Aravot.am -ի հետ զրույցում երգչուհի Նադեժդա Սարգսյանը անդրադարձավ այս տարի «Եվրատեսիլ» երգի մրցույթում Հայաստանը ներկայացնող Արամ MP3 -ի երգին, որն արդեն երկու օր է քննարկվում է համացանցում:
«Եվ Արամը եւ երգը շատ լավն են: Արամը շատ լավ թեկնածու է, եւ որպես վոկալիստ, եւ դերասան եւ իբրեւ մարդ, որը գրագետ կկարողանա ներկայացնել Հայաստանը: Երգը իմ ճաշակով է ու ինձ թվում է Եվրոպան այդ երգը կընտրի: Եվ երգի խոսքերն են լավը, եւ երաժշտությունը, մի խոսքով՝ ամեն ինչ շատ ճիշտ է: Ես հաջողություն եմ ցանկանում Արամին»,- ասաց Նադեժդա Սարգսյանը, ավելացնելով, որ Արամ MP3-ի «Not Alone»-ը համաշխարհային հանրությանը ներկայանալու համար պատշաճ երգ է:
Դիտարկմանն էլ, թե կարծիք կա, որ երգի մասնավորապես սկիզբը անհասկանալի է, Նադեժդա Սարգսյանը պատասխանեց. «Շատ էլ լավ հասկանալի է, մնում է հասկացողը հասկանա, անպայման պետք է ազգայինը երեւա: Սա միջազգային երգ է, համաշխարհային որակի ու ոչ միայն ռուսը, կամ եվրոպացին, այլեւ ամերիկացին կհասկանա այն»:
Մյուս հարցին էլ՝ հաղթելու համար չի խանգարում այն հանգամանքը, որ երգը ժողովրդական երանգներ չի պարունակում, Նադեժդա Սարգսյանը պատասխանեց. «Վաղուց էր պետք այս իդեայով ելույթ ունենալ, եւ ոչ թե խանգարում է, որ ժողովրդական երանգներ չկան, այլ հակառակը, մենք սրանով քայլ առաջ ենք գնում ու ի՞նչ պարտադիր է ամեն անգամ ժողովրդական գործիք մեջը լինի: Ի վերջո 21 -րդ դարն է, մի քիչ էլ մենք առաջ գնանք…»,- ասաց Նադեժդա Սարգսյանը:
Կարդացեք նաև
Եվա ՀԱԿՈԲՅԱՆ