Այսօր «Զարկերակ» ակումբում քաղաքագետ Արամ Մանուկյանը խոսելով Ղրիմի հանրաքվեի թեմայով՝ հայտարարեց, որ այդ իրադարձությունից հետո Հայաստանը կարող է ակնկալել Լեռնային Ղարաբաղի հակամարտության արդարացի լուծում. «Ղրիմի հանրաքվեն նախադեպ էր եւ այն կարող է լուրջ անհանգստություն պատճառել Ադրբեջանին ու այն, բնականաբար, չի կարող չազդել Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի լուծման վրա»,- ասաց նա՝ ավելացնելով, որ այսպիսի հակամարտության դեպքում՝ որպես կանոն, կողմ են լինում ազգերի ինքնորոշմանը։
Արամ Մանուկյանի փոխանցմամբ՝ քանի որ Ռուսաստանը կողմ է արտահայտվել ազգերի ինքնորոշման սկզբունքին՝ այդ սկզբունքից չի կարող խուսափել նաեւ Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման ժամանակ:
Արամ Մանուկյանը նաեւ նշեց, ինչպես, որ սպասվում էր՝ Ղրիմի հանրաքվեով սկիզբ դրվեց Ուկրաինայի մասնատմանը:
Նրա ձեւակերպմամբ՝ մարտի 16-ից հետո Արեւմուտքի տված գնահատականներում խնդիրը ոչ թե միջազգային նորմերի անհամապատասխանություն դարձավ, այլ Արեւմուտքի եւ Ռուսաստանի միջեւ հակասությունները ակնհայտ դարձան. «Դա ցույց տվեց, որ ցանկացած միջադեպ, որը Ռուսաստանի համար ընդունելի է, չի կարող Արեւմուտքի համար էլ ընդունելի լինել»:
Կարդացեք նաև
Արամ Մանուկյանի հավելեց, որ ամեն դեպքում Ռուսաստանը չի ցանկանա վատացնել հարաբերությունները Ադրբեջանի հետ: Նա նաեւ ավելացրեց, որ ուկրաինական ճգնաժամը չի սահմանափակվի Ղրիմով ու որ լարվածության մեծացում անպայման կլինի:
Եվա ՀԱԿՈԲՅԱՆ