«Սկզբունքորեն անհնար է, որ պարտադիր կենսաթոշակային կուտակային համակարգը աշխատի»,-այսօր «Հայելի» ակումբում այսպիսի կարծիք հայտնեց Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության գործադիր տնօրեն Կարեն Վարդանյանը: Նա նշեց, թե «այն զոռով մեկ երկու ամիս աշխատի» ու մանրամասնեց. «Օրենքը մեռելածին է, քանի որ դու չես կարող երեք միլիոն մարդու միաժամանակ խաբել: Առաջին անգամ է, որ մարդու գրպանից ուղղակի գումար են հանում: Այս օրենքը նաև գցում է մաքուր և սևով աշխատող հիմնարկների տարբերությունը: Օրենքը նստում է սպիտակ դաշտի վրա, այն մարդիկ, որոնք օրինապահ են»: Ուստի պարոն Վարդանյանը կարծում է, որ ընդդեմ կուտակայինի պայքարում կա արդարության վեր հանման երանգ:
Որպես իրավիճակից ելքի ճանապարհ՝ Կարեն Վարդանյանը տեսնում է այն, որ «պաշտոնական բանակցություններ պիտի լինեն ՀՀ նախագահի և վարչապետի մակարդակով»: Այնուհետև հավելում. «Տպավորությունն այն է, որ պետական մարմիններն անգամ մարդ չունեն, որ մարդկային լեզվով խոսեն պարտադիր կենսաթոշակայինի թեմայով: ՀՀ-ում երկու մարդ է մնացել, որ կարող են ադեկվատ մակարդակի խոսել այդ թեմայով ընդվզող զանգվածի հետ. դա վարչապետն ու նախագահն են: Մնացածն այնքան ամբարտավան են խոսում, որ մարդկանց, ընդհակառակը, դեմ են տրամադրում այդ օրենքին»:
Հիշեցնենք, որ ՀՀ կառավարությունը հավանություն տվեց «Տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի պետական աջակցության մասին», «Շահութահարկի մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին» և «Եկամտային հարկի մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին» ՀՀ օրենքների նախագծերի փաթեթին: Այսպիսով, ՏՏ ոլորտում գործող նորաստեղծ ձեռնարկություններին, որոնք կունենան ոչ ավելի քան 15 աշխատող, պետությունը կազատի բոլոր հարկատեսակներից՝ սահմանելով շահութահարկի զրոյական դրույքաչափ և թողնելով միայն եկամտահարկի նվազեցված 10 տոկոսանոց հարկը:
Aravot.am-ի հարցին՝ հարկային այս բարեփոխումները «Դեմ եմ» շարժումը լռեցնելու նպատակ չունե՞ն, պարոն Վարդանյանն ասաց. «Սրանք տարբեր խմբեր են: Կենսաթոշակայինի թիրախը տեխնոլոգիական ոլորտի աշխատակիցներն են և հատկապես այն աշխատողները, որոնք մեծ փորձ ունեն և լուրջ աշխատավարձ ունեն: Այս օրենքը վերաբերում է հատկապես նորաստեղծ ընկերություններին, այսինքն՝ ձեռներեցներին, թիրախները տարբեր են: Դա նման է այն բանին, որ ուզենաս երրորդ հարկի հարևանին լավություն անել, առաջինին անես՝ մտածելով, որ կտարածվի երրորդի վրա»:
Կարդացեք նաև
Հայրենական արտադրողների միության նախագահ Վազգեն Սաֆարյանը կառավարության քայլի մասին ասաց հետևյալը. «Կառավարության այս միջոցառումը ՏՏ ոլորտում փոքր բիզնեսի զարգացմանը կնպաստի, քանի որ, եթե այսօր ՏՏ ոլորտից եկած եկումուտները մեր ՀՆԱ-ում 2-3 տոկոս են կազմում, այս միջոցառումից հետո այն կաճի»:
Տնտեսագետ Վարդան Բոստանջյանն այս առիթով նշեց. «Միշտ որակել եմ այդ բարեփոխումները, այսպես կոչված, բարեփոխումներ: Ինչ վերաբերում է ՏՏ ոլորտին ուղղված օգնությանը, ապա նշեմ, որ ՏՏ ոլորտին 2010-2011-ին հատկացվել է ութսուն միլիոն դրամ, այն գրեթե այնքան է, որքան Նունե Եսայանին՝ մեկ համերգի համար: Սա ընդհանրապես հնարավոր բան չէ: Առավել ևս ինչպես Սերժ Սարգսյանն է ասել, ախմախների մի փնտրեք, բնականաբար ախմախ չեն մարդիկ, և բնականաբար չեն ուզում, որ իրենց մասին մտածեն»:
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ