«Սեւանա լճի մասին» ՀՀ օրենքի համահեղինակ Գագիկ Թադեւոսյանն այսօր «Էկոլուր» մամուլի ակումբում հայտնեց, որ բաց նամակով դիմելու է ՀՀ նախագահին՝ Սեւանա լճի հետ կապված ծրագրերի չիրականացնելու խնդրանքով:
Նամակում ասվում է, որ կառավարության երկու որոշումների պատճառով Սեւանը անդառնալի ռիսկերի վտանգի մեջ է. «Առաջինը` փոփոխություններ կատարել «Սեւանա լճի էկոհամակարգի վերականգնման, պահպանման, վերարտադրման և օգտագործման միջոցառումների տարեկան ու համալիր ծրագրերը հաստատելու մասին» ՀՀ օրենքում, որի համաձայն՝ Սեւանա լճից ջրի բացթողումների տարեկան սահմանաչափը նախկին 170 միլիոն խորանարդ մետրից կարող է հասցվել մինչև 240 միլիոն խորանարդ մետրի: Երկրորդը՝ Սեւանա լճում իշխանի պաշարների վերականգնման և ձկնաբուծության զարգացման համալիր ծրագիրն է»:
Գագիկ Թադեւոսյանի խոսքերով՝ «Սեւանա լճի մասին» ՀՀ օրենքի ընդունումից անցել է 13 տարի, սակայն օրենքի դրույթները պարբերաբար խախտվում են: Նրա պնդմամբ, օրենքի 10-րդ հոդվածի համաձայն՝ Սեւանա լճի տարբեր գոտիներում ցանկացած տնտեսական գործունեություն, որը կարող է վտանգել էկոհամակարգը, արգելվում է: «Հենց այսպիսի խախտում է համարվում այն, որ Սեւան լցվող գետերի վրա տեղադրվեցին փոքր ՀԷԿ-եր: Սա արդեն տնտեսական գործունեություն է, որը ազդում է էկոհամակարգի վրա»:
Կարդացեք նաև
Պրն Թադեւոսյանը խախտում է համարում այն հանգամանքը, որ ցանկանում են 74 ֆերմաներ ստեղծել լճի տարածքում՝ 50.000 տոննա ձուկ աճեցնելու նպատակով. «Դրանցից միայն մեկուկես տոկոսն է մնալու լճի մեջ, մնացածը՝ բիզնես նպատակներով է օգտագործվելու: Իսկ այդ ձկներին կերակրելու համար ֆոսֆորական-ազոտական ակտիվ նյութերով կերեր են լցվելու լճի մեջ, որը կհանգեցինի դրա ճահճացմանը»:
Օրենքի հեղինակը նշում է, որ խախտվել է նաեւ 11-րդ հոդվածը՝ ջրի հաշվեկշռի միայն դրական լինելու մասին: «Քանի որ Արփա-Սեւան ջրատարը չի վերանորոգվում, ջրի այն ֆիզիկական ծավալները, որ պետք է լցվեն լճի մեջ, չեն լցվում:Սա նշանակում է, որ եթե չկարողանանք ապահովել ջրի մակարդակի բարձրացում, ապա չենք էլ կարողանա պահպանել այսօրվա ջրի մակարդակը եւ անգամ կարող է սկսվել իջեցում: Իսկ դրա հետեւանքով կզրկվենք Սեւանի քաղցրահամ ջրից»:
Ջրային էկոհամակարգերի մասնագետ Սեյրան Մինասյանի խոսքերով՝ Սեւանա լճի էկոլոգիական իրավիճակը, որպես էկոհամակարգ՝ գտնվում է խիստ անհավասարակշիռ վիճակում. «Եվ այս վիճակում լճի վրա նոր էքսպերիմենտներ անել՝ ուղղակի չի կարելի»:
Մանրամասն՝ տեսանյութում
Էլյա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ