ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման կիրակի օրը հեռախոսազրույց է ունեցել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ, որի ընթացքում շեշտել է, որ Ղրիմում «հանրաքվեն» անցկացվել է Ուկրաինայի սահմանադրության խախտմամբ և տեղի է ունեցել Ռուսաստանի ռազմական միջամտությամբ ստեղծված ճնշման պայմաններում:
Հեռախոսազրույցի ընթացքում նախագահ Օբաման շեշտել է, որ Ռուսաստանի կողմից ձեռնարկված գործողությունները խախտում են Ուկրաինայի ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը, և, Եվրոպայի գործընկերների հետ միասին, ԱՄՆ-ը նախատեսում է, որ Ռուսաստանը «լրացուցիչ գին կվճարի այս գործողությունների համար»:
Վլադիմիր Պուտինի հետ ունեցած հեռախոսազրույցի ընթացքում նախագահ Օբաման շեշտել է, որ դեռևս առկա է ինչպես Ռուսաստանի, այնպես էլ Ուկրաինայի շահերից ելնող հստակ ուղի՝ Ուկրաինայի շուրջ ստեղծված ճգնաժամը լուծելու համար:
ԱՄՆ-ի նախագահը նշել է, որ Ուկրաինայի կառավարությունը շարունակում է ընդունել ճգնաժամի լարվածությունը նվազեցնելուն ուղղված հստակ քայլեր, և դիմել է Ռուսաստանին որևէ խմբավորման կողմից բռնությունների կանխման նպատակով միջազգային դիտորդներ ուղարկելու նախաձեռնությունը սատարելու պահանջով:
Կարդացեք նաև
«Նախագահ Օբաման վերահաստատել է, որ դիվանագիտական լուծման անհնար է հասնել, քանի դեռ Ռուսաստանի զինված ուժերը շարունակում են իրենց ներխուժումն Ուկրաինայի տարածք, իսկ Ուկրաինայի սահմանների մոտակայքում Ռուսաստանի կողմից անցկացվող լայնածավալ զորավարժությունները միմիայն ավելացնում են լարվածությունը», – ասված է ԱՄՆ-ի Սպիտակ տան մամուլի ծառայության հաղորդագրության մեջ:
Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում