Նրանցից երկուսի գործը նոր քննության է ուղարկվել:
ՀՀ վճռաբեկ դատարանը, նախագահող դատավոր Դավիթ Ավետիսյանի գլխավորությամբ, մասնակի բավարարել է խուլիգանության մեջ մեղադրվող սպիտակցի երեք եղբայրների փաստաբաններ Ռուբեն Հակոբյանի եւ Արտակ Ոսկանյանի բողոքը:
Դատարանը բեկանել է մեղադրյալներ Մացակ և Արմեն Բադալյանների նկատմամբ առաջին ատյանի դատարանի կայացրած մեղադրական դատավճիռն ու այն օրինական ուժի մեջ թողնելու մասին ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի որոշումը` գործն ուղարկելով Լոռու մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարան` նոր քննության։
ՀՀ վճռաբեկ դատարանն անփոփոխ է թողել եղբայրներից Արթուր Բադալյանի վերաբերյալ ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի`առաջին ատյանի դատարանի կայացրած մեղադրական դատավճիռը օրինական ուժի մեջ թողնելու մասին որոշումը:
Համաձայն մեղադրական եզրակացության՝ 2012թ. հունիսի 23-ին Շիրակի մարզի Գյումրի քաղաքի բնակիչ Արմեն Մկրտչյանը, պարզաբանումներ ստանալու նպատակով, գործով չպարզված անձանց հետ գնացել է Լոռու մարզի Հարթագյուղ գյուղ, որտեղ գյուղի կենտրոնական մասում հանդիպել է Սպիտակ քաղաքի բնակիչներ, եղբայրներ Արմեն, Մացակ եւ Արթուր Բադալյանների հետ: Հանդիպումը վերածվել է վիճաբանության ու ծեծկռտուքի՝ տեւելով մոտ 20 րոպե: Բարձրացված աղմուկից հավաքված շուրջ 15-20 բնակիչների ներկայությամբ դրսեւորելով անթաքույց արհամարհանք՝ նրանք աղմկել են, տվել սեռական բնույթի հայհոյանքներ՝ դրանով իսկ դիտավորությամբ կոպիտ կերպով խախտելով հասարակական կարգը, որն արտահայտվել է հավաքված գյուղի բնակիչների հանդեպ բացահայտ անհարգալից վերաբերմունքով: Ավելին՝ Արթուր Բադալյանը որսորդական հրացանով 2 անգամ կրակել է Արմեն Մկրտչյանի ոտքերի ուղղությամբ՝ նրան պատճառելով առողջության միջին ծանրության վնաս: Արմեն Մկրտչյանն իր առողջությանը վնաս պատճառելու համար, սակայն, որեւէ մեկի նկատմամբ բողոք-պահանջ չի ներկայացրել:
Լոռու մարզի առաջին ատյանի դատարանը, դատավոր Նարինե Հովակիմյանի նախագահությամբ, եղբայրներից Արթուր Բադալյանին մեղավոր էր ճանաչել վերագրվող արարքում եւ դատապարտել ազատազրկման 3 տարի 11 ամիս 9 օր ժամկետով, իսկ Մացակ եւ Արմեն Բադալյաններին մեղավոր ճանաչելով` դատապարտել էր տուգանքի` յուրաքանչյուրին` 200.000 դրամի չափով:
Նրանց փաստաբաններ Ռուբեն Հակոբյանն ու Արտակ Ոսկանյանը դիմել էին ՀՀ վերաքննիչ դատարան` պահանջելով բեկանել դատավճիռն ու ամբաստանյալների նկատմամբ կայացնել արդարացման դատական ակտ: ՀՀ վերաքննիչ քրեական դատարանը, սակայն, մերժել էր վերջիններիս բողոքը` անփոփոխ թողնելով Լոռու մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի կայացրած վճիռը:
Կարդացեք նաև
Եղբայրների փաստաբանները դիմել էին ՀՀ վճռաբեկ դատարան:
«Բողոքում բարձրացվել են բազմաթիվ հարցեր` եւ օրենքի միատեսակ կիրառության ապահովման խնդիր կար, եւ մի շարք դատավարական խախտումներ, նյութական իրավունքի խախտումներ»,-«Առավոտի» հետ զրույցում ասել էր փաստաբան Ռուբեն Հակոբյանը:
Նա նկատել էր, որ մեղադրանքում առաջադրված հանգամանքները չեն համապատասխանում իրականությանը, երեք եղբայրների նկատմամբ ապացույցների բացակայության պայմաններում առաջադրվել է ապօրինի, կամայական մեղադրանք:
«Չկա գոնե մեկ ապացույց, որ տեղի է ունեցել խուլիգանություն: Բայց ապացույցների բացակայության պայմաններում մեղադրողը գալիս է դատարան եւ միջնորդում է մեղավոր ճանաչել եւ պատիժ պահանջել: Դատախազությունն արհամարհելով ՀՀ վճռաբեկ դատարանի՝ խուլիգանության հանցակազմին վերաբերող բոլոր նախադեպային որոշումները, քրեական իրավունքի տեսության բոլոր թեզիսները, եկել եւ պաշտպանում է մի մեղադրանք, որը բացարձակ կապ չունի խուլիգանության հետ, եթե անգամ խուլիգանության հանցակազմի ձեւակերպումներն այդպիսին են, ապա այդ ձեւակերպումների տակ չունենք ապացույցներ՝ չկա խուլիգանության հանցակազմ, չկա որեւէ ապացույց»,- նշել էր փաստաբան Ռուբեն Հակոբյանը:
Նրա պատմելով` դեպքը տեղի է ունեցել ոչ թե գյուղի կենտրոնում, այլ՝ համայնք տանող ճանապարհի վրա, խոսք ու զրույց է եղել, որսորդական հրացանով կրակոց է եղել, հետադարձի արդյունքում տուժողը ստացել է միջին ծանրության մարմնական վնասվածք՝ ոտքերի շրջանում, որի վերաբերյալ բողոք չունի, ներկա է եղել ոչ թե 15-20 վկա, այլ՝ ընդամենը մեկը, ով հրաժարվել է նախաքննությանը տված իր ցուցմունքներից՝ բարձրաձայնելով պատկան մարմինների կողմից բռնությունների ենթարկվելու մասին:
«Կենցաղային հողի վրա ծագած թեթեւ վիճաբանություն է եղել, արագ հարթվել է, հայհոյանքներ չեն հնչել, ծեծկռտուք տեղի չի ունեցել»,- նշել էր փաստաբանը:
Անուշ Բուլղադարյան