Լրահոս
Օրվա լրահոսը

Բոշյանը՝ ֆեմինիստներին. «Եթե դու ասում ես, որ չամուսնանալը ամոթ չէ, դու պետք է ասես, որ ամուսնանալը եւս ամոթ չէ»

Մարտ 17,2014 15:16

«Ֆեմինիզմի բուն գաղափարն է ստեղծել բեւեռացում, այսինքն՝ մի բեւեռում հավաքել կանանց, մյուս բեւեռում՝ տղամարդկանց եւ հակադրել մեկը մյուսին՝ անունը դնելով՝ պաշտպանում ենք կնոջ կամ տղամարդկանց իրավունքները»,- այսօր՝ մարտի 17-ին լրագրողների հետ հանդիպման ընթացքում, հայտարարեց «Համահայկական ծնողական կոմիտեի» նախագահ Արման Բոշյանը:

Նրա պնդմամբ՝ ֆեմինիզմը, իրականում, գենդերային գաղափարախոսության ճյուղերից մեկն է եւ ուղղված է ընտանիք ինստիտուտի քայքայմանը, եւ դրա ապացույցն այն է, որ բոլոր երկրներում, որտեղ լուրջ հովանավորում են ստանում, այդ երկրներում ընտանիք ինստիտուտը քայքայվում է եւ ավելանում է ամուսնալուծությունների աճը, իսկ ծնելիությունը պակասում է:

Անդրադառնալով մարտի 8-ին «Ֆեմինիստական պլատֆորմի» կողմից կազմակերպված ակցիայի  ընթացքում հնչեցրած «Չամուսնանալը ամոթ չէ» կոչին՝ պարոն Բոշյանն ասաց, որ այն արդարացի չի համարում, քանի որ ֆեմինիստական կազմակերպությունը չի հայտարարում, թե ամուսնանալն էլ ամոթ չէ.

«Եթե դու ասում ես, որ չամուսնանալը ամոթ չէ, դու պետք է ասես, որ ամուսնանալը եւս ամոթ չէ: Մյուս կոչը՝ կարող եմ երեխա ունենալ, կարող եմ չունենալ, կարող եմ ունենալ ընտանիքում, իմ իրավունքն է ունենալ ընտանիքից դուրս, իսկ երեխայի իրավունքներից դուք չեք ուզո՞ւմ խոսել»:

Պարոն Բոշյանը խոստովանեց, որ իրեն առաջարկել են ղեկավարել տղամարդկանց իրավունքների պաշտպանության կենտրոն, սակայն նա հրաժարվել է, քանի որ համարում է, որ դրա ամբողջ նպատակն է ստեղծել բեւեռ եւ քայքայել ընտանիքներ.

«Կինը եւ տղամարդը միայն միասին ստեղծելով ամբողջություն են կազմում, այդ ամբողջությունը կոչվում է ընտանիք եւ ցանկացած պաշտպանություն պետք է լինի ընտանիքի պաշտպանության տեսքով, այսինքն՝ պետք է պաշտպանվի ընտանիք ինստիտուտը: Երբ դու պաշտպանում ես ընտանիքի ինստիտուտը, դու ե՛ւ տղամարդկանց իրավունքներն ես պաշտպանում, ե՛ւ կանանց: Իսկ երբ որ դու բեւեռացնում ես եւ կանանց ու տղամարդկանց իրար դեմ ես տրամադրում, դու ստեղծում ես այն, ինչ կոչվում է բաժանիր եւ տիրիր»:

Արման Բոշյանը հայտարարեց, որ ֆեմինիզմի ամենաակտիվ եւ ագրեսիվ կենտրոնը Թուրքիան է, որը Հայաստանի ֆեմինիստական կենտրոնների հետ կոնֆերանսների միջոցով համագործակցում է:

«Հասարակությունն առանց բռնության» հասարակական կազմակերպության ծրագրի համակարգող Անուշ Խաչատրյանի հետ հարցազրույցը՝ ավելի ուշ:

Ամի ՉԻՉԱԿՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31