Լրահոս
Օրվա լրահոսը

«Մարդկանց մեծամասնությունը վստահ չէ սեփական ուժերի վրա». Միջազգային մակարդակի խոսքի մասնագետ (Ձայնագրություն)

Մարտ 16,2014 22:06

Հումանիստական տեսության հիմնադիր Ալֆրեդ Ադլերը գտնում էր, որ մարդու մեջ առաջնայինը սոցիալական բնազդն է, մարդկանց հետ համագործակցությունը, իսկ ակտիվության դրդող ուժը, որքան էլ տարօրինակ է, թերարժեքության զգացումն է: Մյուս կողմից Ադլերն առանձնացնում է հակառակ բևեռը` գերազանցության զգացումը, որը, չհաշված դրա բացասական կողմերը, կարևոր է գոյատևման համար:

Եթե դեռ փոքր հասակից (5-6 տարեկան) երեխան խորը թերարժեքության զգացում ունի, նրա պատկերացումներն կեղծ են լինում: Նա ձգտում է մեծանալ և հասնել իր կեղծ ապագային և հաղթահարել թերարժեքության զգացումը:

Փաստորեն, մարդու ֆիզիկական թերությունը առաջացնում է թերարժեքության զգացում, ինչի հետևանքով ամբողջ կյանքի ընթացքում մարդը փորձում է կոմպենսացնել այդ զգացումը, պայքարել  կեղծ օբյեկտի՝  անվստահության դեմ և զուր ժամանակ ու նյարդեր կորցնելով:

«Մարդկանց մեծամասնությունը վստահ չէ սեփական ուժերի վրա և անընդհատ կրկնում են բացասական նախադասություններ, բառեր. «Չեմ կարող, լավը չեմ, կարող է՞ չստացվի..» և այլն՝ առանց հասկանալու դրանց կործանարար ազդեցությունը վարքագծի, հետևաբար՝ ճակատագրի վրա», – մեզ հետ զրույցում նշել է միջազգային մակարդակի խոսքի մասնագետ, հոգեբան Ալկիստիս Աջյորտինին:

Նրա համոզմամբ, անվստահության արմատները թաքնված են մանկության խորքերում, պատճառներն էլ մի քանիսն են. ծնողների կամ ուսուցչի  վերաբերմունքը, սոցիալհոգեբանական ազդեցությունը, գենետիկան և այլն: Խնդիրն այն է, թե ինչպես կարող ենք փոխել մեր մտածելակերպը և ազատվել այդ բացասական մտքերից: «Իմ ամենօրյա աշխատանքում կենտրոնանում եմ ավելի շատ այդ վնասակար մտքերի վերացման կամ նվազեցման, քան դրանց դրդապատճառների վրա: Բացի այդ, սեմինարների միջոցով օգնում եմ ձեռներեցներին, մասնագետներին, ընկերություններին՝ զարգացնել ղեկավարման, խոսքի ազդեցության ունակությունները: Չէ՞ որ սոցիում նշանակում է շփում մարդկանց հետ, իսկ շփման համար խոսքն է կարևոր: Բոլորը կարող են ձեռք բերել դրական մտածելակերպ», – հավելել է հույն մասնագետը:

Տիկին Աջիորգիտին բացատրել է, որ դա սոցիալական խնդիր է և հիմնականում բխում է կրթական համակարգի թերացումներից, երբ կրթությունը կենտրոնանում է ավելի շատ տեղեկատվության սերտման, քան սեփական անհատականության և ունակությունների բացահայտման ու դրական վարքագծի զարգացման վրա: «Առաջ այդ դերը ստանձնում էր եկեղեցին, հատկապես ավանդական երկրներում, իսկ այսօր այդ բացն լրացվելու կարիք ունի», – ասել է Ալկիստիսը:

Անլիարժեքության զգացման, անվստահության առաջին նշաններն են ընկճվածությունը, աչքերի շփումից խուսափելը, չժպտալը, կռկված լինելը և այլն, մինչդեռ բոլորն են ցանկանում  ինքնավստահ լինել և հավատալ սեփական ուժերին: Իսկ այդ ամենը շտկելու համար հոգեբանական հատուկ մեթոդներ են մշակվել:

Մեր հարցին՝ որքա՞ն է ԶԼՄ-երի ազդեցությունը մեր հոգեբանության, տրամադրության վրա, մասնագետը պատասխանեց, որ դրանք առաջացնում են վախեր և ուժեղացնում անվստահությունը: «ԶԼ միջոցների գլխավոր դերը բացասական լրատվությունն է: Ի՞նչ է, չկա՞ն լավ լուրեր: Կան, բայց հենց այդ լուրերն են լավ վաճառվում: Այդ պատճառով լրատվության 95 տոկոսը բացասական բնույթ ունի», – ընդգծել է հոգեբանը:

Նրա խոսքով, ազգության պատկանելիությունը նույնպես ազդում է անհատի վարքագծի վրա: Կան մշակույթներ, երկրներ, որոնք կառուցված են դրական, վստահության, հույսերի, հաղթելու նպատակների հիման վրա, քան հին պետությունները՝ Հունաստանը, Հայաստանը և այլն: Իսկ հանրաճանաչ մարդկանցից առանձնացրեց Լինդսի Լոհենին, Բրիթնեյ Սփիրսին, Լեյդի Դայանային, որոնք տառապել կամ տառապում են այդ համախտանիշով: «Հիմնականում անլիարժեքության զգացումով և ածանցավոր հոգեկան խնդիրներով տառապում են նրանք, ովքեր թմրադեղեր են օգտագործում, շատ հաջողակ և աշխարհահռչակ մարդիկ: Վերջինները կարծում են, թե արժանի չեն իրենց հաջողություններին, իսկ որպես դարման թմրադեղերի կամ ոգելից խմիչքների մեջ են խորասուզվում, հաճախ էլ կորցնում են այն, ինչ ունեն»:

Ընդ որում, անվստահ մարդիկ հաճախ նաև մեծամիտ են, բայց այդ մեծամտության հետևում թաքնված է վախկոտությունն ու անվստահությունը: Իսկ այն հասկանալու համար ուղղակի պետք է ավելի մոտիկից շփվել և իմանալ՝ ինչպես այդ բարդ անձանց վերաբերվել:

Ելենա ՉՈԲԱՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31