Լրահոս
Օրվա լրահոսը

Երրորդ Հայրենական չի՞ լինի, թե՞ մարտի 22-ին Ռուսաստանի զորքերը մուտք կգործեն Ղրիմ (Տեսանյութ)

Մարտ 17,2014 12:16

«Ղրիմի վրա Ռուսաստանը կկանգնի, եթե նա շարունակի պրովոկացիաների շարք, եթե խորանա Ուկրաինայի մյուս արևելյան շրջանները, արձագանքը չոր կլինի»,-այսօր «Հայելի» ակումբում լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց «Ազատ դեմոկրատներ» կուսակցության փոխնախագահ Անուշ Սեդրակյանը:

Նա վկայակոչեց այն հանգամանքը, որ Ղրիմը կուրորտային վայր է, և այնտեղ էթնիկ բաղկացուցիչը շատ ոչ կայուն է, մարդիկ ապրում են տուրիզմի հաշվին: Ղրիմը չունի որևէ առանցքային գաղափարախոսություն, որի վրա կարելի էր հենվել: Անդրադառնալով Ղրիմի հանրաքվեին՝ տիկին Սեդրակյանը նշեց, թե զարմացած է Ռուսաստանի երկակի դիրքորոշմամբ, այսինքն՝ մի կողմից դիկտատորական դիրքորոշում, մյուս կողմից էլ այն, որ ռուսական մամուլում ժողովրդավարական ֆոնի որոշ հրապարակումներ են երևում:

Անդրադառնալով հանրաքվեին՝ տիկին Սեդրակյանը նշեց. «Կարծում եմ, որ բողոքող մասսան ուղղակի չի գնացել հանրաքվեի: Կեղծված մեխանիզմների՝ ռուսական մոդելը լավ աշխատել է, և կեղծել է ոչ այնքան կողմ քվեները, որքան ներկայության վիճակագրությունը: Հանրաքվեն ՌԴ-ի ինչի՞ն էր պետք, ի՞նչն էլ լեգիտիմացնում»:

Անդրիաս Ղուկասյանը նշեց. «Ամսի 22-ին Ուկրաինան և Ռուսաստանը հայտնվելու են դե յուրե և դե ֆակտո պատերազմի մեջ: Այս օրը Ռուսաստանի զորքերը մուտք կգործեն Ղրիմ: Ռուսաստանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունը ձևավորվել էր տարիներ շարունակ, իսկ այսօր այն հասել է կոնֆլիկտի»:

Aravot.am-ը հետաքրքրվեց՝ հնարավոր համարու՞մ է այն, որ Ռուսաստանը ճնշման կենթարկի Հայաստանին և կստիպի ճանաչել Ղրիմի անկախությունը: Անուշ Սեդրակյանը պատասխանեց. «Առայժմ մանևրականության հնարավորություն ունի Հայաստանը: Նա հեշտությամբ մեղքը կարող է գցել մյուս Մաքսային միության անդամների վրա: Նրանք անվերապահ հաստատել են իրենց դիրքորոշումը»: Բայց տիկին Սեդրակյանը վախենում է ՀԱՊԿ-ի պայմանագրից ու նշում. «Հայկական գումարտակները գնացին Իրաք, ՀԱՊԿ-ի շրջաններում որևէ երաշխիք չունենք, և կարող ենք լուրջ խնդիրների առաջ կանգնել»:

Ըստ տիկին Սեդրակյանի՝ Ռուսաստանը լավ ձև է գտել իր օլիգարխների փողաթափման համար: Նա օրինակ բերեց Աբրամովիչի՝ Ղրիմի տնտեսության մեջ 20 միլիարդի ներդրումը՝ իմանալով, որ Ղրիմի տնտեսության մեջ դա անպտուղ է լինելու: Ըստ Անուշ Սեդրակյանի՝ «Հայաստանը այս պարագայում շատ փոքր գործոն է»:

Անդրիաս Ղուկասյանը լուրջ վտանգներ է տեսնում Մինսկի խմբի գործընթացում ու նշում. «Մինսկի խումբը, որի վրա աղոթում էինք տարիների շարունակ, կարող է վտանգի տակ լինել, և ՀՀ քաղաքական ուժերից ոչ ոք չունի որևէ ալտերնատիվ քաղաքականություն»:

Պատերազմի հավանականության մասին տիկին Սեդրակյանն ասաց. «Եթե կարիբյան ճգնաժամը լուծում ստացավ, քանի որ այնտեղ տասը րոպե էր մնում պատերազմին, ապա ինձ թվում է այս անգամ կխուսափեն: Արևմտյան ուժերը զոհ չեն տալու Ուկրաինան: Երրորդ Հայրենականը տեղի չի ունենա՝ չնայած բոլորը կարծում են, թե ՌԴ-ն գնում է Երրորդ հայրենականի»:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31