Մարտի 1-ի հանձնաժողովի ստեղծման վերաբերյալ խորհրդարանական վերջին քննարկումների ընթացքում մի քանի անդրադարձեր եղան նախկին Փաստահավաք խմբի այն զեկույցին, որը վերաբերում էր ապօրինի զինված խմբավորումներին, եւ մասնավորապես այն ցուցակին, ըստ որի Գագիկ Ծառուկյանին, Սամվել Ալեքսանյանին, Սուրիկ Խաչատրյանին եւ 6 այլ անձանց Պաշտպանության նախարարության հանդերձանքի պահեստից հատկացվել են համազգեստներ: Հիմնական զեկուցողը՝ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Գագիկ Ջհանգիրյանն այս առնչությամբ մասնավորապես ասաց. «Ես չեմ ասում` հաստատված փաստ է, բայց այդ փաստերը պետք է ստուգվեն։ Այլ ինֆորմացիաներ էլ կային, որ այդ ցուցակում ինչ-որ մարդկանց անուն եղել է, հանել են»:
«Առավոտի» խնդրանքով անդրադառնալով արված այդ բավական թափանցիկ ակնարկին՝ ժամանակին Փաստահավաք խմբում ՀԱԿ ներկայացուցիչ, իսկ այժմ Ժողովրդավարության, անվտանգության եւ զարգացման հայկական կենտրոնի ղեկավար Անդրանիկ Քոչարյանն ասաց. «Ես կարծում եմ, որ հիմնական զեկուցողը պետք է ունենար խիզախություն, որ հրապարակեր իր տեղեկատվությունն ամբողջությամբ. Այնպես, ինչպես ես ժամանակին ամբողջ տեղեկատվությունը հրապարակել եմ, աշխատել եմ հրապարակային փաստահավաք խմբի շրջանակներում: Եվ այդպիսի մոտեցում ակնկալում եմ նաեւ այսօր նման ակնարկներով հանդես եկող ցանկացած գործչի կողմից»:
Հաշվի առնելով այս առնչությամբ հրապարակված այլ լուրեր՝ հստակեցրինք, թե արդյոք ակնհա՞յտ չէ, որ ակնարկը վերաբերում էր իր եւ Ռուբեն Հայրապետյանի մտերմությանը: «Ոչ,- պատասխանեց Անդրանիկ Քոչարյանը:- Ես եղել եմ փաստահավաք խմբի անդամ եւ միշտ խոսել եմ կոնկրետ փաստերով: Եվ կուզեի, որ ոչ թե ակնարկների լեզվով խոսեն, այլ որպեսզի ակնարկ անողները խոսեին փաստերով, որպեսզի ես էլ փաստերով կարողանամ պատասխանել: Այդպիսի մի փորձ ժամանակին էլի փորձեցին անել, եւ ես բացատրեցի, որ այն մեխանիզմով, որ մենք ստացել ենք այդ տեղեկատվությունը՝ փաստահավաք խմբի որեւէ անդամ պարզապես չէր կարող որեւէ փոփոխության ենթարկել այդ ցուցակը, որովհետեւ դա ստացվել էր Հայ ազգային կոնգրեսի համակարգող Լեւոն Զուրաբյանի միջոցով: Այնպես որ՝ եթե որեւէ փոփոխության ենթարկվել է, ակնարկ անողը թող գնա փնտրի այլ տեղ»:
Կարդացեք նաև
ԱԺ քննարկումների ընթացքում նույն հարցի վերաբերյալ բավական հետաքրքրական ելույթ ունեցավ նաեւ ժամանակին մարտի 1-2-ին Երեւանում տեղի ունեցած իրադարձությունների եւ դրանց պատճառների ուսումնասիրության ԱԺ ժամանակավոր հանձնաժողովի անդամ, իսկ այժմ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Գուրգեն Արսենյանը: Թեեւ ՊՆ-ն այդ ժամանակ խոչընդոտել էր ցուցակի վերաբերյալ տեղեկատվության ստուգումը՝ պահեստներում տեղի ունեցած ապրանքային շարժի ուսումնասիրությունը, այժմ պրն Արսենյանը վկայակոչելով իր նեղ մասնագիտական որակավորումը՝ «նյութատեխնիկական մատակարարման կազմակերպում», բացահայտեց, թե անգամ մերժման պայմաններում անցկացրել է համեմատական ձեռագրաբանական փորձաքննություն եւ ըստ այդմ պնդեց. «ՀՀ պաշտպանության նախարարությունը չի մասնակցել այդ գործողություններին»:
Անդրանիկ Քոչարյանն այս առնչությամբ ասաց. «Ես Գուրգեն Արսենյանին պարզապես խորհուրդ կտամ մեկնաբանություններ անել ծխախոտի պահեստների մասին եւ ոչ թե Պաշտպանության նախարարության զինվորական համակարգի նիստուկացի մասին, որովհետեւ ինքը բնականաբար չի տիրապետում այդ ամենին: Իսկ այն տեղեկատվությունը, որն ունեցել է փաստահավաք խումբը՝ դրա մի մասը ներառված է զեկույցի մեջ, մյուս մասը բավականին մեծ տեղեկատվություն պարունակող օպերատիվ նյութեր են, որոնք հասու չեն Գուրգեն Արսենյանին: Դրանք պարունակվում են փաստահավաք խմբի ձայնագրությունների մեջ: Եվ եթե նախաքննական մարմինը ցանկություն ունի դրանք ճշտելու՝ պարզապես պետք է փորձի նորից ուսումնասիրի ոչ միայն զեկույցը, այլ զեկույցից դուրս մնացած այն տեղեկատվությունը, որը հասել է նախաքննական մարմնին՝ փաստահավաք խմբի շրջանակներում: Այնպես որ՝ ես ընդունում եմ, որ պարոն Արսենյանը մատակարարման ոլորտում մեծ հմտություններ ունի, բայց դա, կներեք, բանակին բացարձակ չի առնչվում»:
Հետաքրքրվեցինք նաեւ, թե ինչպես է վերաբերվում այն հանգամանքին, որի մասին ավելի ուշ 1in.am-ին տված հարցազրույցում վկայել էր Գուրգեն Արսենյանը, թե երբ ինքը պնդել է, որ ՊՆ թիկունքի ծառայության զորամասերում տեղի չի ունեցել նման բան. «ՀԱԿ-ի բոլոր ներկայացուցիչները գլուխներով այսպես էին անում (ցույց է տալիս դրական շարժում): Այսինքն` համաձայնում էին ինձ հետ»: Անդրանիկ Քոչարյանը պատասխանեց. «Կներեք, բայց ՀԱԿ-ի ներկայացուցիչների գլուխների այսօրվա շարժումները որեւէ փաստական նյութ իրենց մեջ չեն պարունակում, որովհետեւ, ըստ էության, հակափաստարկների շուրջ էլ կարող են այսօրվա ՀԱԿ-ի ներկայացուցիչները նաեւ գլխի դրական շարժումներ անել»:
Աննա ԻՍՐԱՅԵԼՅԱՆ