«Սիվիլնեթ». Ղրիմում մարտի 16-ին թերակղզու կարգավիճակի վերաբերյալ հանրաքվե է անցկացվում: Ընտրատեղամասերը տեղի ժամանակով 08:00-ին [Երևանի ժամանակով 10:00-ին] բացվել են: Քվեարկությունը կտևի 12 ժամ:
Մոտ 1,5 մլն քաղաքացու առաջ դրվելու է երկու հարց՝ «Դուք կո՞ղմ եք Ղրիմի՝ որպես ՌԴ սուբյեկտ Ռուսաստանին վերամիավորմանը» և «Դուք կո՞ղմ եք Ղրիմի Ինքնավար Հանրապետության՝ 1992թ․ Սահմանադրության վերականգնմանը և Ղրիմի՝ որպես Ուկրաինայի մաս կարգավիճակին»։
Ղրիմի Գերագույն խորհուրդը, որը նախաձեռնել է հանրաքվեն, խոստացել է ինքնալուծարվել, եթե ընտրողները նախընտրեն Ուկրաինայի մաս մնալ:
Սկզբնապես հանրաքվեն ծրագրվում էր անցկացնել մայիսի 25-ին և նախատեսվում էր ընդամենը մեկ հարց՝ ինքնավարության ընդլայնման մասին: Այնուհետև Գերագույն խորհուրդը երկու անգամ փոխեց քվեարկության ամսաթիվը՝ լրացնելով քվեաթերթիկները Ռուսաստանի կազմի մեջ մտնելու հարցով:
Կարդացեք նաև
Հանրաքվեն անօրինական է ճանաչվել Ուկրաինայի Սահմանադրական դատարանի, Վենետիկյան հանձնաժողովի, Եվրամիության և ԱՄՆ-ի կողմից: Մարտի 15-ին ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում բանաձև էր ներկայացվել, որում առաջարկվում էր «ուժ չունեցող» հայտարարել Ղրիմի հանրաքվեն և կոչ անել բոլոր երկրների չճանաչել դրա արդյունքները: Սակայն Ռուսաստանը, օգտվելով վետոյի իր իրավունքից, խոչընդոտել էր բանաձևի ընդունմանը:
Մարտի 1-ին Ռուսաստանի Դաշնության խորհուրդը հավանության էր արժանացրել երկրի նախագահ Վլադիմիր Պուտինի՝ Ուկրաինայի տարածքում ռուսական զինված ուժերի օգտագործումը թույլատրելու խնդրանքը՝ մինչև այդ երկրում հասարակական-քաղաքական իրադրության կարգավորումը։
Հրապարակումն ամբողջությամբ կարող եք կարդալ սկզբնաղբյուր կայքում: