Լրահոս
Օրվա լրահոսը

«Ամենակարևորը մարմնի և մտքի համաձայնեցումն ու կառավարումն է». Տպավորիչ խոսելու գաղտնիքը

Մարտ 16,2014 12:15

Խոսքով կարող ես գերել, նույնքան վնաս հասցնել կամ ոչնչացնել: Գիտնականները կրկին ցնցող բացահայտում են արել. ԴՆԹ-ն ոչ միայն պատասխանատու է մեր կեցության համար, այլ նաև ընկալում է մարդկային խոսքն ու ձևափոխվում: Նրանք պնդում են, որ խոսքն այնքան հզոր «զենք» է, որ նույնիսկ  կարող է քաղցկեղ առաջացնել կամ, լավագույն դեպքում, տարբեր հիվանդություններ վերացնել: Ասում են՝ նույնիսկ յուրաքանչյուր ազգ պետք է լսի իր ազգային երաժշտությունը, հակառակ դեպքում կվնասի ԴՆԹ-ի շղթան:

Բայց մեր զրույցը ոչ թե ԴՆԹի, այլ խոսքի գաղտնիքների մասին է, հատկապես եթե ընտրել եք հաղորդավարի, ուսուցչի, ղեկավարի մասնագիտությունը և այն ոլորտները, որտեղ միայն համոզիչ խոսքը կարող է բերել հաջողության:

«Ցիցերոնն ասել է, եթե ուզում ես ինձ համոզել, պետք է մտածես իմ մտքերը, զգաս իմ զգացմունքներն ու խոսես իմ խոսքերը: Այստեղից ամեն ինչ հասկանալի է: Մարդիկ սիրում և հավատում են նրանց, ովքեր նման են իրենց: Եթե անգամ մարդը վստահ չէ իր վրա, ամեն ինչ վերջացած չէ: Կարելի է շտկել: Ինքնավստահությունը հեղուկ բան է, որը կարելի է զարգացնել պարապելու և տարբեր վարժությունների միջոցով», մեզ հետ զրույցում ասել է Մեծ Բրիտանիայի Խոսքի Կենտրոնական դպրոցի և դրամատիկականի ձայնի, խոսքի ուսուցիչ Քերըլայն Գոյդրը:

Նրա համոզմամբ, խոսելու ժամանակ նյարդային վիճակն ուղիղ կապված է մարդու պատրաստվածության հետ: Օրինակ՝ ճառ ասելուց կամ որևէ միջոցառմանը ներկայանալուց առաջ պետք է առնվազն մեկ ժամ պատրաստվել, փորձ անել, բարձր կարդալ և ձայնագրել: Այդպես ավելի վստահ կլինեք: Մեկ այլ տարբերակ էլ երգելն է, որը կօգնի շնչառության կարգավորմանն ու ձայնի որակի բարձրացմանը: Հեռախոսով կամ դեմ առ դեմ զրույցի ժամանակ համոզիչ խոսելու լավագույն տարբերակը դարձյալ խոսքի կատարելագործումն է: Հեռախոսով խոսելիս ավելի լավ է կանգնել, որպեսզի ձայնն ավելի հզոր և հետաքրքիր հնչի:

«Խոսելու ընթացքում կարող եք պատկերացնել ձեր զրուցակցին, որպեսզի զրույցն ավելի բնական ստացվի: Եթե նյարդային եք, կարող եք պատկերացնել, որ ձեզ հետ զրուցող մարդը հարազատ կամ մտերիմ անձնավորություն է: Այդկերպ նյարդերը կհանգստանան և երկու զրուցակցի կենսաէներգիաները կնույնացվեն և կհավասարակշռվեն: Վատ տրամադրության դեպքում կարող եք փոխել դիրքն ու կանգնել կամ մաքուր օդ շնչել: Փորձեք ձևացնել, որ լավ տրամադրություն ունեք: Թուլացրեք ծնոտը, ուսերն ու ժպտացեք: Մինչ զրուցելը կամ որևէ միջոցառմանը մասնակցելը պատկերացրեք ձեզ, թե ինչպես եք խոսում, ինչպես են ձեզ նայում զրուցակիցները և ինչպիսի ավարտ է ունենում: Այդկերպ կազատվեք ավելորդ վախերից», – հավելել է խոսքի մասնագետը:

Ըստ տիկին Գոյդրի՝ պարելն ու երգելը շատ օգտակար կլինեն: Անգամ կօգնի ինքներս մեզ խոստանանք, որ տանը հաճելի հանգիստ կամ ժամանց է սպասվում: Երաժշտությունը հիանալի դեղամիջոց է տրամադրության համար: Այն նույնիսկ օգնում է ճիշտ սնվելուն: Հիշեք նաև, որ շատ շաքարավազը, քաղցր սնունդը, սուրճը, ճարպոտ և ծանր ուտելիքները հանգեցնում են օրգանիզմի արագ հոգնածության:

Մեր հարցին՝ ինչպե՞ս կարելի է խոսելիս ձեռքի շարժումներից խուսափել, մասնագետը պատասխանեց, որ ուղղակի հարկավոր է տեղյակ լինել դրանցից, նայել հայելու մեջ, նկարահանել/ձայնագրել, այնուհետև հանգստանալ, թուլացնել ուսերը, թևերն ու պարանոցը: Որքան ուսերը հանգիստ լինեն, այնքան վստահ և հանգիստ կլինեն մեր խոսքն ու շարժումները, իսկ ասելիքն ավելի ընկալելի:

«Ամենակարևորը մարմնի և մտքի համաձայնեցումն ու կառավարումն է: Կարող են օգնել յոգան, սպորտը կամ ֆիզիկական այլ վարժություններ, սակայն ամենակարևորը մասնագիտությանը տիրապետելն ու անընդհատ աշխատելն է: Անհանգստությունը, լարվածությունն ու հուսահատությունը միայն կվատթարացնեն վիճակը», – ավելացրել է Քերըլայնը:

Ք. Գոյդրից հետաքրքրվեցինք նաև՝ արդյոք ճի՞շտ է, որ տղամարդկանց մեծամասնությունը կանանցից ակնկալում է սեքսուալ խոսելաոճ, պատասխանը հնչեց այսպես. «Մշակութային հսկայական տարբերություններ կան: Որոշ երկրներում գուցե այդպես է, բայց մի բան հստակ է. վստահ և արհեստավարժ խոսքը համոզիչ ու գրավիչ է ամեն դեպքում, որն անպայման կարժանանա հարգանքի ոչ միայն տղամարդկանց, այլ նաև կանանց կողմից»: Ի դեպ, բիզնեսի մարդիկ նույնպես պետք է աշխատեն իրենց վրա, նաև դիմեն համապատասխան մասնագետի օգնությանը, իրենք իրենց ձայնագրեն և անընդհատ կատարելագործվեն: Իսկ հավելյալ վստահության և հմայքի համար հաղորդավարը կամ ուղղակի զրուցակիցը կարող է պատկերացնել, որ մի գաղտնիք գիտի, որի մասին մյուսները չգիտեն: Այն յուրահատուկ հմայք և փայլ է հաղորդում աչքերին: Դե իսկ ժպիտը մեր անբաժանելի բարեկամը պետք է լինի:

«Շատերը կարծում են, որ երբեք չեն կարող գեղեցիկ խոսել, սակայն իրականում յուրաքանչյուր մարդ էլ կարող է: Պարզապես հարկավոր է սովորել՝ ինչպես մտածել, խոսել, կանգնել բեմին, երբ դադար վերցնել, շնչել, երբ շարունակել զրույցը և այլն: Օրինակ՝ Բարաք Օբամային Հարվարդի համալսարանում ասում էին, որ նա շատ վատ հռետոր է: Բայց արիուտես, որ կատարելագործվելուց հետո այսօր համարվում է լավագույն հռետորներից մեկը», – բացատրել է մասնագետը:

Մեր վերջին հարցին, թե ինչու է իր գիրքը (Gravitas – Communicate with Confidence, Influence and Authority) և առցանց մեթոդն անվանել «Գրավիտաս», նա պատասխանեց, որ բառը լատինական արմատներ ունի և նշանակում է «լրջություն»,  «արժանապատվություն», «ազդեցություն» և «հեղինակություն»: Հին Հռոմում այն քաղաքացուց պահանջված արժանիքներից  էր: Հնագույն որակ՝ ժամանակակից կարևորությամբ,  որը յուրաքանչյուր մարդ կարող է զարգացնել իր մեջ:

Ելենա ՉՈԲԱՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (3)

Պատասխանել

  1. Karlen says:

    Ժողովուրդ,նյութի հեղինակի ազգանունը ներշնչման և ազդեցություն գործելու համար է այդպես գրված?

    • Հռիփսիմե ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ says:

      Հարգելի Կառլեն,
      եթե ազգանվան մեջ անուշադրական սխալը նկատի ունեք, արդեն ուղղված է: Շնորհակալություն:

  2. Հարգելի Կառլեն: Եթե դուք ներշնչվում եք ազգանուններից կամ ազգանվան, օրինակ՝ տեխնիկական սխալներից (եթե իհարկե լինում են), ուրեմն շնորհավորում եմ՝ դուք թեթև ապրող մարդ եք: Հարգանքով՝ Ելենա Չոբանյան:

    Հ.Գ.՝ Հատուկ շնորհակալություն Հռիփսիմեին՝ նյութերս ստուգելու և իր պարտականությունները պարտաճանաչ ու պատշաճ կատարելու համար:

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31