Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Գասպարիի դեմ հայցով ոստիկանության կին աշխատակիցը տեսաձայնագրմանը դեմ էր (տեսանյութ)

Մարտ 17,2014 13:39

 Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Էդիկ Ավետիսյանն այսօր արգելեց ԶԼՄ-ների կողմից տեսաձայնագրումը: Ոստիկանության աշխատակից Աիդա Դեմիրխանյանը պատվի, արժանապատվության հայցով դիմել էր դատարան՝ քաղաքական ակտիվիստ Վարդգես Գասպարիի դեմ: Հենց նա էլ դատարանին հայտնեց, որ դիմել է դատարան ոչ թե որպես ոստիկանության աշխատակից, այլ որպես կին, ֆիզիկական անձ, մայր, ուստի չի ցանկանում, որպեսզի դատարանում իրականացվի տեսաձայնագրություն:

Ըստ հայցվորի, Վարդգես Գասպարին հնչեցրել է արտահայտություններ, մասնավորապես ասելով, որ ոստիկանության աշխատակիցները ստոր են, սրիկա, անգրագետ, Երեւանյան լճի ափին կանգնող մարմնավաճառներից տկլոր եւ լկտի են: Արտահայտությունները արել էր վարչական դատարանում, ուր դարձյալ քննության է դրված եղել ոստիկանության հայցը Գասպարիի դեմ. նրանք պահանջել էին 50.000 ՀՀ դրամ Գասպարիից՝ «Հարսնաքար» ռեստորանային համալիրի մոտ բողոքի ակցիային մասնակցելու ընթացքում ոստիկանությանը ստոր, սրիկա, հանցագործ անվանելու համար:

Ի դեպ, Աիդա Դեմիրխանյանը Վարդգես Գասպարիից պահանջում է 1 միլիոն ՀՀ դրամ:

Գասպարին ներկայացրեց իր դիրքորոշումը, ասաց, որ ոստիկանությունը երկու հայց է ներկայացրել այս պահին՝ իր պատիվն ու արժանապատվությունը վիրավորելու համար, ինչը, ըստ իրեն՝ ոստիկանության սովորական գործելակերպն է՝ դրամաշորթության նպատակով:

Դատական նախնական նիստը անցավ բուռն, քանի որ Գասպարին շարունակում էր պնդել իր արտահայտությունները, հարց տալով ոստիկանության կին աշխատակցին, թե ինչու է նա վիրավորվել, երբ իր արտահայտությունները վերաբերում են ոստիկանությանն առհասարակ՝ սկսած Վովա Գասպարյանից, Աշոտ Կարապետյանից, Ռոբերտ Մելքոնյանից. «Ի՞նչ գիտեք, կա՞ն իրավական հիմքեր, երբ Վլադիմիր Գասպարյանին ասել եմ ստոր, սրիկա: Պնդում եք, որ ձեր ներկայացրած հայցը կապ չունի ձեր ծառայության հետ, որ դուք ներկայացել ենք որպես ֆիզիկական անձ»:

Աիդա Դեմիրխանյանը պատասխանեց, որ ինքը հանդես է գալիս որպես անձ, որ հայցադիմումում ներկայացրել է Վարդգես Գասպարիի պահվածքը, որ նա անձնական վիրավորանքներ է հասցրել ոստիկանության նաեւ մյուս աշխատակիցներին եւ որ Սահմանադրությունը նախատեսում է ինչպես կարծիքի արտահայտման իրավունքի ազատություն, այնպես էլ Սահմանադրությունը կարող է սահմանափակում նախատեսել:

Բավական բուռն քննարկվեց հայցվորի այն պնդումը, թե Գասպարին ձեռքը դեպի իրեն մեկնելով տկլոր է անվանել: Հայցվորն ասաց, որ այդպես է ինքը հասկացել եւ դատարան է ներկայացրել ապացույցներ: Գասպարին վրդովմունքով հակադարձեց, թե իր եւ ոստիկան կնոջ միջեւ որեւէ անձնային հարաբերություն գոյություն չի ունեցել, դա չի կարող դիտվել որպես անձնական վիրավորանք եւ խնդիրը անձնային դաշտ բերելը հեռահար նպատակ է հետապնդում՝ իրեն շեղել ոստիկանության համակարգի նկատմամբ իր ունեցած դրսեւորումից:

Աիդա Դեմիրխանյանը հայցադիմումում գրել էր. «Գասպարիի կողմից նման վարքագիծ դրսեւորելը առաջին անգամը չէ: Դեմիրխանյանի, մյուսների կողմից դրսեւորվել է զսպվածություն»:

Պատասխանողին հետաքրքրում էր, թե ինչու է հայցը երրորդ դեմքով գրվել, ինչին Աիդա Դեմիրխանյանը պատասխանեց, որ դատավարության նորմերին համապատասխանում է հայցը, ինչը չգոհացրեց Գասպարիին: Նա ասաց, թե ոստիկանության մեկ այլ աշխատակցի՝ Սոնա Մելիքյանի հայցում էլ նույն սխալները, նույն մտքերը, նույն պարբերություններն են կրկնվում: Այստեղ արդեն անձ-ոստիկանը պատասխանեց՝ «երբ Սոնայի հարցը կքննարկվի, կտաք ձեր հարցը»:

Դատավոր Էդիկ Ավետիսյանը մի քանի անգամ ընդհատեց Վարդգես Գասպարիին՝ հորդորելով հայցի շրջանակներում հարցեր տալ, ինչը դարձյալ միանշանակ չընդունվեց Գասպարիի կողմից, հորդորելով՝ մի խմբագրեք հարցերը:

Նախնական դատական նիստը ավարտվեց, դատաքննության օրվա մասին կհայտնվի լրացուցիչ:

Ռուզան ՄԻՆԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31