Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Ազատամարտիկի խանութը ջարդել են, իրեն էլ՝ ծեծել

Մարտ 17,2014 13:20

«Ի պաշտպանություն Վոլոդյա Ավետիսյանի» նախաձեռնության անդամ, Վոլոդյա Ավետիսյանի ջոկատից Վարդենիսում բնակվող Արամայիս Չավիշյանը մի քանի օր առաջ խոշտանգումների է ենթարկվել:

Այսօր «Նոյյան տապան» ակումբում նախաձեռնության ղեկավար Գագիկ Սարուխանյանը պատմեց, որ Արամայիս Չավիշյանի խանութը ջարդել են, հետո ծեծել: Ծեծված ազատամարտիկը հանցագործության մասին հաղորդում է տվել ոստիկանություն, բայց հանցակազմի բացակայության պատճառով գործը կարճել են. «Ավելի ուշ էլ նրան բանավոր ասել են՝ Վոլոդյա Ավետիսյանի հետ կապված ակցիաներին չմասնակցես: ԱԱԾ-ն, չունենալով մեղադրանք, փորձում է վախի մթնոլորտ ստեղծել»:

Գյումրեցի ազատամարտիկ Յուրա Աթոյանի հետեւից էլ են ոստիկանությունից վերջին հանրահավաքից հետո եկել:

«Հաջորդ օրը տնից դուրս էի եկել, մեկ էլ հարսս տնից զանգեց՝ թաղի տեսուչն է եկել, դուռը թակել, ինձ հարցրել, հետո անձնագիրս պահանջել: Ինձ չգտնելով, անձնագիրս չստանալով՝ գնացել է հորեղբոր տղայիս տուն, հարց ու փորձ արել, հեռախոսիս համարն ուզել: Ինչո՞ւ հենց հանրահավաքի հաջորդ օրը, թող դրանից մի քանի օր առաջ գային»,- պատմեց պարոն Աթոյանը՝ նշելով, որ այդ օրից հետո ոչ ինքն է ներկայացել ոստիկանություն, ոչ էլ հանդիպել թաղի տեսուչին:

Արմավիրի մարզի Վարդանաշեն գյուղի բնակիչ, ազատամարտիկ Գեւորգ Սարգսյանին էլ վերջին հանրահավաքից հետո գյուղապետն է կանչել, հորդորել չմասնակցել նման հավաքներին. «Սկսում են արդեն ատամ գցել, գյուղապետի միջոցով են խաբարներ ուղարկում՝ մի մասնակցեք, քաղաքացիական համազգեստով են ոստիկաններ գալիս գյուղում մեզնից հարց ու փորձ անում»:

Նույն գյուղի բնակիչ Ստեփան Ստեփանյանն էլ՝ «Ռեմբոն», պատմեց, որ երեք օր առաջ քաղաքացիական հագուստով հինգ- վեց հոգի մեքենայով իրենից են հարցրել, հետո գյուղի բնակիչ Ռուդիկին են բռնել իր փոխարեն, հետո ներողություն խնդրելով՝ ասել են շփոթվել ենք ու բաց են թողել. «Մենք ասում ենք՝ ո՛չ քաղաքական հետապնդումներին, սոցիալական խնդիրների վերանայում, ազատություն Վոլոդյայի: Իշխանափոխություն շատերն են գոռում, դա մեր գործը չէ, մենք քաղաքականությամբ չենք զբաղվում, մեր հրամանատարն էլ էր ասում, զինվորը չպետք է քաղաքականությամբ զբաղվի»:

Պարոն Սարուխանյանն էլ դատապարտեց անցած շաբաթ ԱԺ-ում ՊՆ նախարար Սեյրան Օհանյանի անդրադարձը Վոլոդյա Ավետիսյանին. «Հարց են տալիս՝ ինչո՞ւ է անազատության մեջ, նախարարը պատմում է Վոլոդյայի կենսագրությունը, ասում է, թե փառավոր անցյալ չի ունեցել, մի վեհացրեք, ասում է պայմանավորվածություն է խախտել: Լավ, խախտել է, թե չի խախտել, անցյալը փառունակ է, թե՝ ոչ: Ինչո՞ւ եք պահում անազատության մեջ: Ես կասեմ հակառակը՝ պայմանավորվածություն խախտել են իշխանությունները, երբ Վոլոդյան եւ տղաները այցելել են վարչապետին ու նախարարին՝ պայմանավորվել, որ պետք է ստեղծվի հանձնաժողով ու զբաղվի այդ հարցերով, հաջորդ օրը նա հայտնվում է բանտում: Պայմանավորվածության համար բանտ են գցո՞ւմ: Կամ այդ ինչ պայմանավորվածություն է եղել, ոչ մի պայմանավորվածություն, հրահանգել են՝ դադարեցնել  բողոքը, նա չի համաձայնել, ասել է, որ պետք է պայքարի այնքան ժամանակ, մինչեւ նրանց պահանջները չբավարարվեն: Հիասթափված եմ նախարարի նման պատասխանից ու նախագահի արտահայտություններից: Երկրում բարձր պաշտոնատար անձինք իրավունք չունեն մանրանալ եւ փողոցային հարց ու պատասխանի միջոցով պատասխան տալ»:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31