Այսօր՝ մարտի 17-ին, Երևանի պետական համալսարանին առընթեր Ա. Շահինյանի անվան ֆիզմաթ դպրոցում տեղի ունեցավ առարկայական օլիմպիադաների հանրապետական փուլի բացման արարողությունը:
Միջոցառմանը ներկա էր ՀՀ Կրթության և գիտության փոխնախարար Մանուկ Մկրտչյանը: «Մաթեմատիկայի օլիմպիադան դասական օլիմպիադա է: Հանրապետական փուլը 2 մեծ նշանակություն ունի. մեկը, որ հանրապետական փուլով որոշվում է, թե ովքեր պետք է մասնակցեն միջազգային փուլին, մյուսը՝ որ մենք ավարտում ենք օլիմպիադաները և ամփոփում ենք»,- ասաց պրն Մկրտչյանը:
Նա կարևորեց այն հանգամանքը, որ օլիմպիադան հնարավորություն է տալիս տարբեր տարածաշրջաններում ապրող աշակերտներին ծանոթանալ միմյանց հետ, համագործակցել: «Օլիմպիադական շարժումը մրցակցային շարժում չէ, բոլորը բոլորի հետ համագործակցում են»,- ասաց փոխնախարարը:
Կարդացեք նաև
«Այս տարի հանրապետությունում մաթեմատիկայի առաջին փուլին մասնակցել է 19000 աշակերտ, ֆիզիկային՝ 6000: Մաթեմատիկայի հանրապետական փուլ անցել է 139 աշակերտ, իսկ ֆիզիկայի հանրապետական փուլին կմասնակցի 122 աշակերտ հանրապետությունից և Լեռնային Ղարաբաղից»,- ասաց ֆիզմաթ դպրոցի տնօրեն Հայկազ Նավասարդյանը:
Նա նշեց, որ ՀՀ-ը 6 թիմերով մասնակցում է միջազգային օլիմպիադաների: Հանրապետական օլիմպիադայի հաղթողների հետ 1 ամիս շարունակ կազմակերպվում են լրացուցիչ մրցույթներ, և ընտրվում է հավաքական թիմը, որն ունենում է 4-6 անդամ: Նա ասաց, որ 2 տարի առաջ ունեցել են 16 միջազգային մեդալ, անցած տարի՝ 15 մեդալ:
Զրուցեցինք նաև օլիմպիադայի մասնակիցներից մեկի՝ Հայկ Հարությունյանի հետ, որը սովորում է Քվանտ վարժարանի 9-րդ դասարանում: «Արդեն երրորդ տարին է, ինչ մասնակցում եմ հանրապետական օլիմպիադայի: 2 տարի առաջ մաթեմատիկային եմ մասնակցել 8-րդ դասարանցիների հետ, չնայած, որ ես 7-րդ էի: Գովասանագիր եմ բերել: Անցյալ տարի 3 առարկայից եմ մասնակցել հանրապետական փուլի՝ կենսաբանություն, քիմիա և մաթեմատիկա: Կենսաբանությունն ու քիմիան 9-րդ դասարանցիների հետ էի մասնակցում: Կենսաբանությունից առաջին կարգ եմ բերել, քիմիայից՝ երրորդ, մաթեմատիկան՝ երկրորդ: Այս տարի 5 առարկայից եմ մասնակցելու հանրապետական փուլի՝ կենսաբանություն, քիմիա, ֆիզիկա, մաթեմատիկա և աստղագիտություն: Հուսով եմ՝ գոնե 4 առաջին կարգ կբերեմ»,- ասաց Հայկը: Նա նաև նշեց, որ այս տարի պատրաստվում է մասնակցել աստղագիտության միջազգային օլիմպիադային:
Բացման արարողությունից հետո միջազգային օլիմպիադայի մասնակիցները դպրոցի բակում՝ Օլիմպիականների պուրակում, ծառեր տնկեցին:
Վարդուհի ԲԱԼՅԱՆ