վաճառքով զբաղվող համաշխարհային ճանաչում վայելող ընկերությունների կողմից «Փրիթի ուեյ» ՍՊԸ-ին շնորհված հավաստագրեր, որոնք վկայում են այն մասին, որ «Փրիթի ուեյը» այդ ապրանքանիշերի արտադրանքը ներկրելու, ներկայացնելու, վաճառելու, գովազդելու,  երաշխիքային եւ հետերաշխիքային սպասարկում իրականացնելու իրավունք ունի: Ի՞նչ մոլորության մասին է խոսքը, երբ ընկերությունը ներկայացնում է աշխարհում հայտնի ապրանքանիշերի գործարանային պաշտոնական արտադրանքը»:

Ապա ընկերությունը ներկայացնում է այն փաստաթղթերը, որոնք տրվել են ՏՄՊՊՀ-ին, եւ հիմնավորում են, որ հանձնաժողովը սխալ որոշում է կայացրել:

«ՀՀ ՏՄՊՊՀ-ն կատարում է ինչ-որ մեկի պատվերը, բառախաղ է խաղում, հերյուրում է եւ միտումնավոր մոլորեցնում հայ սպառողին՝ ցանկանալով վնաս  հասցնել տարիներով վաստակած մեր բարի համբավին»,-ասված է «Վեստայի» հայտարարության մեջ:

Aravot.am-ը փորձեց ընկերությունից պարզել, արդյոք բավարարվելու են միայն ֆեյսբուքյան հայտարարությա՞մբ, թե կդիմեն դատարան` վիճարկելու ՏՄՊՊՀ-ի որոշումը: «Վեստայից» մեզ վստահեցրին, որ առայժմ հանձնաժողովից պաշտոնական որոշումը գրավոր չեն ստացել. «Երբ կստանանք իրենց գրավոր փաստաթուղթը` տուգանման որոշման մասին, այդ ժամանակ էլ մեր հետագա քայլերը կորոշենք, թե ինչ եւ ինչպես պետք է անենք»:

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31