«Ապարան քաղաքի տարածքում Քասախ գետի շուրջ 1000 մ հատվածը լցված է տիղմով, 250 մետր ընդհանուր երկարությամբ հատվածներում բացակայում են ափապաշտպան կառույցները: Արարատի մարզում սահմանային նշանների հատվածներում Արաքս գետի արգելաթմբում առաջացել են փոսեր, որոնք կարող են արգելաթմբի փլուզման պատճառ հանդիսանալ»,-այսպիսի հիմնավորմամբ, հինգշաբթի օրը՝ կառավարության նիստում, գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը վարչապետ Տիգրան Սարգսյանից 50 միլիոն 650 հազար դրամ կուզի այդ եւ մի շարք այլ բնակավայրերում հակահեղեղային աշխատանքների նախագծանախահաշվային փաստաթղթերը կազմելու համար:
Ինչպես տեղեկանում ենք նիստի օրակարգից, Սերգո Կարապետյանը արտակարգ իրավիճակների նախարարության մասնագետների հետ ուսումնասիրել է եւ պարզել, որ Գավառագետի եւ վտակի Գավառ քաղաքի Հացառատ թաղամասով անցնող 2 կմ ընդհանուր երկարությամբ հատվածների հուների լցվածության, բուսապատվածության պատճառով, ափամերձ հողատարածքները գերխոնավանում են, իսկ բնակելի տներն ու օժանդակ կառույցները՝ ջրով ողողվում:
Հրազդան գետի վարարումների ժամանակ էլ «Արզական» սանիտարական գոտու տարածքում հեղեղաջրերը ողողում են կապտաժները՝ վտանգելով Երեւան քաղաքի անխաթար ջրամատակարարումը: Ըստ գյուղնախարարի, վտանգը կանխելու համար անհրաժեշտ է շուրջ 1 կմ հատվածում իրականացնել գետի հունի մաքրման եւ ուղղման աշխատանքներ:
Արաքս գետի ափի վթարային վիճակը վտանգի տակ է դրել նաեւ Մ-17-Կապան-Ծավ-Շվանիձոր-Մեղրի միջպետական ավտոմայրուղու որոշ հատվածներ, եւ ափը
Կարդացեք նաև
չամրացնելու դեպքում սահմանամերձ տարածքի հողերը կողողվեն ջրով, ավտոմայրուղին էլ կքանդվի:
Չնայած նրան, որ անցյալ տարի գումարներ են ծախսվել եւ ամրացվել
Կավարտ գետի ափի ամրացման ու հունի մաքրման աշխատանքները, սակայն նույն տեղում ներկայումս էլ տեղի են ունենում փլուզումներ, ուստի Սերգո Կարապետյանը գտնում է, որ այս տեղանքում էլ պետք է ուսումնասիրել եւ բացահայտել գետի ափամերձ տարածքում փլուզումների պատճառները:
Եթե վարչապետը հաստատի գյուղնախարարի պահանջը, ապա գումարները կհատկացվեն կառավարության պահուստային ֆոնդից:
Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ