«Գովազդի մասին» ՀՀ օրենքում 1-ին ընթերցմամբ ընդունված փոփոխությունների, որով գիշերային ժամերին՝ երեկոյան 10-ից մինչեւ առավոտյան 6-ը թույլատրվում է թունդ ոգելից խմիչքների գովազդը, քվեարկությանը ՕԵԿ պատգամավոր Հովհաննես Մարգարյանը չի մասնակցել: Սակայն, եթե մասնակցեր, «ձեռնպահ» կքվեարկեր, քանի որ որոշ վերապահումներ ունի այդ օրինագծի վերաբերյալ:
Մասնավորապես նա կարծում է, որ ոչ թե երեկոյան 10-ից, այլ 24.00-ից կարելի է թույլատրել օղու գովազդը, բացի այդ, պնդում է, որ գովազդին համարժեք պետք է լինի «հակագովազդը», այսինքն՝ անպայման նշվի խմիչքի վտանգավորության մասին, եւ վերջապես, կարծում է, որ պետք է հավասար պայմաններ լինեն բոլոր ԶԼՄ-ների համար, այսինքն` թույլատրվի թունդ ոգելից խմիչքները գովազդել նաեւ տպագիր եւ առցանց մամուլով: Այս առաջարկները, ի դեպ, պարոն Մարգարյանը ներկայացրել է հեղինակներին:
«Առավոտի» հարցին՝ որքանո՞վ է ճիշտ անգամ գիշերային ժամերին թույլատրել թունդ ոգելից խմիչքների գովազդը, առավել եւս թույլատրել դրանց գովազդը մամուլի այլ միջոցներով, երբ այդ պարագայում անգամ ժամային սահմանափակում չի լինի, պարոն Մարգարյանը պատասխանեց.«Ասեմ, որ ինձ համար առաջին հայացքից անընդունելի է, որ ապագա սերնդին գովազդենք, թե ինչ լավ է խմիչքը: Մենք մեր սերունդներին դաստիարակում ենք չծխել, չխմել, ես ինքս այդ գովազդի արդյունքում վերջին երեք տարիներին չեմ ծխում եւ զգացի ինձ վրա թե ինչ լավ բան է չծխելը: Ինչ վերաբերում է խմիչքին, եթե ընդունում ենք գովազդելու հնարավորությունը, ապա պետք է հավասարության, արդարության սկզբունք կիրառենք, բոլոր ԶԼՄ-ներին տանք այդ հնարավորությունը: Ի վերջո, եթե թույլատրում են այն հիմքով, որ հեռուստատեսությունը փող աշխատի, ապա թերթերն ու կայքերն էլ պետք է կարողանան փող աշխատել, հատկապես, որ թերթերի լսարանն ավելի փոքր է, ավելի քիչ մարդ կենթարկվի գովազդին: Եվ անպայման պետք է նշվի վտանգների մասին, որ առողջության համար վտանգավոր է»:
Պատգամավորն ասաց, որ երբ տեսնի, թե իր առաջարկներն ինչպես են ընդունվում, ըստ այդմ էլ կորոշի, թե 2-րդ ընթերցման ժամանակ ինչպես քվեարկի:
Կարդացեք նաև
Մելանյա ԲԱՐՍԵՂՅԱՆ