Լրահոս
Օրվա լրահոսը

10 տարի անց կկարոտե՞ն ՀԱԿ պատգամավորներին, ինչպես Հմայակ Հովհաննիսյանին

Մարտ 17,2014 17:00

ՀՀ առաջին նախագահ, ՀԱԿ առաջնորդ Լեւոն Տեր-Պետրոսյանը վերջին հանրահավաքում հայտարարեց,  որ «1999 թվականից հետո, առաջին անգամ, Հայաստանի օրենսդիր մարմինը հիրավի վերածվել է իրական խորհրդարանի, այն է` լուրջ քաղաքական քննարկումների եւ բանավեճերի թատերաբեմի։ Առաջին անգամ խորհրդարանական ընդդիմության գործողությունները դարձել են հետեւողական ու համակարգված, իշխանություններին ուղղված քննադատությունը` հիմնավոր, նրանց ապօրինությունների բացահայտումը` փաստարկված»:

Այս առնչությամբ, մարտի 18-ին, Aravot.am-ի հետ զրույցում երրորդ գումարման ԱԺ ընդդիմադիր, անկախ պատգամավոր Հմայակ Հովհաննիսյանը հակադարձեց առաջին նախագահին՝ վստահեցնելով, որ ինքը միայնակ այնպիսի քայլեր է արել ԱԺ-ում՝ որպես ընդդիմություն, որ կոնգրեսի պատգամավորները ԲՀԿ-ի, «Ժառանգության» եւ ՀՅԴ-ի հետ միասին չեն կարողանում անել. «Ես միշտ ընդդիմադիր եմ եղել, դրա համար հիմա դատարանների դռներն են ինձ ցույց տալիս: Իմ ելույթներն այնքանով են փաստարկված եղել, որ ժողովուրդն ամեն քայլափոխի վրա հիշում են ինձ: Հատ-հատ, մեկ առ մեկ հիշում են իմ ելույթները, հիշում են իմ հարցազրույցները: Զարմանալի բան է, բավականին ժամանակ է անցել, մարդկանց հիշողությունից իմ խորհրդարանական գործունեությունը չի ջնջվել: Մեկ առ մեկ հիշում են բոլոր ելույթները՝ կոնկրետ հարցերով՝ լինի դա ավանդների վերադարձման հարցը, լինի դա ցեղասպանության հարցով օրենսդրության ընդունման անհրաժեշտության վերաբերյալ իմ հարցադրումները: Ես առաջինն էի, որ հարց բարձրացրեցի, որ ընդունվի հատուկ օրենք՝ «Ցեղասպանության զոհերի հիշատակի պաշտպանության մասին»: ՀՀ ԱԺ-ն մեկ անգամ է անդրադարձել այդ հարցին՝ իմ նախաձեռնությամբ: Ես կարողացա իմ ելույթի շնորհիվ կոտրել խորհրդարանական մեծամասնության դիմադրությունը՝ ի տարբերություն այսօրվա ընդդիմության: Վիկտոր Դալլաքյանի ղեկավարած պետաիրավական հանձնաժողովը բացասական գնահատական տվեց, կառավարությունը բացասական գնահատական տվեց, ես ելույթ ունեցա, դրեցի հարցը քվեարկության, եւ հարցը մտավ մեծ նիստերի օրակարգ: Այսինքն, ստացա ձայների մեծամասնությունը՝ իմ ելույթի շնորհիվ: Այսօրվա ընդդիմությունը, ավաղ, ոչ մի հարցով չի կարողանում հասնել այն բանին, որ որեւէ որոշում անցկացնի: Չնայած իմ խումբը բաղկացած էր 12 պատգամավորներից, իսկ այսօր խորհրդարանական ոչ իշխանական ուժերը 45 պատգամավոր են ու 45-ով չեն կարողանում համոզել մեծամասնությանը որեւէ հարցում միանալ իրենց»:

Պարոն Հովհաննիսյանը Լեւոն Տեր-Պետրոսյանին վստահեցրեց, որ ՀԱԿ պատգամավորների գործունեության գնահատականը կերեւա 10 տարի անց. «Դրա գնահատականը տալիս է ժողովուրդը, եւ այդ գնահատականը երեւում է տարիներ անց, երբ արդեն տվյալ քաղաքական գործիչը ԱԺ անդամ չէ, եւ մարդիկ, այնուամենայնիվ, նրան հիշում են կարոտով, արժեւորում են նրա գործունեությունը: Այսօրվա այս կազմի խորհրդարանականների գործունեությունը հնարավոր կլինի գնահատել մի 10 տարի հետո, երբ պարզ կերեւա՝ արդյոք նրանց գործունեությունը մարդկանց հիշողության մեջ հետք թողե՞լ է, թե՞ ոչ: Ինչ վերաբերում է ինձ, ես այդ առումով երջանիկ մարդ եմ»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31